ԱՄՆ-ն ակնարկում է, որ ցանկանում է փոխել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը

28.07.2022

«Այն, ինչ մենք քննարկում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ, որոշակի տեխնիկական աջակցություն է, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը», Ազատություն ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Իսկ հարցը վերաբերել է Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությանը, որը հայտնում էր, թե ԱՄՆ պետքարտուղարը «հաստատել» է հաղորդուղիների ապաշրջափակումը դյուրացնելու հարցում ԱՄՆ օգնության պատրաստակամությունը:


Դա գործնականում աննախադեպ ձևակերպում ու տեղեկություն էր, որը թույլ էր տալիս առնվազն ուրվագծել ԱՄՆ կոնկրետ առաջարկի առկայություն: Դեսպան Թրեյսին փաստացի հաստատում է դա, ասելով, որ քննարկում են տեխնիկական աջակցության հարցեր: Իհարկե սա պատասխան է, որը իր հերթին առաջացնում է հարց, թե հատկապես ի՞նչ տեխնիկական աջակցության մասին է խոսքը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ խոքը բեռնափոխադրումների, հաղորդակցության ռեժիմի մասին է, որ վերաբերում է Հայաստանի տարածքով Նախիջևանի և Ադրբեջանի կապին: Ադրբեջանական մոտեցումն այդ առումով հայտնի է վաղուց, ինչին ի պատասխան առկա է նաև Երևանի միարժեք դիրքավորումը, որ չի կարող քննարկվել Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջությունը կասկածի տակ դնող որևէ ռեժիմ:


Միաժամանակ, կա փաստաթղթավորված միակ տարբերակը՝ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որի 9-րդ կետը արձանագրում է, որ Հայաստանի տարածքով փոխադրումները վերահսկում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը: Ադրբեջանի և Թուրքիայի համար այդ հանգամանքը թերևս ընդունելի չէ, այլապես նրանք երևի թե վաղուց կգային համաձայնության Մոսկվայի հետ: Չնայած հանգամանքին, որ Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը կայուն գործակցում են ռեգիոնալ մի շարք հարցերում, այդուհանդերձ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը ամենևին այն չէ, ինչ ուզում են նրանք: Իսկ նրանք ուզում են Հայաստանի տարածքով այսպես ասած «անվերահսկելի» կապ, հաղորդակցություն, այդ թվում նաև ՌԴ համար անվերահսկելի:


Բնական է, որ ՌԴ-ն չի ուզում դա, մի շարք պատճառներով: Հիմա ահա պարզվում է, որ ԱՄՆ Հայաստանի և Բաքվի հետ քննարկում է «տեխնիկական աջակցության» հարց: Դա նշանակում է, որ Վաշինգտոնը ունի առաջարկ, որը դե ֆակտո նշանակում է նոյեմբերի 9-ի իններորդ կետի «փոփոխությու՞ն», այլ կերպ ասած՝ ռուսական վերահսկողությանը այլընտրանք, թե՞ առաջարկում է իրավիճակ, որը կարող է լինել ռուսական մասնակցությանը զուգահեռ: Բոլոր դեպքերում, թերևս այդ հանգամանքի առարկայականությունն է նաև, որ առաջ էր բերել Իրանի հոգևոր առաջնորդի մտահոգությունը և հայտնի հայտարարության մոտիվը հուլիսի 19-ին Թեհրանում ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումներում:


Հակոբ Բադալյան

Առաջին լրատվական