«Համո Սահյանն ասաց». մեծ բանաստեղծի հանճարեղ ասույթները

-Անընդհատ զարմանում եմ ցորենի հրաշքի վրա,- ասաց Համո Սահյանը:- Էդ մասին բանաստեղծություն էլ եմ գրել: Պատկերացրու, ցորենի մի հատիկը քանիսն է դառնում: Հլա դարերի միջով այդ մի հատիկը տար, բազմացումը տես՝ մեկը քանիս է դառնում: Հետո այդ հատիկի մեջ հողը տես, արևի ճառագայթը, ջուրը, մարդու աշխատանքը տես: Հետո մարդուն կերակրելը տես… Այդ ինչ հրաշք է… Ցորենի հատիկը մի աշխարհ է:

10-ը թիվը

-Մարդ մի 10 տարի էլ կարողանար գրել ու 10 մնայուն բանաստեղծություն ունենար,- ասաց Համո Սահյանը:- Հերիք էր:

Ի՞նչ է քննադատությունը

-Գրականությունը, արվեստը միրգ են,- ասաց Համո Սահյանը:- Համեղ, հյութեղ: Գրողներն ու արվեստագետները այդ միրգը ստեղծողներն են: Իսկ քննադատը դանակով կտրում է միրգն ու բացատրում՝ սա կեղևն է, սա՝ հյութն ու մարմինը, միս ու արյունը, սա կորիզը, սա… Էդ չի՞ քննադատությունը: Բա ինձ պե՞տք է քչփորել միրգը:

Սերնդի արժանիքներից մեկը

-Հիմա մեր սերնդի գրողներին չեն հավանում,- ասաց Համո Սահյանը:- Բայց եթե ուրիշ ոչ մի արժանիք էլ չունենա մեր սերունդը, գոնե հայոց լեզուն հո մաքրե՞ց 20-40-ական թվականների արևելյան (հատկապես) ու արևմտյան օտարաբանություններից, դարձրե՞ց զտված, գեղեցիկ, գրական լեզու, Տերյանի լեզու:

Այսպիսի մի պատասխան

-Վերջին տարիներին բոլորը միաբերան բողոքում են, թե հայի տեսակը փոխվում է. մարդիկ ընչաքաղց են դարձել, լալկան, խաբեբա, կեղծավոր, անգութ, հոգևոր արժեքները չեն գնահատում:

-Մարդուն մի դրեք անմարդկային պայմանների մեջ ու հետո պահանջեք, որ մարդկային մնա,- ասաց Համո Սահյանը:- Վերացրեք պատերազմը, շրջափակումը, սովը, ցուրտը, մութը, և մարդը դարձյալ մարդկային կլինի:

Երկխոսություն

-Միշտ նախանձել եմ գրչի մարդկանց, վարպետ,- ասաց Տիգրան Մանսուրյանը,- գրողներին:

-Աշխարհի մեծագույն բանը որ գիտեմ, երաժշտությունն է,- պատասխանեց Համո Սահյանը:

Անհետացող բառեր

-Ժողովրդի կենցաղից գութանի վերանալուց հետո հայոց լեզվից երկու հարյուր բառ անհետացավ,- ասաց Համո Սահյանը:

Խնդրեցի թվարկել այդ բառերը:

-Գութան, մաճ, խոփ, լուծ, եզ, վեցկի, ակոս, մաճկալ…,- թվեց ու ավելացրեց:- Երկու հարյուր բառից էլ շատ անհետացավ:

Հավաքեց Հովհաննես Այվազյանը

Անդին 4, 2013