19 ապրիլի 2020, ԵՐԵՎԱՆ

Համացանցում Նիկոլ Փաշինյանի ուղերձի տեխնիկական փորձի կադրերի հայտնվելու կապակցությամբ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները.
1. Արմենիա ԹիՎի 2. Շանթ 3. Միր 4. Հ2 5. ԱՐ 6. Կենտրոն 7. Երկիր Մեդիա 8. 5-րդ ալիք
ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»:
Այս հայտարարությանն արձագանքել է վարչապետի մամուլի քարտուղարը, Հանրային հեռուստաընկերությունից ակնկալելով պատշաճ պարզաբանում: Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։
Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։
Վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ, տվել է ուղիղ եթերի համար անհրաժեշտ հետհաշվարկը, որից հետո մեկնարկել է ուղերձը։ Ավելին՝ կառավարության լրատվական ծառայությանը տեղեկացվել է, որ նախքան վարչապետի ուղերձի մեկնարկը, եթերում լինելու է միայն լուսանկար, այդ թվում՝ բաց կապուղում։
Տեղի ունեցածը վկայում է, որ փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես, մինչեւ վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը։
Խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է նաեւ վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական։ Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ», ասվում է հայտարարության մեջ։
Թե ինչ կպարզվի, ցույց կտա ժամանակը: Ակնհայտ է մի բան՝ վերը թվարկված հեռուստաընկերություններից մեկը, ձեռքի տակ ունենալով այդ կադրերը, տրամադրել է ինչ որ մեկին, կամ հենց ինքն էլ պատրաստել է այդ հոլովակը եւ տարածել համացանցում: Այսինքն, տվյալ հեռուստաընկերությունը կատարել է մի քայլ, որը շատ մեղմ ասած հակասության մեջ է պրոֆեսիոնալիզմի, էթիկայի, եւ ընդհանրապես ամեն ինչի հետ, անկախ պետության ղեկավարի հանդեպ վերաբերմունքից:
Ընդ որում, այս իրավիճակը կրկնակի տգեղ է մեկ այլ տեսանկյունից: Տասնամյակներ ի վեր հայկական հեռուստաընկերությունները գտնվում էին բարձրագույն իշխանության կրնկի տակ եւ կատարում էին նրա հրահանգներն ու ցանկությունները:
Հեղափոխությունից հետո նման բան չկա, եւ հեռուստաընկերություններն այլեւս չեն վերահսկվում իշխանության կողմից: Դրանք առաջին անգամ, թվում է, կարող էին վայելել զլմ-ների ու լրագրողների համար ամենաթանկ բանը՝ խոսքի, հավատամքի, արտահայտվելու ազատությունը, եւ թվում է՝ չէին հապաղի օգտվել դրանից: Սակայն նրանց մի զգալի մասի ստացած ազատությունը սահմանափակվեց ընդամենը իշխանության դեմ հանդես գալու ոլորտում:
Դա էլ քիչ չէ, եթե իհարկե հեռուստաընկերությունները գնան լիարժեք անկախության: Հակառակ դեպքում այլասերվում են այդ հասկացություններն ու արժեքները, ինչի վառ վկայությունը վարչապետի հեռուստաուղերձի կադրերի «արտահոսքն է»: