top of page

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նախազգուշացրել է, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Սյունիք մոտակա շաբաթներին

14.10.2023



Ամերիկյան Politico-ի տեղեկություններով, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրենսդիրների խմբին նախազգուշացրել է, որ Ադրբեջանը կարող է ծրագրել ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին։ Քննարկումներին ծանոթ պաշտոնյաները Politico-ին ասել են, որ Բլինքենը հոկտեմբերի 3-ին կայացած զրույցի ժամանակ բարձրացրել է ներխուժման հնարավորության հարցը: Հեռախոսազրույցը վերաբերել է Լեռնային Ղարաբաղում Բաքվի սեպտեմբերյան հարձակմանը ԱՄՆ արձագանքի վերաբերյալ պաշտոնյաների հարցերին: Բլինքենը զգուշացրել է, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային հատված:

Այս հրապարակման կապակցությամբ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան Պետքարտուղարությունը հայտնել է, որ «Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տեւական խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար»։ Պետդեպի երկար-բարակ պատասխանում խոսվում է նաեւ «շոկի և տրավմայի միջով անցնող, անորոշության հետ բախվող տեղահանվածների», «խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար Բաքվի պատասխանատվության» մասին։ Եվ ամենակարեւորը՝ «Ադրբեջանը նաև պատասխանատու է, որ իր զինված ուժերը համապատասխանեն միջազգային իրավունքին, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքի, որը կարգավորում է ռազմական գործողությունների իրականացումը, խաղաղ բնակչության պաշտպանությունը և ռազմական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը»: Այսինքն՝ Հայաստանի հարավի վրա գրոհելու դեպքո՞ւմ։

Պետդեպի պատասխանը շատ նման է դրան, առհասարակ՝ Բաքվի գործողություններին ԱՄՆ նախագահ Բայդենի դոբրոյի, սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԱԽ հատուկ նիստին ԱՄՆ ներկայացուցչի եւ Ստամբուլյան դավադրության օրինակով։

ՄԱԿ ԱԽ դիրքորոշումը Բաքվի առջեւ կանաչ լույս վառեց Արցախում հայերին ծնկի բերելու եւ Երեւանի դեմ նոր ագրեսիա ծավալելու առումով։ Այս որոշումը ոչ այլ ինչ էր, քան Մյունխենյան 1938 թվականի գործարք ագրեսորի հետ, որը ճամփա հարթեց համաշխարհային պատերազմի համար։

Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի լայնածավալ հարձակման եւ բնիկ մեծամասնության արտաքսման նախօրեին Ստամբուլում ԱՄՆ-Ռուսաստան-ԵՄ դավադիր բանակցությունների վերաբերյալ բացահայտումներ արեց նույն Politico-ն։

ՄԱԿ ԱԽ սեպտեմբերի 21-ի նիստին ԱՄՆ առաջնորդությամբ հավանություն տրվեց հայոց պետականության հազարամյա օրրան Արցախի ոչնչացմանը։ Ստամբուլյան ԱՄՆ-Ռուսաստան-ԵՄ «Մինսկի» դավադրության նպատակը ՄԱԿ ԱԽ անտիպ որոշման իրագործումն էր ՄԽ համանախագահության անվան տակ եւ «մակարդակով»:

Մնում է ենթադրել, թե որտեղ է տեղի ունեցել կամ ունենալու ԱՄՆ եւ Բաքվի լիազոր անձանց հանդիպումը Հայաստանի մասնատման պարամետրերը համաձայնեցնելու համար։ Նույնը վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան «կոնսուլտացիաներին»։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page