top of page

Ամեն ազգ արժանի է իր իշխանությանը

27.06.2021

Ասել, որ ընտրության արդյունքը անսպասելի էր բոլորի համարՙ նշանակում է ոչինչ չասել, կամ ասել այն, ինչ բոլորն են ասում: Արդեն մի քանի օր էՙ փորձագիտական եւ քաղաքական շրջանակները փորձում են գտնել այն պատճառները, որոնք բերեցին պատերազմում պարտություն կրած ղեկավարի եւ նրա քաղաքական ուժի հաղթանակին: Ու այդ պատճառները հիմնականում կառուցում են այն հակադրության առանցքով, որ ժողովուրդը գնաց եւ ընտրեց ոչ թե հանուն, այլ ընդդեմ, վախենալով նախկինների վերադարձից, քանի որ այդ առանցքն ունեցող տեխնոլոգիան գիտակցաբար ուռճացվեց հատկապես Փաշինյանի կողմնակիցների եւ նրան մերձ ուժերի քարոզարշավի ժամանակ:


Սակայն պասն ընդունել էին նաեւ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, որոնք մնացին նույն այդ տեխնոլոգիայի ծիրում, չգիտեմՙ գիտակցված, թե՞ այլ ելք չունենալով: Դա այն նկատելի տեխնոլոգիան էր, որն անվրեպ աշխատեց: Բայց դա միակը չէր, որ բերեց ընտրության անկանխատեսելի ելքին, եւ գաղտնիք էլ չէ, որ Հայաստանն արդեն երեք տարուց ավելի դարձել է մի երկիր- լաբորատորիա, որտեղ փորձարկվում են ավանդականից շատ տարբեր տեխնոլոգիաներՙ ներսի ու դրսի ուժերի կողմից:


Որ լավ մշակված տեխնոլոգիաներ կիրառվել են ինչպես 2018-ին, այնպես էլ հիմաՙ լավ նայողը տեսնում է: Ընտրության արդյունքների կանխատեսումները, սակայն, միայն հակադրության եւ բնակչության մեջ առկա տրամադրությունները հաշվի առնելով էին արվում, թե Փաշինյանի ղեկավարած ուժն առաջատար է լինելու, բայց կհավաքի առավելագույնը մինչեւ 30 տոկոս, իսկ Քոչարյանի դաշինքին տալիս էին 20-28 տոկոս: Եւ այդ թվերը մենք եւս իրականությանը մոտ էինք համարում: Իսկ թե ինչ անտեսանելի տեխնոլոգիաներ են կիրառվել, որպեսզի 30 տոկոսը վերածվի բաղձալի 54-ի, դա առայժմ կարելի է ենթադրել միայն, ստույգ ասել հնարավոր չէ, թեեւ հազիվ թե դա երկար ժամանակ գաղտնիք մնաՙ մի տեղից ի վերջո դուրս կգա: Իներցիայով, իհարկե, քվեների հաշվարկի անճշտություններ անողներ գտնվել են (ավանդական տեխնոլոգիաներ), լույս հանգցնելն էլ էլի ինչ-որ խնդիր լուծել է, բայց դրանք էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա չէին կարող, եթե անգամ վերահաշվարկի շնորհիվ ինչ-որ կենտ տոկոսներ փոխվեն: Գործող իշխանություն լինելու հանգամանքն էլ միշտ Հայաստանում եւ ամենուր էլ դեր ունի: Իսկ ահա նոր փորձարկված տեխնոլոգիաների մասին ենթադրություններ անել մեզ ոչ ոք չի կարող արգելել. դրանց մեջ կարող են մտնել ոչ միայն կողմնակից ուժերիՙ ընտրություններին մասնակցելով ընդդիմության ձայները փոշիացնելը, այլեւ , զարմանալ պետք չէ, նրանց, եւ ինչու չէ, հրապարակի վրա մինչեւ այժմ եղած եւ ստվար կողմնակիցներ ունեցող, ընդդիմադիր համարվող ուժերի հետ պայմանավորվելը, որի արդյունքում տվյալ կուսակցությունների լիդերները իրենց կուսակիցներին հորդորած լինեն քվեարկել Փաշինյանի գլխավորած ուժի օգտինՙ որոշակի խոստումների դիմաց: Դա, իհարկե, ապացուցել առայժմ հնարավոր չէ, բայց միթե զարմանալի չէ, որ հարյուր հազարավոր կուսակցականներ ունեցող ԲՀԿ-ն չի անցել խորհրդարան, միայն մարդկանց հիասթափությամբ դա ոչ մի կերպ չի բացատրվում:: Իհարկե, այդ կարգի ուժերի աջակիցներին եւ համակիրներին այդպիսի բան չէր ասվի, նրանք շարունակել են իրենց ձայնը տալ իրենց նախընտրած ուժին, բայց բուն կուսակցականների մասին կարելի է այդպիսի կասկած ունենալ, քանի որ հայաստանյան ուզած կուսակցության կուսակցականների հետ պայմանավորվել միշտ կարելի է, հատկապես երբ այդ մասին նրանց լավ խնդրի կուսակցապետը:


Մյուս կողմիցՙ ի՞նչ կա զարմանալու, Հայաստանում միշտ կա պաշտոնյաների, գործադիրի միջին օղակների աշխատակիցների ստվար զանգվածներ, որոնք սովոր են իրենց քվեն տալ գործող իշխանությանը, այդ շերտերից եթե հանենք Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հավատարիմ մնացածներին, դա միշտ կայուն մեծ թիվ է: Գումարած Հայաստանի աղքատ շերտը, որը շարունակում է բնակչության ամենազանգվածային բաղկացուցիչը մնալ, ու որին մեր քաղաքական դասի երես առած մասը ինչ պիտակ ասես տվեցՙ էլ ժեխ, էլ զոմբի, էլ թուրք, էլ դավաճան, փոխանակ սիրաշահելու ու սիրտը մտնելու շեշտադրում որդեգրեր: Ահա այդ շերտը, որը սեփական որդիներին է միշտ զոհաբերում պատերազմում, իր մաշկի վրա առաջինն է տանում բոլոր արտակարգ ժամանակների զրկանքները, վրեժ լուծեց նրանցից, որ իրեն ժեխ էին անվանում, նրանցից, որ տասնյակ տարիներով արհամարհում էին իրենց, ունեզրկում, ու ընտրեց Փաշինյանին (նրա գլխավորած ուժն այս անգամ էլ իրենից բան չէր ներկայացնում), նույնիսկ ինքնազոհաբերման, հայրենիքին ներկայանալիք վտանգներն աչքի առաջ: Սրա մասին արժե, որ մտածեն մեր քաղաքականները եւ մյուս անգամ չնեղացնեն այն ժողովրդին, որի կրթված չլինելու, հեռուն չտեսնելու, ապագան հաշվարկել չկարողանալու, երկրին սպառնացող իրական վտանգի զգացողությունը չունենալու մեջ հենց իրենք են մեղավորՙ իրենց նախկին խտրական, կոռուպցիոն, աղքատ շերտին կրթությունից եւ իրավունքից զրկելու սովորական գործելակերպով, հիմա ո՞ւմից են նեղանում: Ժողովրդի այդ շերտը վարվեց այնպես, ինչպես մոլորյալ որդուն ընդունող հայրն է վարվում, աններելի մեղքեր գործած որդուն ներելով: Բայց այստեղ էական չհամընկնում կաՙ Աստվածաշնչում մոլորյալ որդին զղջում է իր արածների համար, իսկ մեր դեպքում այդ զղջումը չկա: Բայց հասկանալի է, որ ընտրողն ընդամենը մի վերջին անգամ շանս է տվել ՙ ուղղվելու ուղերձով: Այդ շանսը տվողները աշխատում են չտեսնել իրականությունն ու իրենք իրենց խաբել, որ Փաշինյանն, իրոք, կփոխվի,այլեւս չի կրկնի սխալները եւ երկիրը դուրս կբերի այս վիճակից:


Սակայն հանգամանքներն ու նշաններն այլ բան են վկայում: Ամեն ինչ մատնանշում է այն, որ նոր քվե ստացած իշխանությունը նախկին ձեւով շարունակելու է առաջ տանել սահմանների պաշտպանությունը գոնե Սյունիքում ու Գեղարքունիքում, հիմնականում ռոււսական խաղաղապահներին հանձնելու գործելակերպըՙ իր հետեւանքներով, թույլ է տալու Հայաստանի սահմանները ԽՍՀՄ ներքին բաժանման գծերով սահմանազատելՙ վտանգելով մեր կենսատարածքը, Արցախի հարցում որդեգրելու է անջատման սկզբունքը, որը կբերի Արցախի կարգավիճակի հարցի վատթարագույն լուծման (Արցախում սկսված ցույցերը դրա գիտակցման վկայությունն են): Հաղորդուղիները բացելու էՙ միգուցե հրաժարվելով նաեւ Ցեղասպանության հետապնդումից, գերիներին հետ վերադարձնելու համար չի էլ պատրաստվում ձեռքը խփել սեղանին, ստորագրելու է եռակողմ պայմանագրեր, այդպիսով ակամա ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունըՙ Հայաստանի ինքնիշանությունը վտանգի տակ դնելով, իսկ Արցախի կարգավիճակի չլուծված տարբերակով դա վտանգ է դառնալու Արցախի անկախ գոյությանն անգամ: Իսկ թե կունենանք կազմակերպված եւ մարտունակ բանակՙ մեր ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, սա քանի որ ռուս խաղաղապահի տեղակայման գաղափարին է հակասում, այս իշխանությունը, եթե ուզենա էլ , չի կարողանա դա անել: Ընդ որումՙ անգամ Ռոբերտ Քոչարյանը խոսում է հաղորդուղիների բացման անհրաժեշտությունից եւ նկատելի չէ, որ նա կհակադրվեր ռուսական կողմի պարտադրանքներին, որի շահերը երբեմն նույնականանում են թուրքադրբեջանական շահերի հետՙ զուտ տարածաշրջանային ներկայությունն ապահովելու առումով:


«Պատիվ ունեմը» իր մասով լուծեց այն խնդիրը, որ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանում որոշիչ քվե չունիՙ եթե մի պահ կտրվենք այս ուժի հականիկոլական շեշտադրումներից եւ ըստ էության նայենք իրերի վիճակին: Համենայնդեպսՙ Սերժ Սարգսյանին աջակից շատ գործիչներիՙ ֆեյսբուքյան կտրուկ պասսիվությունը ընտրությունից հետո ինչ-որ բան, այնուամենայնիվ, նշանակում է: Եթե նկատի առնենք, որ այս դաշինքի ցուցակի առաջին տասնյակում կան Փաշինյանի նախկին աջակիցներ, ապա կարելի է նաեւ վերհիշել «երբեք մի ասա երբեք» իմաստախոսությունը:


Ու հազիվ թե խորհրդարան անցած երկու ուժերըՙ «Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» հրաժարվեն մանդատներից, խորհրդարանական ճգնաժամ առաջացնելով եւ նոր ընտրությունների տանելով երկիրը, համենայնդեպսՙ դա ոչինչ չի տա հայ հանրությանըՙ վտանգներից բացի: Սակայն ընտրությունների անկանխատեսելի արդյունքներից հետո հիմա ոչինչ էլ բացառել պետք չէ, անգամ մանդատներից հրաժարվելու տարբերակը, չնայած երկու ուժերում էլ մանդատը երազում տեսնողների պակաս չկա: Չհրաժարվելու դեպքում իշխող ուժին առանց այդ էլ խորհրդարանում մեծ անախորժություններ են սպասումՙ նախ անվերջ եւ որակյալ քննադատության ձեւով, ապա եւ սահմանադրական օրենքները անցկացնել չկարողանալու հեռանկարով:


Այսպիսով արձանագրենք, որ մոլորյալ որդու վերադարձը կայացավ: Սակայն նկատի առեք, որ դա Նիլոլ Փաշինյանին տված վերջին շանսն է: Եթե նա շարունակելու է առաջվա նման արհամարհել պրոֆեսիոնալներին եւ առաջվա պես կառավարություն ձեւավորել իր կուսակից «պոլիփեդերից», ինչպես ժողովուրդն է ասում, իսկ Ռուբեն Ռուբինյանի անվան շրջանառումը որպես արտգործնախարար հենց այդ արիայից է, կամ երկրին ներկայացվող վտանգները չեզոքացնելու, երկրի ինքնիշխանությունն ամրապնդելու փոխարենՙ էլի զիջելու է այսուայն հարցում, ապա կառավարության կազմավորման հենց առաջին օրից հետհաշվարկ է սկսվելու, որն ամեն օր, կաթիլ-կաթիլ, դեպի զրոյացման է տանելու նրա ստացած տոկոսները շատ կարճ ժամանակում. ով նրան քվե է տվել, հենց նա էլ կըմբոստանա: Այդ ժամանակ վայ Հայաստանին ու վայ հայ ժողովրդինՙ չափից ավելի ուշ լինելու իմաստով, որի մեղքն այս անգամ այն էր, որ չէր կարողացել աճեցնել-փայփայել այն նոր ուժերին, որոնք առաջ կմղեն Հայաստանը:


