ԱՄՆ-ում մահանում են ընտանիքներով

15 ապրիլի 2020, ԵՐԵՎԱՆ

Նյու Յորքում, ուր համավարակի ամենաբարձր ամերիկյան ցուցանիշն է պահպանվում, նույնիսկ կարիք չկա առցանց տեղեկատվություն հայթայթել նոր դեպքերի և զոհերի թվաքանակի վերաբերյալ: Հերիք է ակամայից հետևել Նյու Յորքի Բրուքլին թաղամասի կարանտինային անդորրը մրրկող շտապ օգնության մեքենաների շչակների հաճախականությանը, հասկանալու համար օրվա դեպքերի ծանրության աստիճանը:


Վերջին օրերին, կարծես, այս ձայները կրճատվել են, ինչը նոր դեպքերի նվազման մասին է ենթադրել տալիս, սակայն այս թվացյալ լավատեսությունը երեկ կրկին հայտնվեց  օրվա դաժան վիճակագրության մամլիչի տակ, ի դերև դարձնելով բոլոր հույսերը: Համաձայն Նյու Յորքի  քաղաքապետ Բիլլ Դե Բլազիոյի հանրությանը մատուցվող ամենօրյա թարմացվող տեղեկատվության, դեռ վաղ է խոսել իրավիճակի մեղմացման մասին, քանզի կորը դեռ կտրուկ վեր ու վար տատանվելու հակումներ է դրսևորում: Տխուր վիճակագրությունը՝ 7, 349 -ից ավել զոհերն են Նյու Յորք քաղաքի հինգ թաղամասերում (Բրուքլին, Քուինս, Մանհեթեն, Բրոնքս և Ստեյտըն Այլենդ): Սա կրկնակի ավելին է 9/11-ի ահաբեկչության զոհերի թվից, ինչը համարվում է ամերիկյան նորագույն  պատմության ամենածանր մարդկային կորուստը:

Զոհերից յուրաքանչյուրը դեռ երկու ամիս առաջ ապրող անհատներ էին, անկրկնելի կենսագրության մարդիկ, որոնք այսօր մահասփյուռ ժահրի մանգաղած հունձքի թվաքանակ են դարձել այլևս:

Մ. Նահանգներում քիչ չեն ընտանիքներով մահվան դեպքերը: Իսկական ողբերգություն էր Նյու Ջըրսիում, մարտի 20-ին, Ֆուսկո ընտանիքի հետ պատահածը, որի 4 անդամները՝ մայրը, երկու դուստրերն ու որդին մահացան կորոնավարակից ընտանեկան խնջույքին հաջորդած օրերին: Նյու Օռլեանում ապրող ընտանիքը՝ 86 ամյա Անտուանետ Ֆրանկլինը և իր՝ 71, 61, 58 տարեկան երեք որդիները՝ մահացան մեկը մյուսի ետևից օրերի տարբերությամբ:

Նյու Յորքում ժամ ժամի երկնիշ հազարներին մոտեցող զոհերի ցուցանիշը դժվար կացության մեջ է դրել հուղարկավորման ծառայություններին: Հանգուցյալների զգալի մասը միայնակ մարդիկ են, որոնց նկատմամբ  ընտանիքի որևէ անդամի, ազգականի, ծանոթի, ընկերոջ հայտ չի ներկայացվում: Մահացածների այս խմբին, անկախ մահվան պատճառներից, քաղաքապետարանը հուղարկավորում է Հարտ Այլենդ (Hart Island) կոչվող նյույորքյան արվարձանային տարածքում, ինչը ավանդաբար եղել է  անտունների գերեզմանատեղին: ՆՅ քաղաքապետի հավաստմամբ, եթե երբևէ ի հայտ գա ննջեցյալի որևէ ընտանիքի անդամ, ով կպահանջի իր հարազատի դին, քաղաքային իշխանությունները պարտավոր են բավարարել այդ ցանկությունը:

Առանձնապես անմխիթար է իրավիճակը Նյու Յորք, Նյու Ջըրսի նահանգներում գործող ծերանոցներում: «Նյու Յորք Թայմսի» ապրիլի 11-ի հրապարակման համաձայն՝ 2 հազար կորոնավարակով ախտահարված ծերեր են մահացել միայն Նյու Յորքի ծերանոցներում: Այնտեղ բավարար չեն աշխատողների թիվը, ծերերին դժվար է վարժեցնել միմյանց միջև սոցիալական տարածք պահպանելու կանոններին: Նյու Ջըրսիի ծերանոցներից մեկում 54 -ից՝ 44-ը  վարակակիր է, այնտեղ գրանցվել է արդեն 19 մահվան դեպք:

Ըստ զգուշավոր կանխատեսումների, Դե Բլազիոն Նյու Յորք մեգապոլիսում կորոնավարակով պայմանավորված ճգնաժամի մեղմացում է սպասում միայն մայիս-հունիս ամիսներին: Ապրիլը դեռ գնահատվում է համավարակի կորի պահպանման ամիս: Նյու Յորքի հանրային դպրոցները կմնան փակ մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը: Նոր ուսումնական տարվա սկիզբը հանրային դպրոցներում, ներառյալ պետության կողմից ֆինանսավորվող մանկապարտեզներում, նախատեսվում է Սեպտեմբերին:

Քաղաքային ավտոբուսները ուղևորին սպասարկում են անվճար, ինչն առավելապես պայմանավովրած է վարորդին ուղևորներից պաշտպանող սոցիալական տարածքի մասին օրենքով: Ուղևորն օգտվում է ետևի դռնից միայն: Նյու Յորքում աշխատում են այն բաց շինարարական կառույցները, որոնք նախատեսված են կարիքավոր բնակչության համար, այսպես կոչված՝ «պրոջեկտները»: Երկրում երեք ամսով հետաձգված է մարդահամարի անցկացումը, հարկային հայտարարագրերի տրամադրումը, հիպոթեկային վարկի վճարումը (ըստ ցանկության), սառեցված են  բնակարանի անվճարունակ վարձակալին վտարելու մասին դատական վարույթում առկա գործերը: Նյու Յորքում աշխատանքի իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներից շատերը աշխատում են ծերախնամ հաստատություններում, այսպես ասած՝ տատիկ, պապիկ են խնամում: Նրանց նկատմամբ սահմանափակում չի նախատեսվում, ելնելով այդպիսի աշխատանքի առաջնային կարևորության բնույթից: Քաղաշխատողներն ու համակարգչային բնագավառի հայ մասնագետները աշխատում են տանը առցանց ռեժիմով: Հայ համայնքի այն անդամները, որոնք կորցրել են աշխատանքը, Բրուքլինի հայկական դպրոցի նախաձեռնությամբ ստանում են անվճար սննդի օգնություն:

Նյու Յորքի հայ համայնքը այս ապրիլին, առաջին անգամ՝ 35 տարիների ընթացքում, չի հիշատակի Հայոց ցեղասպանության տարելիցը Նյու Յորքի «Times Square»-ում: Տեղական իշխանությունները միանգամայն հասկանալի պատճառով արգելեցին հայերի ավանդական այս հավաքը: Այն հանրագումարային պետք է լիներ այս տարի, կապված տասնամյակների պայքարի արդյունք՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում և Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման հաղթանակի և այդ ուղղությամբ նախատեսվող հետագա քայլերի հետ:

Անշուշտ ժամանակը մարդկության հիշողությունից արագ կջնջի կորոնավարակի թողած արհավիրքը: Մարդու բնույթը հակված չէ նախկին հիվանդությունների բեռով ապրելուն, անցյալի վատ հուշերը նորոգման հակում ունեն լավատես ու ապրեցնող մտքերով: Այլ բան է, թե ինչ տեղի կունենա մարդկության հետ այս ճգնաժամի թողած տնտեսական, քաղաքական գլոբալ  վերադասավորումների արդյունքում: Սա մեծ մարտահրավեր է լինելու ետհամավարակային միջազգային իրողություննեի մեջ և Հայաստանն այսօրվանից պետք է պատրաստ լինի այդ ռիսկերի դիմագրավմանը:


Սառա Գասպարյան, Նյու Յորք

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան