Աղջկա քայլը


Նախօրեին Երեւանի մետրոյի վագոններից մեկում տեղի ունեցած միջադեպը զբաղեցրել է հանրային ուշադրությունը: Բոլորը քննարկում են երիտասարդ աղջկա արարքը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մետրոյում բաժանում էր սահմանադրական հանրաքվեի քարոզչական թերթիկներ: Աղջիկը պատռեց իրեն տրվածը եւ նետեց վարչապետի ուղղությամբ:


Երբ միջադեպը հայտնվում է մամուլում եւ ուշադրության կենտրոնում, ոչ միայն զարմանալի չէ, այլ նույնիսկ շատ տրամաբանական՝ Հայաստանում տեղի է ունենում իսկապես արտառոց մի բան, քաղաքացին պատռում է վարչապետի մեկնած բուկլետն ու նետում նրա վրա, եւ նրա հետ այդ պահին չի կատարվում ոչինչ, նա օրինակ քաշքշելով չի մահանում մետրոյի զուգարանում:


Մյուս կողմից, հեղափոխությունից երկու տարի անց այդ իրողությունը չպետք է լինի ծածանվող դրոշակ, դրա կարիքն այլեւս երեւի թե չկա: Միեւնույն ժամանակ, տարօրինակ է, որ այդ միջադեպի եւ հակառակ իմաստով դրոշակ ծածանելու կարիք է դրսեւորում այսպես ասած ընդդիմադիր հանրույթը: Իրավիճակը ներկայացվում է իբրեւ Փաշինյանի ցանածի հետեւանք:


Եվ դա այն պարագայում, երբ ակնառու է, որ Փաշինյանը «փնտրում» է հենց այդ «հետեւանքը», եւ թերեւս հենց այն «ցանելու» ու «մետրոյում հնձելու» համար է նա իջել գետնանցում եւ ընդհանրապես գնացել հանրաքվեի: Կասկած չկա, որ քարոզչության ձեւն ընտրած Փաշինյանը հաշվի է առել նաեւ այդօրինակ միջադեպերի հավանականությունը: Եվ թերեւս միամիտ է դրանք նրա հանդեպ զենք կամ խաղաքարտ դիտարկելը, երբ նա ինքն է իր համար առնվազն միջնաժամկետ հեռանկարով փնտրում այդպիսի խաղաքարտեր: Եվ փաստորեն գտել է մեկը մետրոյում:


Վարչապետ Փաշինյանը գնացել է Հայաստանի հանրության հետ առերեսման: Այն, ինչ տեղի է ունեցել մետրոյում, դա գործնականում պետություն-քաղաքացի առերեսումն է, որն ամենեւին չի կարող ունենալ միայն երջանիկ դրսեւորում: Իսկ առերեսումն անհրաժեշտ է թե կառավարությանը, թե քաղաքացիներին, որովհետեւ գործնականում դրանց միջոցով է հնարավոր քայլ առ քայլ դուրս գալ անցնող մոտ երեք տասնամյակի հոգեբանական եւ պսեվդոպետական ծուղակից, որտեղ պետությունը վերածվել էր ցուցանակի:


Եվ հենց այդտեղ է նաեւ հնչող «քննադատական» արձագանքների հատկանշանակությունը, երբ կա պետության «ցուցանակային», ոչ կենդանի ընկալում՝ ինչպես է հնարավոր ձեռք տալ ցուցանակին, որեւէ բան նետել ցուցանակի վրա: Այդպես հնարավոր է դողալ, երբ իսկապես ցուցանակի տակ չկա կենդանի պետություն, երբ ցուցանակի տակ կենդանի է միայն կոռուպցիան:


Որովհետեւ, իսկապես, ի՞նչ է լինելու, երբ հանկարծ վնասվի միակը՝ ցուցանակը: Նիկոլ Փաշինյանը մետրո է իջել՝ բառի բուն եւ պատկերավոր իմաստով, այդ ցուցանակը հանելու համար, պետությանը կենդանություն, բովանդակություն տալու համար, կառավարության, իշխանության առումով քաղաքացիների զգացողությունն ու գիտակցությունը կաղապարազրկելու, ցուցանակազրկելու համար:


Դա ցավոտ գործընթաց է, այն չի կարող իրականացվել ցուցանակային ստերիլությամբ:


Նիկոլ Փաշինյանն ու երիտասարդ աղջիկը Երեւանի Մետրոպոլիտենի վագոններից մեկի քառակուսի մետրի վրա կամա թե ակամա իրացրել են այդ առաքելության պատասխանատվության իրենց բաժինը:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

«ԼՐԱԳՐԻ» ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան