top of page

Ալիևի մուննաթը, Պուտինի լռությունն ու գլխներիս գալիքը

07.05.2023

Լրատվական ամենօրյա, ուղղորդված եւ ապակենտրոն աղմուկը շատերին չի թողնում հասկանալ, որ Հայաստանի եւ Արցախի համար ճակատագրական պահ է:


Վաշինգտոնում ամերիկյան կողմի մասնակցությամբ եւ քավորությամբ տեղի ունեցող Միրզոյան-Բայրամով քառօրյա (ճակատագրի ինչ հեգնանք) բանակցություններ, դրանց զուգահեռ՝ ռուսական կողմի սպասում արդյունքին, որ վերբերմունք ցույց տա. իրավիճակը մեծ ամպրոպից առաջ տիրող հարաբերական լռություն կարելի էր անվանել, որովհետեւ պետք չէ անգամ բանակցային ողջ գործընթացի մասնագետ լինել հասկանալու համար, թե Հայաստանն ու Ադրբեջանը այս բանակցություններով մտել են ոչ միայն ինչ-որ նախապատրաստված, միգուցե՝ պարտադրվող սցենարով շրջան, այլեւ մեր տարածաշրջանում Արեւմուտք -Ռուսաստան դիմակայության վճռական փուլն է սկսվել, եւ տարածաշրջանային հարեւան զույգ պետություններով խաղում են ավելի մեծ խաղացողներ՝ մեզ գործածելով որպես առճակատման սովորական գործիքներ:

Թե բանակցային ի՛նչ առաջընթացի մասին է խոսում Սպիտակ տան՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ պարզ չէր անգամ երեկ՝ օրվա վերջին, երբ սպասվում էր բանակցությունների եզրափակիչ ակորդը: Ո՞ւմ համար է առաջընթացը, բանակցությունը կազմակերպողի՞ նախ գուցե, քանի որ իր համար ցանկալին կարող է ստանալ, որպես տարածաշրջանային շահեր իրացնող կողմ, մի քայլով էլ մոտենալով Ռուսաստանի դուրս մղմանը տարածաշրջանից… Է, մե՞զ ինչ, եթե մեր հաշվին է դա ուզում անել:

Բանակցությունների օրերին առկա էին Ալիեւի մուննաթներն այս ու այն առիթով, անգամ Լաչին նրա այցելությունն էր այդ համատեքստում: Տեսնես հատկապես ի՞նչ է ուզում Ալիեւը, երբ խոսում է հայ-ադրբեջանական անմիջնորդ բանակցությունների՝ ավելի օգտակար լինելու մասին, Վաշինգտոնյան բանակցություններում ստանալիքից չի բավարարվում-ավելի՞ն ստանալու հույս կամ խոստում ունի: Համենայնդեպս՝ հաջորդ բանակցությունները Ռուսաստանում են լինելու, սա եւս Ալիեւից ենք լսում:

Ինչի՞ մասին են բանակցում Վաշինգտոնում, կարո՞ղ է պատահել, որ կարճ ժամանակում ինչ-որ համաձայնություն ստորագրվի կամ նախաստորագրվի՝ միայն կարելի է ենթադրություններ անել, կցմցելով ԱԺ-կառավարություն վերջին հարցուապատասխանին վարչապետ Փաշինյանի պատասխանները, որը բաց տեքստով ասում էր, թե ստորագրել-չստորագրելը կախված է հայերիս համար ընդունելի- անընդունելի պարամետրերով համաձայնագիր լինելուց: Փաշինյանը ոչինչ չհստակեցրեց այդ բանակցությունների նյութի մասին՝ նշելով, թե իր կողմից բազմիցս բարձրաձայնված սկզբունքների շուրջ են այդ բանակցությունները: Եթե նկատի առնենք, որ նա շատ անգամ խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման անհրաժեշտության, Արցախի ժողովրդի հումանիտար իրավունքների իրացման, ցավոտ լուծումների գնալու անխուսափելիության մասին, մեր սահմանների ներսում եղած ադրբեջանական տարածքներից, ապա կարելի է ենթադրել, թե ի՛նչ է գալու գլխներիս, եթե, այնուամենայնիվ, համաձայնությունը կայանա:

