top of page

Արսեն Ավակովի կտրուկ պատնեշը

02.05.2020, ԵՐԵՎԱՆ-ԿԻԵՎ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Կիեւի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Անդրադարձ է եղել միջազգային օրակարգի հարցերին: «ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների իրականացման համընդհանուր բնույթի ապահովման, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման միջազգային ջանքերին սատարման կարևորությունը», ասվում է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:


Հայերի ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Ուկրաինայի փոխարտգործնախարարը մի շրջաբերական էր տարածել, որը հրապարակայնացրեց կառավարող խմբակցության պատգամավորներից մեկը: Շրջաբերականում ուկրաինացի փոխնախարարը հորդորել էր պատգամավորներին ու պաշտոնյաներին չօգտագործել ցեղասպանություն բառը, քանի որ դա դուր չի գա Թուրքիային, որովհետեւ Թուրքիան իրենց համար կարեւոր գործընկեր է, իսկ Հայաստանը իրենց համար կարեւոր հարցերում դիրքավորվում է ռուսական դիրքորոշման օգտին:


Ուկրաինայի փոխարտգործնախարարի շրջաբերականը կարող էր վերածվել հայ-ուկրաինական սկանդալի, ինչը թերեւս կանխվում է Զոհրաբ Մնացականյանի եւ Կուլեբայի հեռախոսազրույցով, եւ այդ առումով այն ունի կարեւոր նշանակություն: Չնայած արտաքին քաղաքական եւ անվտանգային մի շարք հարցերում տարբեր մոտեցումներին ու դիրքերին, այդուհանդերձ Երեւանի եւ Կիեւի միջեւ քաղաքական սկանդալը կարող է ձեռնտու լինել միայն ու միայն երկու պետությունների հակառակորդներին:


Քաղաքական եւ անվտանգային հարցերում որոշակի տարամիտումները թերեւս լիովին ըմբռնելի են, ուկրաինացիներն ունեն Ղրիմի, Դոնբասի խնդիր, Հայաստանն ունի Արցախի հարց, եւ այստեղ լռելյայն փոխըմբռնումը չունի այլընտրանք: Գործնականում այն, ինչ կա նաեւ Հայաստանի ու Վրաստանի միջեւ: Ըստ այդմ, թվում է թե հայերին հաճո  արտահոսքը, որ կազմակերպել էր պատգամավորը, որն ի դեպ ծնունդով Դոնեցկից է, իրականում կարող էր բերել ավելորդ խնդիրներ:


Իրավիճակը սակայն «թրի հարվածով» լուծեց մեկ այլ նախարար, ոչ թե արտաքին, այլ ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովը, որը ապրիլի 24-ին Թվիթերում գրեց, որ այդ օրը հայերի ցեղասպանության օրն է եւ ոճրագործությունը չպետք է մնա անպատժելի: Արսեն Ավակովը առաջինը եւ կոշտ պատասխանեց իր իսկ երկրի կառավարության արտաքին գերատեսչության շրջաբերականին, գործնականում առաջին արգելապատնեշը դնելով հայ-ուկրաինական որեւէ սկանդալ հարուցելու ճանապարհին:

Ըստ ամենայնի, հենց Ավակովի այդ քայլն է նաեւ շարժառիթ դարձել, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը զանգահարի Զոհրաբ Մնացականյանին:


Հատկանշական է, որ Զոհրաբ Մնացականյանի եւ Կուլեբայի հեռախոսազրույցում նշվել է հայ-ուկրաինական հարաբերության հարցում Ուկրաինայի հայկական համայնքի նշանակալի դերը:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Լրագրի մեկնաբան

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page