top of page

Աշխարհում չկա այնպիսի միավոր, որ կչափի սերը Ղարաբաղի հանդեպ...

  • 20 авг. 2023 г.
  • 2 мин. чтения

20.08.2023



Երկու տարի առաջ` պատերազմից հետո, ես եկել էի այստեղ պարտքս տալու: Բայց հազարապատիկ պարտք մնացի:


Արցախը ընծա էր, որ տիեզերքն ուղարկեց ինձ: Երևի անցած կյանքում մեծ սխրանք էի գործել, որ արժանացա էս բախտին:


Իմ հետևում աշխարհի ամենափափուկ, ամենաբամբասչի, ամենանախանձ, ամենաբարի ու ժպտերես մարդկանցով լցված իմ ամենաքնքուշ քաղաքն ա` Ստեփանակերտը:


* * *

Արցախի գողտրիկ անկյուններից մեկում մի պաստառ էի տեսել.


Ամեն

Րոպե

Ցավիդ

Աղբյուրից

Խմեմ


Արցախն իսկապես ցավի երկիր է: Ցավն այստեղ ամենուր է: Ամեն քարի տակ, ամեն ծառի շվաքում, ամեն տան դարպասից այն կողմ: Բայց էդ ցավից ավելի ռեալ ու ավելի անկեղծ բան դեռ չեմ հանդիպել էս աշխարհում:


Արցախում ես սովորեցի «ցավդ տանեմ» արտահայտության իրական խորհուրդը: Իրա սարսափեցնող ու մոգական հզորությունը: Սովորեցի, զգացի, հասկացա: Նույնիսկ կարողացա:


* * *

Ես ուզում եմ հավատալ, որ փորձությունները տրվում են սովորելու համար: Ինձ թվում ա, որ արցախցիներն արդեն քաղել են իրենց հասանելիք դասերի մեծ մասը: Իհարկե, դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց դե ճանապարհը կուճիր-կուճիր քայլերով են անցնում:


Վերջին երեք տարվա ընթացքում իրանք շատ են տանջվել: Վերջին կես տարին հատկապես սարսափելի էր: Բայց նույնիսկ էդ դժոխքի մեջ դրսևորել են նրբանկատություն ու հարգանք, ինչքանով որ հնարավոր էր:


Համենայնդեպս, ես շատ հպարտ եմ իրենցով: Անկախ նրանից, թե ինչ է եղել կամ ինչ է լինելու` ես հպարտ եմ իրենցով:


Ու եթե գոյություն ունի վերին ուժ, ինչի վրա ես արդեն կասկածում եմ, ես միևնույն է աղոթում եմ էն մարդկանց համար, ովքեր ապրում են Ղարաբաղում:


* * *


Երկու տարվա ընթացքում Ղարաբաղը կարողացավ անել այն, ինչ չկարողացավ Հայաստանը 30 տարվա ընթացքում: Նա դարձավ հարազատ:


Ղարաբաղի շնորհիվ ես դարձա էսօրվա մարդը: Էսօրվա տղամարդը, էսօրվա անձը` իմ էսօրվա արժեքներով ու սկզբունքներով:


Ղարաբաղում ես սիրել եմ ու սիրվել: Իսկ դա ամենամեծ պարգևն ա, որի մասին մարդ կարող է երազել:


Ու չնայած իմ փոքրիկ առաքելությունն Արցախում այս անգամ ավարտվում է, բայց ես վստահ եմ, որ ես դեռ հետ եմ գալու:


Գալու եմ իմ Արցախ, իմ Ղարաբաղ: Գալու եմ, որ իրա ցավը տանեմ: Հին ու նոր ցավը: Գալու եմ, որ իր ցավի աղբյուրից խմեմ:


Գամ ու տեսնեմ աշխարհի ամենասիրուն ու մունաթչի երեխաներին, ովքեր հացի հերթ են կանգնում ու խանութներում առևտուր անում: Աշխարհի ամենահոգատար դեդոներին, որ թոռնիկներին ձեռքերը բռնած տանում են դպրոց: Ամենանեռվայն բաբոներին, որ պարտադիր պիտի բոլորին ուղղություն ցույց տան: Ամենամաքրասեր տիկնանց, ովքեր նույնիսկ անձրևային եղանակին պատուհան են լվանում: Ամենախոհեմ տղամարդկանց, որ իրենց զրկում են ամեն ինչից հանուն իրենց երեխաների բարօրության:


Գալու եմ, որ գրկեմ հարազատներիս ու ասեմ, որ իրենք մենակ չէին ու մենակ չեն, ու չեն էլ լինելու մենակ (թաղեմ Փաշինյանին, որ էս արտահայտությունը սենց արժեզրկեց):


Նենց եմ գրկելու, որ իրենք զգան, որ հայաստանցի Սյամոկան ու իրա պես ևս երկու միլիոն կատուն կռասկա տվող հայաստանցի սարերից էն կողմ զարթնում ու ապրում են իրենց ցավով: Ու խղճի խայթով, որ շատ հարցերում անզոր են:


Գալու եմ: Ու նույնիսկ, եթե գալուցս պարզվի, որ իմ ճանաչած Արցախը դարձել է ուրվական, ես միևնույն է կողքըհաստ ղարաբաղցու պես հավատալու եմ նրա գոյությանը: Իսկ երբ հավատում ես, միջավայրը փոխվում է:


* * *


Խտում ըմ ծըզ: Պենդ-պենդ:


Սամվել Գրիգորյան,

Ստեփանակերտ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page