11.06.2023
Երբ նրան հայտնում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման արժանացնելու մասին, շշնջում է. «Ուրեմն դերասան կդառնամ…»
«Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է դառնում մարդու աչքերում… Ա՛յ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ, բայց տոտիկ-տոտիկ անելով՝ իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, եւ չհասցրեցի մանկություն ունենալ: Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու, այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա…»:
Մհեր ՄԿՐՏՉՅԱՆM
Խոսքաշեն, արհեստների ու արվեստների քաղաք Գյումրիում է ծնվել Ֆրունզիկ Մկրտչյանը: Հայրը՝ Մուշեղը, եղեռնից մազապուրծ մշեցի էր, Սանամ մայրը՝ վանեցի, երկուսն էլ՝ մանկատանն ապավինածներ: Ավանդապահ ծնողների մտքով անգամ չէր անցնում, որ իրենց աջաջնեկ որդին մեծանալով՝ դերասան է դառնալու: Եվ քանի որ փոքրիկ Ֆրունզն օժտված էր նկարելու շնորհով, հորդորում, պահանջում էր ընտրել այդ ուղին, պարտադրում էր օրը մի քանի ժամ զբաղվել նկարչությամբ, քանի որ փոքրիկը, մանավանդ ծաղրանկարներով, հասցրել էր զարմացնել իրենց: Իսկ ապագա դերասանն ինքնամփոփ էր, բակ չէր էլ իջնում՝ խաղալու հասակակիցների հետ, վախենում էր, որ նորից կծաղրեն իրեն՝ ընդգծված մեծ քթի պատճառով: Բայց հետո, երբ «ընտելանում» է այդ ամենին, կատակներ պիտի աներ՝ ասելով. «Դեռ մանկուց ինձ անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթն այդքան մեծ, այլ այն, թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր…»:
Նրա մանկության տարիներին բռնկվում է երկրորդ աշխարհամարտը: Դերասանն հետագայում վերհիշում է մի պատառիկ այդ օրերից. «10-11 տարեկան էի, թաքնվել էի նստարանի տակ: Մի զինվոր էլ ծխում էր: Սպասում էի, որ դեն նետի մնացորդը՝ վերցնեմ ծխեմ: Մեկ էլ ռադիոյով հաղորդեցին՝ պատերազմն սկսվեց: Զինվորը դեն նետեց մնացորդն ու գնաց: Ես այն վերցրի, ուրախ-ուրախ ծխում ու մտածում էի՝ է պատերազմն ի՛նչ լավ բան է…»: Իսկապես, երեխայական հրճվանք, որը պայմանավորված էր փափագելի ծխելիքով, պատերազմական արհավիրքի մանկական միամիտ անտեղյակությամբ:
Պատերազմի ավարտից անմիջապես հետո սովորում է Գյումրիի Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում: Նրան Գյումրիի տեքստիլի սիրողական խմբակից այստեղ է բերում մեկ այլ երախտավոր՝ Ժան Էլոյանը: Ավարտելով ստուդիան՝ ընդունվում է թատրոնի հիմնական խումբ, այստեղ մարմնավորում մեկ տասնյակից ավելի դերեր՝ ցուցաբերելով զարմանալի ընդունակություններ: Հայրը, որ դեմ էր որդու նախընտրած ճանապարհին, մի անգամ գալիս է նայելու նրա խաղը: Մոտենում է մինչեւ բեմեզր, դիտում մի քանի րոպե ու առանց խոսք ասելու՝ դուրս գալիս: Այդ օրը Մուշեղ հայրը տուն ուշ է հասնում, քնած գտնելով որդուն՝ տեղավորվում է նրա ոտների տակ, իսկ առավոտյան չի թաքցնում հիացմունքը. «Ապրես, տղաս, շատ լավ խաղացիր, շատ համոզիչ…»: Հայրական քաջալերանքը տեղին էր: Ավելին՝ սկսնակ դերասանին արդեն ճանաչում էր ողջ Գյումրին, շատերը փորձում էին նմանակել նրան:
1953 թ. տեղափոխվում է Երեւան, ընդունվում Սունդուկյանի անվան պետական թատրոն, որոշում է զուգահեռ ուսանել գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Առանց քննության նստեցնում են 2-րդ կուրս՝ վաստակաշատ դերասան Վաղարշ Վաղարշյանի խմբում: Մայր թատրոնում սկսում են վստահել կարեւոր դերեր: Առաջին իսկ դերակատարումներից նրա տաղանդը չի վրիպում Օթելլոյի անգերազանցելի կերպավորողի՝ մեծն Վահրամ Փափազյանի քննախույզ հայացքից: Եվ նա հայտարարում է. «Աստված մատը դրել է այս մանչի ճակատին…»: Հիրավի, մեծերը չեն սխալվում. հետագայում ժամանակն ապացուցելու էր Փափազյանի բնութագրումը: Սակայն ինքն իր տաղանդի մեծությունն առանձնապես չէր էլ գիտակցում: Երբ նրան հաղորդում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացնելու մասին, շշնջում է. «Ուրեմն դերասան կդառնամ…»:
Ֆրունզի մասնակցությամբ առաջին ֆիլմը «Հասցեատիրոջ որոնումն» էր. 1953 թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրում է նկարահանվելու «01-99» ծիծաղաշարժ կարճամետրաժում: Այնուհետեւ ակներեւ հաջողությամբ մարմնավորում է ամենատարբեր դերեր «Հայֆիլմ»-ում՝ Արսենը՝ «Նվագախմբի տղաներ»-ում, Գասպարը՝ «Եռանկյունի»-ում, Իշխանը՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում, Գրիգոր աղան՝ «Կտոր մը երկինք» սիրված կինոնկարում: «Դերը պետք է դերասանի երակներում դրմփա, արյան հետ դրմփա ու եփվի, ինչպես նոր դրած գինին, հետո պետք է հանդարտվի, զուլալվի ու նոր միայն խաղացվի».- այս համոզմունքով էր յուրաքանչյուր դեր կերպավորում հայ կինոյի Չառլի Չապլինը, ինչպես բնութագրել են նրան կինոարվեստի գիտակները: Եվ նա այդպես զուլալված-հանդարտված խաղաց իր սքանչելի դերերը «Հայրիկ», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Խաթաբալա», «Զինվորն ու փիղը», «Նահապետ» ու այլ կինոնկարներում: Սրանց հավելենք «Մոսֆիլմի» նկարահանած սքանչելի կինոնկարները՝ «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Ալի բաբան եւ 40 ավազակները», «Ունայնություն», որոնցով համամիութենական ճանաչում ու սեր վաստակեց դերասանը: Բայց եղավ եւս մեկը՝ հանրահայտ «Միմինոն», որում մարմնավորած Խաչիկյանի դերակատարման համար արժանացավ պետական ամենաբարձր պարգեւների: Այս կերպավորումը դարձավ նրա փառքի գագաթնակետը: Որտեղ էլ որ լիներ, նրան ճանաչում էին ու մեծարում: Երբ մետրո էր մտնում, ուղեւորներն սկսում էին ծափահարել, շուկայում նրան անվճար մթերք էին տալիս, իսկ երբ մի անգամ այցելում է իր բանտարկված ընկերոջը, մեկ ժամ հետո հայտնվում է ռեստորանում՝ ընկերոջ եւ բանտապետի հետ:
Երբ «Միմինոյից» հետո մեկնում է Մոսկվա՝ պետական պարգեւն ստանալու, Կրեմլ մտնելու ժամանակ փաստաթղթերն ստուգելու պահին է տեսնում, որ մոռացել է անձնագիրը: Երբ անձնագիր են պահանջում, շրջվում, ցույց է տալիս խիստ հայկական քիթը եւ կատակում. «Մի՞թե արտասահմանյան լրտեսը կհամարձակվի Կրեմլ մտնել առանց փաստաթղթի»: Եվ հարցը կարգավորվում է: Ահա այս իրողություններն էին պատճառը, որ մարդիկ հաճախ կատակում էին, թե՝ մեր Ֆրունզը կարող է ապրել առանց փողի ու փաստաթղթերի: Եվ դրա մեջ ճշմարտություն կա. անսահման էր նրա վաստակած սերն ու համբավը ողջ միությունում:
Աստծո մատը ճակատին ծնված դերասանը, որքան էլ սիրված ու մեծարելի, ձգտեց երջանկության, սակայն այն չունեցավ անձնական կյանքում: Ամուսնացավ երեք անգամ, բայց դրանք բոլորն էլ նոր ցավեր կուտակեցին տխուր աչքերով արտիստի հոգում: Դուստրը՝ Նունեն, ավտովթարից զոհվեց հեռավոր Արգենտինայում: Որդին՝ Վահագնը, ժառանգեց դերասանուհի մոր՝ Դոնարա Փիլոսյան-Մկրտչյանի հիվանդությունը: Եվ այս ողբերգություններն էին պատճառը, որ վաթսունը նոր բոլորած դերասանը թողեց մայր թատրոնը, հրաժարվեց ֆիլմերում խաղալուց, ուժերի գերլարումով ստեղծեց սեփական՝ Արտիստական թատրոնը, այստեղ խաղաց վերջին դերն իր իսկ բեմադրած «Հացթուխին կինը» ներկայացման մեջ: Եվ դա եղավ նրա կարապի երգն իր մեծ արվեստում…
Ֆրունզիկ Մկրտչյանի ապրած կյանքը հար եւ նման էր ողբերգական սցենարով կինոնկարի, որի գլխավոր ու ցավակիր հերոսն ու բնորդն էր ինքը՝ իր երկրորդ անձնագրով Մհեր Մկրտչյան անմահ արտիստը…Նա ապրեց ընդամենը 63 տարի եւ դեպի հավերժություն գնաց ճիշտ 1993 թ. Ամանորի նախաշեմին… Մինչդեռ նրա մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրություն-հրավառությունը միշտ հենց Ամանորի նախօրեին էր կատարվում: Առանց «01-99»-ի ի՞նչ Ամանոր…
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