top of page

Ամենադժվար որոշումը

27.04.2020, ԵՐԵՎԱՆ

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի առումով ինքը որոշեց գնալ իր ճանապարհով եւ չկանգնեցնել տնտեսությունն ու մարդկանց չպարտադրել մեկուսացում: Նրա խոսքով, մեկուսացումը թույլ չի տալիս լուծել խնդիրը:


Ինչպիսի՞ իրավիճակ է Բելառուսում, որը եզակի պետություն է, որտեղ կորոնավիրուսը չի փակել ոչինչ: Վիճակագրության համաձայն, Բելառուսում իրադրությունը սկզբունքորեն չի տարբերվում այն երկրների դրությունից, որոնք փակել են ամեն ինչ, հայտարարել կարանտին, կանգնեցրել տնտեսությունը: Բելառուսը թաքցնու՞մ է որեւէ բան:


Վիճակագրության առումով կարելի է կասկածել ցանկացած երկրի, որտեղ չի թեստավորվում բնակչության եթե ոչ 100, ապա գոնե 70-80 տոկոս: Չկա այդպիսի պետություն, հետեւաբար որեւէ երկրի առումով վիճակագրական պատկերը կարող է լինել խաբուսիկ, հետեւաբար խաբուսիկ կարող են լինել այդ երկրում վարակի դեմ պայքարի մեթոդաբանության արդյունավետությանն առնչվող եզրակացությունները:

Դատելով տարածված վիճակագրությունից, լիովին բաց Բելառուսում վարակը պետք է արդեն լինել ուղղակի աղետալի ծավալի: Այդպե՞ս է: Հնարավո՞ր է 21-րդ տեղեկատվական դարում թաքցնել այդօրինակ ծավալը: Ի վերջո, Բելառուսը լինելով Լուկաշենկոյի թելադրանքի ներքո, այդուհանդերձ Հյուսիսային Կորեա չէ:


Մյուս կողմից, կարանտինն ունի իհարկե իր այն տրամաբանական բացատրությունը, որ առողջապահական համակարգը զերծ է պահում խիստ ծանրաբեռնվածությունից: Այստեղ սակայն կա հետեւյալ խնդիրը. իսկ հնարավո՞ր է առանձին վերցրած մի համակարգի ծանրաբեռնվածություն թույլ չտալու համար գերծանրաբեռնել ամբողջ տնտեսությունը, ու նաեւ ամբողջ հանրությանը ծանրաբեռնել հոգեբանական, նյարդային լիցքերով: Առողջապահական համակարգն ի վերջո ամբողջ հասարակական-պետական համակարգի մի մաս է, որի արդյունավետությունը էապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով է արդյունավետ ամբողջ համակարգը:


Այստեղ այսպես ասած հակոտնյա ընթացքը հնարավոր է շատ կարճ ժամանակամիջոց, երբ առողջապահական համակարգը կարող է թեթեւություն զգալ, երբ տնտեսությունը եւ կյանքը կանգնած է: Որքա՞ն է այդ ժամանակը, դժվար է ասել, սակայն անկասկած այն խիստ սահմանափակ է եւ գալու է ժամանակ, երբ առողջապահական համակարգը կարող է իր վրա միանգամից զգալ կյանքը կանգնեցնելու ծանրությունը: Եվ իհարկե ոչ միայն առողջապահության համակարգը:


Ներկայում աշխարհում տարբեր երկրներում ավելի ու ավելի է հնչում տեսակետը, որ ունիվերսալ կարանտինը լուծում չէ, ու ոչ միայն լուծում չէ, այլ հետագայում կարող է ունենալ բարդ մետաստազներ ամենատարբեր ուղղություններով: Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել այն օրվան, երբ հնարավոր չի լինի գնալ վարակի յուրաքանչյուր աղբյուրի հետեւից, եւ դա իմաստ էլ չի ունենա: Արդյոք Երեւանն էլ սկսում է ձեռնամուխ լինել իրավիճակի կառավարման իր մեթոդին, հրաժարվելով ունիվերսալ կարանտինից եւ ձեռնամուխ լինելով առողջապահական ունիվերսալ ստանդարտի՝ «իմունային բնական արգելապատնեշի» ձեւավորմանը, ինչի մասին հիշատակում են մասնագետները:

Անկասկած է, որ իրավիճակի կառավարման հարցում կառավարությանը զուգահեռ պետք է էապես բարձրանա յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվության, անձնական դերը, իր վարքին հետեւելու տեսանկյունից:

Գուցե համեմատությունը կոռեկտ չէ, սակայն Հայաստանի ավտոճանապարհներին տարվա ընթացքում լինում են մի քանի հարյուր զոհեր, սակայն այդ ողբերգության դեմ պայքարի համար որեւէ մեկի մտքով չի անցնում ամբողջապես դադարեցնել երթեւեկությունը՝ կյանքեր փրկելու նպատակով, այլ քայլեր են ձեռնարկվում երթեւեկության անվտանգության կանոնները պահպանելու ուղղությամբ:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page