Եվ կարծես դա նրանց հաջողվում է...
17.07.2023
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը Փաշինյանի ու Ալիեւի հետ եռակողմ հանդիպումից հետո ամեն ինչ «տեղը դրեց»․ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հետո Եվրամիությունը նույնպես պաշտոնապես հայտարարեց Արցախը ցեղասպանելու իր հանձնառության մասին, բացառելով Արցախի բնիկ մեծամասնության՝ իր հայրենիքում հազարամյա ազգային պետական կյանքը շարունակելու իրավունքը, ոտնատակ տալով միջազգային հիմնարար սկզբունքները, որոնց վրա կառուցված է նույն Եվրամիությունը։
Շառլ Միշելի բարբաջանքները Արցախի քաղաքական կարգավորման խնդիրը հումանիտարով նենգափոխելու, «Ադրբեջանի պատրաստակամությունը Աղդամով հումանիտար օգնություն հասցնելու», Ալմաթիի հռչակագրի եւ այլնի մասին կրկնում են Նիկոլի ագենտուրային թեզերը։ Նիկոլ դրածները հասան իրենց ուզածին՝ արտաքին կոնսենսուս Արցախը եւ Հայաստանի պետականությունը ոչնչացնելու շուրջ։ ԱՄՆ, ԵՄ եւ Ռուսաստանը ստացել են միջազգային հիմնարար սկզբունքները ոտնատակ տալու «ալիբին»՝ նույն Նիկոլը՝ «Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ազերբայդժանին»։
Հայաստանն է ճանաչե՞լ Արցախի պատկանելությունը, իրավասու հատկապես ո՞ր մարմինն է դա արել, Սահմանադրությամբ նախատեսված ո՞ր արարողակարգով եւ երբ: Նախիջեւանի ու Արցախի պատկանելությանը վերաբերող բոլոր որոշումները շոշափում են ՀՀ սահմանների կոնֆիգուրացիան, ՀՀ իրավանախորդ ՀԽՍՀ միջազգային պայմանագրային կորպուսը եւ հնարավոր չեն վարչապետի բանավոր եւ նույնիսկ գրավոր հայտարարությամբ:
Հիմա երեւի արդեն պարզ է խնդիրը, նույն «ալիբիի» վրա մակաբուծող հայ քաղաքական կոչված դասի, «վերկուսակցական միավորումների» եւ մեդիա-փորձագիտության դատարկաբանությունից անդին․ կամ այդ կոնսենսուսով վերանում է հայկական պետականությունը, կամ հայ ժողովուրդն է վերացնում այդ կոնսենսուսն ու դրա «ալիբին», իրականացնելով Մերձկասպյան Արեւմուտքի անճանաչելի վերաֆորմատավորումը հայկական իրավունքների ու միջազգային դերակատարության հայտի հիմքով, որպես առաջին քայլ իրագործելով հայկական պետականաստեղծ փաստաթղթերում ամրագրված՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումը։
ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Եվրամիությունն իրենց ողորմելի «ալիբիով», ցապարների ցեղագլուխն իր հայտարարություններով լիուլի ճանաչել ու հաստատել են հայերի այդ իրավունքը։ Բնության մեջ ոչինչ միակողմանի չի լինում։