Ստամբուլին Կոստանդնուպոլիս ասողը

Նա միակ ֆրանսիացի պետական գործիչն էր, որ Ստամբուլին համառորեն Կոստանդնուպոլիս էր ասում: Նույնիսկ, երբ զրուցակիցները թուրքեր էին:


 
Մի անգամ Ծիծեռնակաբերդում թուրք լրագրողուհին փորձեց ուղղել նրան.


 
-Ուզում էիք ասել Ստամբու՞լ...


 
-Ո՛չ, ուզում էի ասել Կոստանդնուպոլի՛ս և ասացի Կոստանդնուպոլի՛ս:
 

-Այդ քաղաքի անունը Ստամբուլ է:
 

-Եվ վաղու՞ց...
 

«Հյուրիեթի» թղթակցուհին շփոթված աջուձախ նայեց՝ գործընկեր լրագրողների աջակցությունը ստանալու հույսով:
 

Պատրիկ Դևեջյանը ֆրանսիական ժպիտի տակ չկարողացավ քողարկել հայկական բարկությունը.
 

-Տիկի՛ն, երբ մերոնք ստիպված եղան փախչել այնտեղից, այդ քաղաքը Կոստանդնուպոլիս էր:
 

Դևեջյանի հայրը Պոլսի կաթոլիկ, ֆրանկոֆոն ընտանիքից էր: Ֆրանսիա է մեկնել 18 տարեկանում, ֆրանսիական կառավարության կրթաթոշակով ճարտարագիտություն ուսանելու: Ձուլագործության ինժեներ էր, ստեղծել է արագաեռ կաթսան:
 

Դևեջյանի պապը Օսմանյան կայսրությունում պետական ծառայող էր: Ցեղասպանության ժամանակ կարողացել է թաքնվել, քանի որ թուրքական բանակի գնդապետ հարևանը զգուշացրել է նրան՝ հայերին սպառնացող վտանգի մասին:
 
Հանգչի՛ր խաղաղությամբ, Պատրիկ-Գարեգին Դևեջյան:


 
ԱՐՏԱԿ ՀԵՐԻՔՅԱՆ