Ո՞վ կփրկի աշխարհը կորոնավիրուսից. Եվրոպայում ապավինում են Կորոնա անունով սրբին

Առանց կատակի. պարզվում է կաթոլիկ եկեղեցին ունի Կորոնա անունով սուրբ, որը, ոչ ավել, ոչ պակաս՝  համաճարակներից  պաշտպանության առաքելություն ունի: COVID-19-ի տարածմանը զուգահեռ՝ մինչ այս մոռացության տրված սուրբ Կորոնան Եվրոպայում կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Սուրբ Կորոնայի պատմությունը հետեւյալն է: Հռոմեական կայսր Անտոնիուս Պիուսի կառավարման ժամանակ (138-161թթ.), երբ քրիստոնյաները հետապնդվում էին, Կորոնան Վիկտոր անունով զինվորի կինն է լինում: Վիկտորը հետապնդվում է իր քրիստոնեական հավատքի համար եւ մահապատժի ենթարկվում: Նրա տասնվեցամյա կինը՝ նույնպես: Երիտասարդ կնոջ մահապատիժը հատկապես դաժան է լինում: Նա կապվում է երկու արմավենիների միմյանց միացված գագաթներին ու դրանք բաց են թողնվում… Ըստ լեգենդի՝ նա որպես սուրբ նահատակ ստանում է Կորոնա՝ պսակներով թագադրված անունը:

Վիկտորի եւ Կորոնայի մահվան վայրը ըստ փոխանցված տեղեկությունների՝ եղել է Դամասկոսը: Այլ աղբյուրներ նշում են Անտիոքը, Սիցիլիան, Ալեքսանդրիան եւ Մարսելը: Կորոնայի պաշտամունքի ծիսակատարություններ կան հունական, լատինական եւ եթովպիական եկեղեցիներում: Վիկտորի եւ Կորոնայի մասունքները պահպանվել են իտալական Անկոնա քաղաքի մոտակայքում գտնվող Կաստել Ֆիդարդոյում:

Սուրբ Կորոնայի պաշտամունքը հին ժամանակներում այնքան տարածված է եղել, որ կայսր Օտտո Երրորդը (980-1002թթ.) 997թ. նրա մասունքները տեղափոխել է տալիս Աախեն: 14-րդ դարում մասունքները ի պահ են տրվում Պրագայի տաճարին: Հատկապես Գերմանիայում եւ Ավստրիայում Կորոնայի պաշտամունքը մեծ տարածում ուներ: Սուրբ Կորոնայի տոնը նշվում էր մայիսի 14-ին կամ սեպտեմբերի 18-ին, սակայն վաղուց այն բացակայում է եկեղեցական տոնացույցից:

COVID-19-ի հաղթարշավի եւ պետությունների անօգնական վիճակի ֆոնին մնում է հուսալ, որ սուրբ Կորոնան անտարբեր չի մնա շատ երկրներում օրական +30% տարածվող վիրուսի վտանգի հանդեպ ու «գործի կանցնի» եւ գոնե մինչ իր տոնը իր անվանակցի դեմ պայքարում բեկում կարձանագրվի:

Իրինա Ղուլինյան-Գերց

Աղբյուրներ՝https://www.merkur.de/welt/coronavirus-covid-19-robert-koch-institut-rki-hopkins-statistik-zahlen-deutschland-corona-infektionen-zr-13602916.htmlhttps://www.katholisch.at/aktuelles/129144/lexikon-heilige-corona-ist-patronin-gegen-seuchenhttps://austria-forum.org/af/Wissenssammlungen/ABC_zur_Volkskunde_%C3%96sterreichs/Corona%2C_hl.