Ամենայն Հայոցը. հուշեր Թումանյանի մասին...



Թոթովենցը Թումանյանին առաջին անգամ տեսել է Էջմիածնի վանքի բակում, որտեղ հավաքվել էին մեծ թվով գաղթականներ: Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը՝ սովից կամ հիվանդություններից... Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և հեղեղում է գետինը: Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր գաղթականներ դրսում էին, և Թումանյանը ստիպված գաղթականների առաջ բացում է նոր կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր: Դա զայրացնում է Կաթողիկոսին (Գևորգ Ե): Ասում էին, որ երեկոյան Վեհափառը կանչել է Թումանյանին և հանդիմանել նրան այդ «բռնի» գործողությունների համար: Վեհափառը պատվիրել է, որ Թումանյանը այլևս այդպիսի բան չանի, սակայն Թումանյանը պատասխանել է, որ պիտի անի, եթե անհրաժեշտություն լինի: Հայոց հայրապետը կանգնել է ոտքի և հայտարարել. «Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ»: Գրողը նրան պատասխանել է. «Իսկ Դուք խոսում եք Ամենայն Հայոց Բանաստեղծի հետ»:


***


Մի օր, սեղանի շուրջը Թումանյանը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում. «Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՝ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՝ Անդրանիկի կենացը: Հովհ.Թումանյանի հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է առաջացնում: Անդրանիկը դրան պատասխանում է. «Կանցնեն տարիներ, ո՛չ ես կլինեմ, ո՛չ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը»:


***

Թումանյանի տիկինը՝ տասը երեխաների մայրը, բարեմտորեն գանգատվելիս է եղել, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս: Թումանյանը նրան պատասխանել է. «Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել»:


***

Խնկո Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին... Թումանյանը վեր կացավ: «Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում»: Խնկո Ապերը հրացանն ինձ ուղղեց ու...վախեցավ... Բոլորն սկսեցին ծիծաղել: Խնկո Ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:


***


Թումանյանը և Ահարոնյանը իրար չէին սիրում: Մի օր Թումայանը ինձ (Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս: Ահարոնյանը գրում էր. «Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»: Թումանյանը ծիծաղեց և ասաց. «Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա եթե մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ «անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս... Ֆլա՛ն-ֆստա՛ն...»:


***

Ամերիկացիներից մեկը, չգիտեմ թե ինչու, հարց տվեց Թումանյանին. «Ի՞նչ տարբերություն եք գտնում հայերի և ամերիկացնիների մեջ»: «Ամերիկացիները ծնվում են, ապրում են և մեռնում, իսկ հայերը ծնվում են, ապրում և սպանվում»,- պատասխանում է գրողը:


***


Թումանյանը հաճախ էր ասում՝ գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը: Մի օր ասաց. «Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա»:


***


Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում, և Թումանյանը կլանված լսում էր.

-Թուրս քաշեցի...,- ասաց Անդրանիկը և կանգ առավ: Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը: Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ՝ խփի՛ր, խփի՛ր...

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան