Ահա և վերջ

23.06.2020, ԵՐԵՎԱՆ

Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՍԴ կազմի վերաբերյալ Սահմանադրության փոփոխության նախագիծը: Ըստ այդմ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կմնա դատավոր եւ կդադարի լինել ՍԴ նախագահ, իսկ եւս երեք դատավոր ընդհանրապես կթողնեն ՍԴ-ն, քանի որ լրացել է նրանց պաշտոնավարման այն ժամանակահատվածը, որը դատավորի համար նախատեսում է 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը:


Դա ընդհանրապես բավական հետաքրքիր Սահմանադրություն է, խորհրդավոր, որի հեղինակներից է նաեւ Հրայր Թովմասյանը եւ որը կարծես թե գրված լինի հատուկ հեղափոխության համար: Համենայն դեպս, այդ Սահմանադրությունից ավելի շատ օգտվել է թերեւս հեղափոխությունը, մի շարք առումներով, քան այն իշխանությունը, որի հարատեւության համար իբրեւ թե գրվել էր Սահմանադրությունը:


Օրինակ, Սահմանադրության համաձայն, ԱԺ ընդդիմությունը այժմ փաստորեն չունի Իմ քայլը մեծամասնության նախաձեռնությունը Սահմանադրական դատարանում վիճարկելու հնարավորություն: Սահմանադրությունը նշում է այն դեպքերը, երբ ԱԺ մեկ հինգերորդը կարող է դիմել ՍԴ խորհրդարանի այս կամ այն նախաձեռնության համար: Սահմանադրության փոփոխությունն այդ դեպքերի մեջ չէ: Իսկ մեծամասնությունն ինքը կայացրեց ՍԴ չդիմելու որոշում, այն տրամաբանությամբ, որ ՍԴ-ն չպետք է քննի իրեն առնչվող նախաձեռնությունը:


Իմիջիայլոց, ԱԺ մեծամասնությունը կարծես թե ընդունված փոփոխությունը նախագահին էլ չի ուղարկելու ստորագրության համար, այլ հրապարակելու է ԱԺ նախագահի միջոցով: Այստեղ կարող է լինել միտք, թե չեն վստահում նախագահ Սարգսյանին: Իրականում թերեւս հակառակն է՝ նրան խնայում են, քանի որ նախագահ Սարգսյանն ըստ ամենայնի դեմ չէր գնալու Հայաստանում քաղաքական զարգացումների տրամաբանությանն ու ստորագրելու էր փոփոխությունը, ինչից հետո հայտնվելու էր նախկին համակարգի անմարդկային քննադատության թիրախում: Արմեն Սարգսյանին ազատում են այդ իսկապես ծանր վիճակից:

Սարգսյանն իհարկե միակ ազատվողը չէ: Ազատվում է նաեւ Հրայր Թովմասյանը: Նախօրեին ՍԴ-ն կայացրել է որոշում, որ հուլիսի 7-ին քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը: Հանրությունը վստահ է, որ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ ՍԴ-ն համարելու էր, որ նրա հանդեպ հետապնդումը հակասահմանադրական է: Հրայր Թովմասյանը մոտ մեկ տարի առաջ ստանալով դիմումը երկրորդ նախագահի պաշտպաններից, իր հերթին խորհրդատվական կարծիքի համար դիմեց ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով:


ՍԴ նախագահը անշուշտ հիանալի է պատկերացնում խնդրի թե բարոյահոգեբանական, թե քաղաքական հանգամանքներն ու նրբությունները, հետեւաբար դրանով որեւէ որոշման ծանրությունն ու բարդությունը:


Հրայր Թովմասյանը ՄԻԵԴ եւ Վենետիկի միջոցով շահեց մոտ մեկ տարի ժամանակ, եւ փաստորեն հարցը քննելու օր նշանակեց այն ժամանակ, երբ արդեն պարզ էր, որ Իմ քայլը մեծամասնությունը լուծում է ՍԴ կազմի հարցը, եւ դատարանն այս կազմով այլեւս չի հասցնի քննել հարցը: ՄԻԵԴ-ը, Վենետիկի հանձնաժողովն ու ի վերջո Իմ քայլը մեծամասնությունը Հրայր Թովմասյանին ազատագրեցին Ռոբերտ Քոչարյանի գործից:


Ըստ այդմ, Հրայր Թովմասյանն ու Իմ քայլը կարող են բաժանվել միմյանց շնորհակալություն հայտնելով՝ մեկը Թովմասյանին Սահմանադրության, մյուսը՝ Իմ քայլին այդ Սահմանադրությունը փոփոխելու համար:

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան