top of page

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը, նույնը հաստատում են նաև Փաշինյանի կառավարությունից՝ ակնարկելով, որ կանխարգելել են հնարավոր պատերազմը

19 апр. 2024 г.
4 мин. чтения

19.04.2024



Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի 4 «օկուպացված գյուղերը», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 8-րդ նիստի արդյունքները։


«Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական չորս գյուղերը, որոնք օկուպացված են եղել 1990-ականների սկզբից», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։


Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման, հայտարարել է վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ պատասխանելով աահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների այսօր ունեցած հանդիպումից հետո տարածած հաղորդագրության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին:


Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:


Հրապարակած քարտեզից պարզ է դառնում՝ Ադրբեջանը կմոտենա միջպետական ճանապարհին, նրա մի մասը Կիրանցի հատվածում կանցնի Բաքվի վերահսկողության տակ: Քարտեզն արտացոլում է ԽՍՀՄ ժամանակների սահմանն ու սպասվող փոփոխությունը: Ներկայումս առկա իրավիճակը դիտեք մեր ինտերակտիվ քարտեզում:


«Արմենպրես»-ի հարցին, թե ո՞ր թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում այս գործընթացը, վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:


«Կարևոր նրբությունն այն է, որ համաձայն Հանձնաժողովների տարածած հայտարարության, վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները: Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Կարևոր է նաև արձանագրել՝ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:


Այս սկզբունքը պետք է արձանագրվի նաև Սահմանազատման գործընթացի Կանոնակարգի մեջ, որն առաջիկա ամիսներին կհամաձայնեցվի կողմերի միջև և կանցնի անհրաժեշտ ներպետական համաձայնեցումների՝ ներառյալ խորհրդարանում հաստատման գործընթաց», - նշված է պատասխանում:


Հարցին էլ՝ այն, որ հայտարարությունում նշվում է նաև, որ եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրում կարձանագրվի Ալմա-Աթայի հռչակագրից տարբերվող այլ հիմնարար սկզբունք, սահմանազատման Կանոնակարգը կհամապատասխանեցվի այդ սկզբունքին, արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարման հիմք չի ստեղծում, կառավարությունից արձագանքել են՝ «ոչ»:


«Հանձնաժողովները պարզապես արձանագրել են, որ իրենք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող ֆորմատ չեն: Այդ պայմանագիրը բանակցվում է այլ ֆորմատով եւ ունենալու է ավելի բարձր կարգավիճակ, նրա ուժի մեջ մտնելուց հետո, եթե պարզվի, որ Կանոնակարգը հակասություն ունի ավելի բարձր իրավական նշանակության փաստաթղթի հետ, այն պետք է համապատասխանեցվի դրան, որովհետեւ կրկնենք՝ Խաղաղության պայմանագրի կարգավիճակը շատ ավելի բարձր է: Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար, եւ այն որպես բազային սկզբունք արդեն իսկ համաձայնեցված է բարձրագույն մակարդակում»:


Անդրադառնալով անկլավ/էքսկլավների վերաբերյալ հարցին՝ վարչապետի աշխատակազմը նշել է՝ հանձնաժողովները պայմանավորվել են, որ «Կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնելու են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մնացած հատվածների սահմանազատման հերթականությունը (այսինքն՝ հաջորդիվ սահմանի ո՞ր հատվածներն են վերարտադրվելու) և այս համատեքստում անդրադարձ են կատարելու նաեւ անկլավ/էքսկլավների հարցին: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել այս խնդրից, որովհետև Արծվաշենը մեր երկրի ինքնիշխան տարածքի մի մասն է»:


«Մենք պատրաստվում ենք սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավ/անկլավի գոյությունը, և նման հիմնավորումներ ՀՀ կառավարությունն ունի, որից հետո արդեն կիրականացվի սահմանազատման բուն գործընթացն Արծվաշենի շուրջ: Իսկ թե այս արձանագրումից հետո ի՞նչ քաղաքական լուծում կստանա խնդիրը, այլ հարց է: Սահմանազատման գործընթացում նախ պետք է դե յուրե հիմնավորվի էքսկլավ/անկլավների գոյությունը», - նշված է պատասխանում:


Դիտարկմանը՝ «փաստորեն սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են սահմանապահ զորքերին, ի՞նչ ժամկետներում է դա տեղի ունենալու», վարչապետի աշխատակազմի արձագանքել են՝ «դա տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում՝ առանց արհեստական ձգձգումների»:


Իսկ արդյոք գործընթացի արդյունքում հայաստանյան որևէ գյուղ զրկվո՞ւմ է ճանապարհից, կառավարությունից հայտարարել են՝ ոչ. - «Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ և կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջեւան ճանապարհը: Նկատի ունենք, Կիրանցն ունի նաև այլընտրանքային ճանապարհ, և գործնականում էական խնդիրներ չկան»:


Վարչապետի աշխատակազմից նաև հավելել են, որ՝ «այս փուլում նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում»:


Թե ինչպե՞ս է ապահովվելու այդ գյուղերի անվտանգությունը, ըստ հրապարակման, կառավարությունից պատասխանել են. - «Նախ արձանագրենք, որ Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղերին և նրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ: Այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման: Սա առանցքային գործոն է, եւ չմոռանանք նաև, որ սահմանի պահպանությունն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահները: Բայցի այդ, անվտանգության ապահովման բազմաթիվ մանրամասներ կան, որոնք նույնպես առաջիկա շրջանում քննարկման և դետալացման կարժանանան»:


Վարչապետի աշխատակազմից ընդգծել են, որ Հայաստանն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում:


«Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ, ինչպես արդեն նշվեց վերը, առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպես նշանակալի իրադարձություն:


Հայաստանի Հանրապետությունը նաև ստանում է գործուն հարթակ և հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները»:


 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page