top of page

Ադրբեջանը ձերբակալել է Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին

03.10.2023

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով կառավարությանը մոտ կանգնած իրենց աղբյուրներին, հայտնում են, որ ձերբակալվել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Ազգային ժողովի նախագահ, դաշնակցական Դավիթ Իշխանյանը:


Տեղեկությունը հաստատել է նաեւ «Առավոտ» թերթը՝ վկայակոչելով իր հայաստանյան աղբյուրները եւ նշելով, որ ձերբակալվածներին տանում են Բաքու: Բաքուն դեռեւս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը:


Օրեր առաջ Հայաստան մեկնելու ճանապարհին ադրբեջանական ուժերն առեւանգել եւ գերեվարել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։ Նրանք բոլորը գտնվում են Բավքում եւ մեկ տասնյակն անցնող տարբեր շինծու մեղադրանքներով 4 ամսով կալանավորվել են։


Ադրբեջանական գերության մեջ է նաեւ Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, որին մոտ 20 հոդվածներով կեղծ մեղադրանքներ են ներկայացվել։ Նա, հիշեցնեմ, հայտարարել էր, որ ինքնակամ պատրաստվում է գնալ Շուշի՝ ներկայանալու ադրբեջանական իրավապահներին, քանի որ սպառնացել են, որ Բաքու չգնալու դեպքում արցախցիների համար խնդիրներ կառաջանան։


Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը հայտարարել է, որ Արայիկ Հարությունյանի եւ Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, մեջբերում եմ, «Գյանջայի խաղաղ բնակչության դեմ հրթիռակոծությունների եւ 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակիչների սպանությունների» առնչությամբ։ Արայիկ Հարությունյանի գտնվելու վայրի մասին եւս որեւէ տեղեկություն դեռեւս հայտնի չէ:


«Ազատությանը» Արցախի պատգամավորներից մեկն ասել է, որ այսօր ադրբեջանական անցակետով Հայաստան են եկել Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, պետնախարար Արթուր Հարությունյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page