Ինչ պետք է անենք մենքՙ մտածող մարդիկ, որոնց իրոք հուզում է Հայաստանի անվտանգությունը, սուվերենությունը, պաշտպանունակությունը, որոնք չեն ուզում կորցնել պետությունն ու պետականությունը, չեն ուզում վերադառնալ մուրճումանգաղին ու խորհրդային բարքերին, եւ որոնք գերխնդիր են համարում Արցախի խնդրի հայանպաստ լուծումը, Հադրութի ու Շուշիի վերադարձը, Հայաստանիՙ սովետական սահմաններին վերադարձը չթույլատրելը: Մենք պետք է ձեռքերս ծալած չնստենք, բոլոր իրոք մտածող մարդկանցով հենց այսօրվանից պետք է սկսենք ձեւավորել նախորդ բոլոր իշխանությունների ազդեցությունից ազատ այն ուժերը, այն միավորումները, որոնք այլընտրանք կլինեն մինչեւ այժմ եղած բոլոր իշխանություններին, ունակ կլինեն ժողովրդի վստահությունը ստանալու եւ հետագայում կազմակերպելու Հայաստանի ինքնապաշտպանությունն ու զարգացումը:


Այս հանգրվանն այսպիսին էր, այս ընտրությունները որոշ ժամանակով հետ գցեցին Հայաստանի ապագան, քանի որ առկա ուժերը բոլորն էլ իրենց շահերից ելանՙ եւ ֆինանսական ռեսուրսներ իզուր փոշիացան, եւ մարդկանց ուղեղը զբաղվեց ապարդյուն գործընթացով: Մենք այլ ելք չունենք, քան մեր հայացքն ուղղել իրոք զարգացած, գիտելիքի կրող եւ երկրի զգացողությունն ունեցող նոր մարդկանց, որոնք մեր շուրջն են, բայց մինչեւ այժմ եղած քաղաքական դասը խանգարել է նրանց ի հայտ գալուն: Մենք ժամանակ չունենք. հայկական գործոնը չեզոքացնելու ելած տարածաշրջանային եւ համաշխարհային ուժերին պատասխանել է պետք:


Իսկ Նիկոլին մաղթում ենք, որ նա իր շանսն օգտագործի ոչ թե նախկին գործելակերպով, այլ կտրուկ փոխվի եւ պատմության մեջ մնա ոչ թե որպես հայկական տարածքները օտարին հանձնած, երիտասարդությանը զոհ տված ղեկավար, այլ Հայաստանի պետականությունն ամրապնդած, Հայաստանից մի թիզ անգամ չզիջած, Հայաստանի շահերը դույզն ինչ չստորադասած ղեկավար, որի հնարավորությունը հասարակ մարդը նրան կրկին տվել է, իսկ այդ հնարավորությունն օգտագործել-չօգտագործելը կախված է բացառապես նրանից:Անկախ նրանից, թե մտածող շերտն այդպիսի պատրանք ունի, թե՞ չունի:


Իսկ առաջին քայլը ձեռքը սեղանին խփելն ու Բաքվում եղած բոլոր հայ գերիներին պահանջելն է, որպես այլընտրանք մատնացույց անելով բոլոր համաձայնությունների սառեցումը, երկրորդըՙ Գեղարքունիքից թշնամու զինվորներին վռնդելը կամ գերեվարելը: Համենայնդեպսՙ հասարակ հայը, որ նրան քվե է տվել կրկինՙ սրանք կուզենար տեսնել, սրանք առավել կենսական ու կարեւոր են նոր իրավիճակում, քան ինչ-որ կոռուպցիայի դեմ պայքարի իրարանցում կամ պողպատյա ինչ-որ մանդատից խոսակցություն:


Իսկ թե արտաքին դիտորդներից ով կհամարի, թե բաՙ ժողովրդավարական, ազատ կամքի դրսեւորմամբ, բարձր մակարդակի ընտրություններ են եղել, սա հայ ընտրողի համար արդեն բան չի նշանակում, խաչը մերն է, զորությունը մենք գիտենք...


Մարիետա Խաչատրյան

«Ազգ»

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page