Ցեխը. հրաշալի ֆիլմ մեր ժողովրդի անմեղ հավատալիքների մասին

23.07.2022

Ռեժիսոր Վահան Գրիգորյանի «Ցեխը» կարճամետրաժ ֆիլմը բոլորովին վերջերս է բարձրացել մեծ էկրան: Սա ռեժիսորի առաջին ֆիլմն է: Էքսցենտրկ սյուժեով ֆիլմը միաժամանակ ունի և՛ հայ իրականության, և՛ համամարդկային էլեմենտներ:

Գործողությունները տեղի են ունենում գյուղական պարզ միջավայրում: Գյուղի աշխատանք, բակերում հավաքված մարդիկ, որոնք շարունակ քննարկում են գյուղական անվերջանալի թվացող գործերը, հայհոյում են անձրևին ու կարկուտին, ցրտին ու շոգին… Հանկարծ նրանց աշխարհը մի ակնթարթում փոխվում է. գլխավոր հերոսի տանը տեղի է ունենում բեկումնային դիպված: Այս հերոսի կինը, տան հատակին տեսնելով ամուսնու ցեխոտ ոտնահետքերը՝ վրան էլ սագի փետուրներ, ենթադրում է, որ հրեշտակ է մտել իրենց տուն:

Այս ցնցող լուրը շրջադարձային իրարանցում է ստեղծում, որից խաթարվում է գյուղացիների անդորրը: Սկսվում են դրամատիկ զարգացումներ, որոնք լի են զավեշտական տարրերով: Հավաքվում են ահել ու ջահել, հիվանդության մեջ ապաքինման հույս որոնողներ. կատարվել էր հրաշք…

Ֆիլմում անմեղ հավատալիքների, պաշտամունքային սիմվոլների մի նուրբ առանցք է ձգվում, որն էլ երբեմն գրոտեսկային բնույթ է ստանում:

Ամեն ազգ պատմության խորխորատներն անցնելիս հյուսում է իր յուրատիպ հավատալիքները, որոնք դառնում են համամարդկային կենցաղի, վարքուբարքի, մշակույթի մի մասը, և որքան էլ փոխվում են ժամանակները, այնուամենայնիվ, մարդը դեռ շարունակում է տեղի տալ հորինվածքներին:

…Գլխավոր հերոսը, իրենց տանը տեսնելով հավաքված մարդկանց, որոնք անթարթ սևեռվել են ցեխին և անկեղծորեն հավատում են, որ քիչ առաջ ճերմակ հրեշտակ է իջել, դառնում է կնոջն ու ասում, որ «սրբի ցեխը» գետնին մնալով բան դուրս չի գա: Առաջարկում է, որ համագյուղացու կաղացող ոտքին քսեն, գուցե լավանա. սրբի ցեխը բուժիչ էլ կլինի: Առաջին հայացքից թվում է, թե այս իրոնիկ առաջարկը պետք է վերջ տա տիրող խառնաշփոթին, սակայն այդ առաջարկը ֆիլմում դառնում է «պտտող բանալի»: Համագյուղացին էլ իր հերթին խոստովանում է, որ լավանալուն պես տան բակում մատուռ է կառուցելու:

Ասում են, երբ մի բանի ողջ հոգով հավատում ես, կատարվում է: Ահա հենց այդ «օրենքի» ուժով էլ լավանում է հարևանի ոտքը, և սկիզբ է առնում մեկ այլ իրականություն… Ռեժիսորը հիանալի ավարտ է ստացել՝ կադրին հաղորդելով ալեգորիկ վիճակ:

(Նկարը՝ կադր ֆիլմից)

ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

«ԱԶԳ»