Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպումն իրականում հորինված է. ո՞րն է իրականությունը

06.06.2023

Աշխարհահռչակ երկու արվեստագետների՝ հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր Սալվադոր Դալիի հանդիպման մասին տարածված պատմությունը զուտ լեգենդ է:

Մեծանուն մարդկանց կյանքի և գործունեության հետ սովորաբար կապված են լինում ինչ-ինչ հորինված պատմություններ: Դրանցից մեկն էլ կապված է մաեստրո Խաչատրյանի անվան հետ: Ռուս գրող, հրապարակախոս Միխայիլ Վելլերի հեղինակած Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպման պատմությունը տարիներ շարունակ շրջանառվում է: Սակայն փաստերն ապացուցում են, որ նման հանդիպում իրականում տեղի չի ունեցել:

Ըստ շրջանառվող պատմության՝ Խաչատրյանն Իսպանիայում ցանկություն է հայտնում հանդիպելու Դալիի հետ: Նկարիչը սիրով ընդունում է այդ առաջարկը և կոմպոզիտորին հրավիրում իր տուն: Խաչատրյանը ստիպված է լինում նախասրահում մի քանի ժամ սպասել Դալիին: Հանկարծ շատ բարձր հնչում է Խաչատրյանի «Սուսերով պարը» և երկարակոթ խոզանակը հեծած բոլորովին մերկ, գլխավերևում սուսեր ճոճելով, ներս է մտնում Դալին: Երբ երաժշտությունն ավարտվում է, Դալին անհետանում է այն դռներիհետևում, որից մտել էր, իսկ սպասավորը Խաչատրյանին ասում է, որ ընդունելություննավարտված է: Նրան հանձնում են հոլանդական տպագրությամբ Դալիի շքեղ ալբոմը, որպես անմոռանալի հանդիպման նվեր, որից հետո կոմպոզիտորին նստեցնում են մեքենա և հասցնում հյուրանոց:
 

 
Իրականում այն բազմաթիվ երկրների ցանկում, որտեղ եղել է Խաչատրյանը, Իսպանիան բացակայում է: Այնինչ, ըստ այդ պատմության՝ նրանց հանդիպումը տեղի է ունեցել հենց այդ երկրում:

Հանդիպման փաստը հերքել է նաև կոմպոզիտորի որդին:

Բացի այդ նմանատիպ հանդիպումների մասին մշտապես տեղեկություններ են տրվում, սակայն այս հանդիպման վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա ոչ մամուլում, ոչ էլ նրա անձնական նամակներում:


 
Մի քանի տարի առաջ պատմության ճշմարտացիությունը պարզելու համար Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին դիմել էին նաև Իսպանիայի Սալվադոր Դալիի թանգարանից: