13.09.2022
10:35
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Պապիկյանը ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, ասված է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում:
Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ:
10:20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 11-ին գնալու է Ազգային ժողով: Այս մասին խորհրդարանի նիստի սկզբում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:
09:27
Այսօր ժամը 9:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ, և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում», - ասված է հաղորդագրությունում:
09։04
Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքններն ու պատուհաններն են վնասվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը՝ նշելով՝ վնասի չափը դեռ պարզ չէ։
Ըստ Խաչատրյանի՝ այս պահին գնդակոծությունը շարունակվում է։
08։40
Առավոտյան ժամը 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություն չի կրել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսկներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիակն ենթակառուցվածքները։
Ըստ նախարարության՝ սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, Ադրբեջանը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
08։15
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս մասին հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Կառավարությունից ստացած տեղեկատվությունը:
Ռուսաստանին և միջազգային կառույցներին դիմելու որոշում է կայացվել Անվտանգության խորհրդի գիշերը կայացած նիստում, որտեղ քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:
06:22
Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն, ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:
Պետքարտուղարը, որ նաև հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ, շեշտել է, որ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին հաղորդումներով։
Նա նշել է, որ ինչպես ավելի վաղ պարզորոշ ասվել է, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ:
06:02
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել, հայտնում են կառավարությունից:
Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
05:46
Ժամը 05:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մնում է նույնը, հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը: Նրա փոխանցմամբ` սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր:
Կորուստների վերաբերյալ տվյալները դեռ ճշտված չեն, ասաց գերատեսչության մամուլի խոսնակը:
05:43
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին և իր ռուսաստանցի գործընկերոջը` Սերգեյ Լավրովին ներկայացրել է «Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը», հայտնում է ԱԳՆ-ն: Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ուղղված ադրբեջանական ագրեսիայի ետ մղմանը։
Սերգեյ Լավրովի հետ զրույցից այլ մանրամասներ չեն հաղորդվում:
05:15
Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:
Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, նշում են Առողջապահության նախարարությունից` հավելելով, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել։
05:09
ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին և ներկայացրել ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում ստեղծված իրադրությունը, հայտնում է նախարարությունը:
Նշվել է, որ ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կիրառում է հրետանային տարբեր միջոցներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ԱԹՍ-ներ, թիրախավորվում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները, և որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
«Ընդգծվել է, որ լայնածավալ սադրանքի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - փոխանցում են պաշտպանական գերատեսչությունից։
04:37
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:
Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խո
04:33
Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվում են, փոխանցում է պաշտպանական կառույցը:
04:32
Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ադրբեջանական կողմի գործողությունների առթիվ: Ըստ իրավապահ կառույցի հաղորդագրության` իրականացվում է նախաքննություն։
Քրեական վարույթը նախաձեռնվել է երկու հատկանիշնեչով` առաջին` քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ կրոնական, կրթության, արվեստի, գիտության կամ բարեգործության նպատակների համար նախատեսված շենքերի, պատմական հուշարձանների, բժշկական հաստատությունների, հիվանդների կամ վիրավորների կենտրոնացման վայրերի կամ չպաշտպանվող տարածքների կամ ապառազմականացված գոտիների կամ չպաշտպանվող կամ ռազմական օբյեկտ չհանդիսացող այլ բնակավայրերի կամ շենքերի կամ շինությունների վրա հարձակումը, և երկրորդ` պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը:
Քննչական կոմիտեն նշում է, որ այսօր կեսգիշերն անց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
04:18 Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։ «Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:
04:17 Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անհանգստություն է հայտնում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի և Սոթքի ինտենսիվ հրետակոծության վերաբերյալ հաղորդումների առնչությամբ: Թվիթերյան գրառման մեջ հեղինակավոր կազմակերպությունը «անմիջապես կրակը դադարեցնելու կոչ է անում և երկու կողմերին հորդորում է խաղաղ լուծում գտնել»:
03։33 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով։ Խոր մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակով՝ Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհնաժեշտությունը:
03:31 Սյունիքի Քարաշեն գյուղի ուղղությամբ արձակված արկերից մեկն ընկել է գյուղի կենտրոնում գտնվող հանդիսությունների սրահի վրա: Նախնական տեղեկություններով` տուժածներ չկան: Այս պահին կրակոցները շարունակվում են, սակայն դրանց ավելի հեռվից են լսվում: 03։19 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գիշերը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի Զինված ուժերի հետ ժամեր առաջ սկիզբ առած բախումներում սեփական կորուստների, նաև՝ ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին: Պաշտոնական Բաքուն, այդուհանդերձ, տվյալներ չի հրապարակում:
03։15 «Հայաստան» դաշնքը դիմում է միջազգային հանրությանը՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Դաշինքը ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ակնկալում է «հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում», ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է անում՝ «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար»: «Ակնկալում ենք նաև մեր բարեկամ երկրների, հատկապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը՝ ադրբեջանական հանցավոր վարքագծին գնահատական տալու և Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար», - ասված է դաշինքի հայտարարությունում։
03:15 Ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, նրանց տվյալները ճշտվում են, հաղորդում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: Ըստ Թորոսյանի` հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊՆ խոսնակը հերքեց ադրբեջանական կողմի պնդումները, թե հրետակոծությունն սկսել են ՀՀ զինված ուժերը: «Ավելին` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում», - շեշտեց նա` հիշեցնելով վերջին օրերին տարածվող հաղորդագրությունները: Արամ Թորոսյանն ընդգծեց, որ վերջին լայնածավալ սադրանքը նախաձեռնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: 03:03 Հայկական կողմը ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են, հայտարարեց ՀՀ ՊՆ խոսնակը:
02:56 Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ իրենց ստացած տեղեկություններով՝ թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ «Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդիվ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով նախապատրաստվում էր հարևան պետության կողմից։ Ապօրինի այս գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն», -նշված է տարածած հաղորդագրությունում։ ՄԻՊ-ն այս տեղեկությունները կուղարկի «միջազգային վերաբերելի գործընկերներին ու ցանցերին»։
02:52 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Փաշինյանը «մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով»: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ, ասված է հաղորդագրությունում:
02:47 «Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ` իմ հրամանով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար», - Ֆեյսբուքում գրել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
02։45 Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման և առավել մասշտաբային գործողությունների սպառնալիքի ներքո՝ իր պայմաններով,«խաղաղության» պայմանագրի ստորագրման հասնել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 2:41 Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում արկեր են ընկել, «Ազատության» հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը: Ըստ նրա` այս պահին տեղում ինտենսիվ կրակոցներ են, երեխաներից ոմանց տարհանել են, մյուսներին դեռ չի հաջողվել: Ըստ նրա` Գեղամասարի այլ շրջաններում ևս նմանատիպ իրավիճակ է: Սյունիքի Իշխանասար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանն էլ հաղորդեց, որ կրակոցները շարունակվում են, զոհերի, տուժաների մասին տեղեկություն չկա: «Անցած տարի որ 4 ժամ կրակոցներ եղան, նույն կրակոցներն են եղել: Գյուղի ժողովուրդը ճիշտ է` դուրս է եկել գյուղամեջ, բայց առայժմ դուրս չեն գալիս», - ասաց նա` հավելելով, որ դաշտերում հրդեհներ են բռնկվել: «Արդեն քաղած չոր խոտեր են, վառվում են, հրետանի է աշխատում», - նշեց նա:
02:21 Բաքուն հերքում է սեփական ինքնաթիռի խոցման մասին տեղեկությունները: Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե լուրերը, իբր Ադրբեջանի բանակը այսօր ռազմական ինքնաթիռ է կորցրել, իրականությանը չեն համապատասխանում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Ռազմական գերատեսչությունը պնդում է, թե այդ մասին տեղեկություն էր տարածվել հայկական ալիքներով: Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, առայժմ պաշտոնապես չի հաղորդել ո՛չ սեփական, ո՛չ հակառակորդի կորուստների մասին:
02:06 Պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով՝ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է: «Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը», - ասված է հաղորդագրությունում։
01։48 Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով՝ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ 01:36 ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:
01:30 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը մթության մեջ, օգտագործելով լեռնային տեղանքն ու կիրճերը, տարբեր ուղղություններով ականապատել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերի և մատակարարման ճանապարհների միջև ընկած տարածքները։ «Այս գործողությունները կանխելու նպատակով մեր ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում տեղի է ունեցել ռազմական բախում»,-հայտարարում է Ադրբեջանի ՊՆ-ն և հավելում, որ հայկական կողմից կան կորուստներ անձնակազմի շրջանում, վնասվել են ռազմական ենթակառուցվածքներ։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ «նման քայլերով Հայաստանը նպատակ ունի դանդաղեցնել ազատագրված սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի կողմից իրականացվող խոշոր քաղաքացիական ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և լարվածության մթնոլորտ պահպանել Ադրբեջանի սահմանների մոտ»։
01:01 Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության, Ադրբեջանը կիրառում է նաև անօդաչու թռչող սարքեր: Այլ մանրամասներ ռազմական գերատեսչությունը դեռ չի հայտնում:
12:59 Հայ֊ադրբեջանական սահմանի մի շարք համայնքների, այդ թվում`Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզի բնակիչներն էին «Ազատությանը» ահազանգել կրակոցների ու ռմբակոծության մասին:
Վերին Շորժայի գյուղապետը «Ազատությանն» ասել է, որ ադրբեջանական բանակը «ինտենսիվ կրակ է բացել»,Վարդենիսից ևս հաղորդել են հրադադարի խախտման ու համայնքում լսվող պայթյունների մասին, կրակոցներ են լսվում նաև Ջերմուկում: «Ադրբեջանական զինուժը հարձակում է սկսել Կապանի ուղղությամբ, այդ թվում օգտագործելով անօդաչու թռչող սարքեր»,֊Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Գորիսում ևս հաղորդում են անօդաչուների մասին, բնակիչներից շատերը պատսպարվել են նկուղներում: