top of page

Անկլավների հանձնումը Հայաստանի վրա հարձակման պատրվակ է դառնալու

  • 5 июн. 2023 г.
  • 2 мин. чтения

05.06.2023

«Ենթադրենք, մենք ելնում ենք այն կանխավարկածից քաղաքական մակարդակով, որ էդտեղ եղել է Քյարքի (խոսքը ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մասին է – խմբ.): Ենթադրենք, մենք ասում ենք՝ պետք է գնանք իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ էդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, եւ փաստ չի, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի եւ Քյարքին վերցնի»,- Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց եթե նույնիսկ էդպես է, ես ուզում եմ, որ էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետեւ այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի պրոբլեմ», – ավելացրել է վարչապետը:


Նախ՝ Ադրբեջանը մեզնից պահանջում է ոչ միայն «Քյարքին», այլեւ ՀՀ տարածքում գտնվող եւս 6 գյուղեր: Երկրորդ՝ այո, նրանք, ինչ էլ գրած լինի «Խաղաղության պայմանագրում», կվերցնեն այդ 7 գյուղերը, իսկ Արծվաշենը չեն տա: Երրորդ՝ եկեք պատկերացնենք վիճակը նույն Տիգրանաշենի օրինակով: Ենթադրենք, այնտեղ ապրում է 100 կամ մի քանի հարյուր ադրբեջանցի: «Բնապահպանների» օրինակով մենք գիտենք, որ նրանք կլինեն ոչ թե խաղաղ գյուղացիներ, այլ հստակ հրահանգ ստացած հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Եվ ահա նրանք ինչ-ինչ «բնապահպանական», «իրավապաշտպանական» կամ այլ պահանջներով փակում են Արարարատի մարզից Վայոց Ձորի մարզ տանող մայրուղին: Եթե մեր ոստիկաններն իրենց մատով դիպչեն, Ադրբեջանը բոլոր «լեգիտիմ» հիմքերը կունենա «իր քաղաքացիներին» պաշտպանելու: Ի՞նչ է դա, եթե ոչ նոր պատերազմի սկիզբ:


Ավելին ասեմ՝ եթե ադրբեջանցիները «վերադառնան» Հայաստանի Հանրապետության «ոչ անկլավային» գյուղեր, որտեղ իբր ապրել են 1990 թվականից առաջ, դա նույնքան պայթյունավտանգ հետեւանքներ կունենա: Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, որոնք կարծում են, որ Արցախի բնակիչների կյանքի համար պատասխանատու չեն ու սահմանափակվում են ինչ-որ «անվտանգության եւ իրավունքների» լղոզված ձեւակերպումներով, Ադրբեջանն ուժային բոլոր միջոցներով «պաշտպանելու» է իր հայրենակիցներին, անգամ եթե նրանք այդ պաշտպանության կարիքը չունեն: Դա կարող է տեղի ունենալ եթե ոչ այս պահին, այլ 5, 10 տարի հետո, բայց եթե մեր, իբր «խաղաղասեր» իշխանությունը դա թույլ տա, նման սցենարների հավանականությունը շատ մեծ է:


Չեմ կարծում, որ Փաշինյանն այդքանը չի հասկանում:


…1795 թվականին գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը գրել էր «Հավերժ խաղաղության մասին» աշխատությունը, որտեղ ձեւակերպել էր աշխարհում խաղաղություն հաստատելու սկզբունքները: Առաջին իսկ սկզբունքը ձեւակերպված է այսպես. «Խաղաղության ոչ մի պայմանագիր չի կարող այդպիսին համարվել, եթե նրա կնքման ժամանակ ոչ բացահայտ ձեւով պահպանվում է ապագա պատերազմի հիմքը»:


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտի» գլխավոր խմբագիր

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page