Իհարկե, առաջնահերթը Արցախն ապաշրջափակելն ու այնտեղ բնականոն կյանք հաստատելն է, սակայն բոլոր դեպքերում հասկանալի չէ Հայաստանի շտապողականությունը՝ այսպես կոչված խաղաղության համաձայնություն ձեռք բերելու առումով: Որովհետեւ եթե հարցը դիտարկենք Արեւմուտք-Ռուսաստան առճակատման՝ ուկրաինական ռաունդի ավարտը դեռ չերեւալու կողմից, ապա ակնհայտ է, որ մի օր այն ավարտվելու է, Ուկրաինայում իրար հետ պատերազմող Ռուսաստանն ու Արեւմտյան հանրույթը (ՆԱՏՕ. ԱՄՆ՝ ոնց կուզեք՝ հասկացեք) համաձայնության են գալու, եւ Հայաստանն ու Ադրբեջանը ինչ համաձայնության էլ գան՝ դրանից հետո խմբագրվելու է, էլ չասած, որ բոլորը, անգամ խաղաղության օրակարգ ունեցող վարչապետն է խոստովանում, որ համաձայնության կնքման հենց հաջորդ օրը պատերազմ կարող է սկսվել: Ուրեմն նախ արժեր չարագացնել այս բանակցությունները, եւ երկրորդ՝ եթե, այնուամենայնիվ, Հայաստանը չի կարողանում մերժել արեւմտյան դերակատարներին, բազում գործիքներ կան դրանցից քաղաքակիրթ հրաժարվելու, եւ ոչ թե ստանձնելու Ռուսաստանի դեմ առճակատման դրոշակակրի դերը. Ռուսաստանն, այո, տարբեր պատճառներով կամ շարժառիթներով ոչ միայն չի կատարում իր դերը Լաչինում, այլեւ տգեղ դերակատարում է ստանձնել՝ չսանձելով Ադրբեջանի հակաօրինական գործողությունները, այդ թվում անցակետի տեղադրումը, որով Արցախի շրջափակումն ավելի կատարյալ է դարձրել: Բայց մեր շահերը, որոնց մասին սիրում են խոսել իշխանավորները, հենց պահանջում են Հայաստանը չներքաշել գիշատիչների՝ միմյանց հետ առճակատման դաշտ, կամ միգուցե՝ Հայաստանի արտաքին քաղաքակնության վեկտորի փոփոխություն այս վտանգավոր իրավիճակում չիրականացնել:

Ընդամենը հիշեցնեմ Առաջին աշխարհամարտի հետեւանքով նույնանման իրավիճակում հայտնված Հայաստանի կորուստները, որ ի վերջո տեղի ունեցան աշխարհի այն ժամանակվա վերաբաժանման պայմանավորվածությունների ձեռքբերման արդյունքում, երբ ռուսներն ու Արեւմուտքը համաձայնեցված զոհեցին փոքր Հայաստանի շահերը: Երկրորդ աշխարհամարտից հետո եւս ռուսներն ու Արեւմուտքը համաձայնությունների եկան եւ վերաբաժանեցին ազդեցության գոտիները, այնպես որ՝ այս անգամ էլ դա տեղի կունենա՝ Ուկրաինան կործանելու գնով նոր համաձայնություններ կլինեն, աշխարհի ունեցվածքի նոր բաժանում, իսկ մեզ կմնան մեր սխալ որոշումների վատթարագույն հետեւանքները, անգամ պետականության կորուստ կարող է լինել, ու դրանից մեզ չի փրկի հայրենասիրության ոչ մի հորինովի նոր մոդել:

Հիմա առավել դետալացնենք Վաշինգտոնյան բանակցությունների մասին հայտնի նյութը:

Ըստ ամենայնի՝ ոչ ոք կամ ոչինչ չգիտե այդ նյութի մանրամասները, բացի մի քանի առաջին դեմքերից, կամ արտոնություն չունի այդ մասին խոսելու: Անգամ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահից (Ս.Խանդանյան) հնարավոր չեղավ դա, որն այդպես էլ լրագրողների՝ տարբեր ելակետերից տրվող նույատիպ հարցերին ի պատասխան որոշակի ոչինչ չհստակեցրեց, իսկ մեր՝ Վաշինգտոնյան բանակցություններին ռուսական հնարավոր կոշտ հակազդեցության մասին հարցին ընդամենը հակադարձեց, թե ինչու պիտի Ռուսաստանը հակազդի, երբ ինքն էլ է կողմ տարածաշրջանում խաղաղությանը:


Սա հիշենք, պետք կլինի: Բանակցություններն, այո, սովորաբար գաղտնի են, վարչապետ Փաշինյանն էլ խոստացավ բանակցվող փաստաթղթի մասին ստորագրելուց առաջ մանրամասնել: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հասարակ մահկանացուներս վստահություն չունենք ոչ նրա, ոչ էլ որեւէ պաշտոնյայի խոսքի հանդեպ, նոյեմբերիննյան փաստաթղթի բովանդակությունն ի հայտ եկավ գիշերային ստորագրումից հետո եւ ցնցեց հայ հասարակությանը: Ի՞նչ կարելի կլինի անել, նորից ցնցվելուց բացի, երբ էլի մի գիշերում թուղթ ստորագրվի, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում՝ ինչ-որ մշուշոտ ու անշոշափելի միջազգային երաշխիքներով, Հայաստանի ներկա տարածքից Ադրբեջանի հավակնած կտորները կտրվեն նրան, իսկ սահմանազատումն էլ ցավոտ կխրվի մեր ներկա սահմաններից շատուշատ ներս: Համենայնդեպս՝ արտերկրա ԶԼՄ-ներից տեղեկություններ են ստացվում, որ ադրբեջանական կողմը նորանոր տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին: Արցախի ղեկավարներից (որոնք ըստ ամենայնի տեղյակ են՝ ինչ է բանակցվում) հասնող բարձրաձայնումներն էլ հոռետեսության առիթ են: Օրինակ՝ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի գրառումը հույսի տեղ չի թողնում, որտեղ եզովպոսյան լեզվով շատ բան է ասված. «Ադրբեջանի կազմում չի կարող լինել ո՛չ իրավունք, ո՛չ անվտանգություն: Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ հայտարարություն՝ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում: Նույնը նաև Ռուսաստանից, ԱՄՆ-ից:


Եթե տեսնում են, թող ասեն՝ տեսնում են Ադրբեջանի կազմում, չենք նեղանալու ոչ մեկի վրա, բայց մենք մեր քայլերը պետք է տեսնենք՝ ինչ ենք անում, որ իմանանք՝ ծնողներ ունե՞նք, ո՞րբ ենք, եղբայրներ, քույրեր ունե՞ք, թե՞ չունենք»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հիշեցնում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որեւէ պայմանավորվածություն չի եղել: Բա ի՞նչ հիմքով են բանակցում Վաշինգտոնում:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կասկածներ ունի, որ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բանակցություններն իրականացվում են մեկ փաթեթով, որին զոհ կգնա նախ Արցախը, քանի որ նրա ինքնորոշման հարցը չի քննարկվում, այլ՝ միայն անվտանգության եւ հումանիտար խնդիրները, ապա եւ հետագայում՝ Թուրքիայի կողմից ցեղասպանության հարցի հետապնդման դադարեցման պահանջ կլինի, Հայաստանից տարածքային զիջումներ կունենանք: Ըստ ընդդիմության՝ բանակցողը հայկական շահ չի հետապնդում՝ նույնանալով ադրբեջանաթուրքական մոտեցումների հետ, տարածաշրջանային խաղաղության երաշխավոր ռուսական կողմը չի մասնակցում այդ բանակցություններին (ԱԺ խորհրդարանական ճեպազրույցներից ընդհանրացված մոտեցումներ):

Նշենք, որ հենց բանակցությունների ընթացքում Ալիեւը կրկին տարածքային պահանջներ դրեց Հայաստանի առջեւ, խոսում էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից եւ այլն: Իսկ Թուրքիան փակեց օդային տարածքը հայկական ավիափոխադրողի համար՝ պատճառ բռնելով Երեւանում մի քանի օր առաջ տեղադրված Նեմեսիս արձանը: Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ որեւէ ձեւաչափով հայ- թուրքական կամ հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների մասին. ինչ էլ գրվի որեւէ թղթի վրա, այս պետությունները դրանք որեւէ պատրվակով խախտելու են՝ այսօր մեր երկրի ներքին գործերին են խառնվում, թե բա արձան մի տեղադրեք, վաղը կպահանջեն Արարատը հանել գերբից, մյուս օրը՝ «Սարերի հովին մեռնեմ» երգը կանվանեն թուրքական ու կպահանջեն հայերեն չերգել, եւ այսպես շարունակ: Կապ չունի՝ այս մի անգամը Թուրքիայում այժմ գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կկարգավորի՞ այդ մեկ հարցը, թե ոչ: Իսկ նրանց պահանջների հանգով հայրենասիրական նոր մոդելների փնտրտուքը ողբերգակոմիկական է: Հայրենասիրությունը ներքին հոգեվիճակ է, որ ձեւավորվում է բազմաթիվ գործոնների ազդեցությամբ, տասնամյակներով ու դարերով անգամ, ու դա ինչ-որ մոդելների մեջ մտցնելու կամ վերեւից իջեցնելու մասին խոսակցությունը հուշում է համակարգային մտածողության բացակայություն եւ ազգային բնութագրիչների չիմացություն:

Սպասենք Վաշինգտոնյան բանակցությունների արդյունքին՝ հրատապ բան լինի-կանդրադառնանք:

Հ.Գ.- Կարգավորման կետերի այս մի տարբերակն էլ ձեզ նվեր ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինից, ըստ որի, պարզվում է, որ դեռ Մեջլիսի հետ էլ գնալ-գալ ենք ունենալու. «Երկխոսության միջոցով պետք է առաջ ընթանալ չորս հիմնական ուղղություններով՝ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակում տարածաշրջանում, երկխոսություն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման նպատակով, սահմանազատում երկու երկրների միջեւ եւ կապերի հաստատում հանրային եւ խորհրդարանական գծով, առանց որոնց դժվար կլինի խոսել երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին»:


ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«ԱԶԳ»

留言


Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page