top of page

Արցախի ղեկավարությունն իրականում իրավիճակը շրջելու հնարավորություն ունի. ինչո՞ւ չի օգտագործում

27.07.2023



Արցախի խորհրդարանի հուլիսի 27-ի նիստին ընդունվելու է ուղերձ։ Այս անգամ հնարավորություն կա շտկելու նախորդ ամոթալի հայտարարությունները, որոնք հիշեցնում էին ռուսական զենքը գլխին պատանդի ճարահատյալ աղերս։

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ «անտանելի է դառնում Ռուսաստանի Դաշնության՝ անընդհատ պատճառաբանություններ բերելու և ստեղծված աղետալի իրավիճակին այդպես էլ առարկայական լուծում չտալու մոտեցումը»: Պետնախարարը, անդրադառնալով Լավրովի երեկվա հայտարարությանը, քննադատել է ՀՀ իշխանությանը, որը «համաձայնել է Ադրբեջանի կողմից առաջարկված քննարկման առարկայի հետ», իջեցնելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության «նշաձողը»:


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Մոսկվայում եռակողմ բանակցությունների արդյունքներն անընդունելի են Արցախի համար։ Իր վերջին հայտարարություններից մեկում Հարությունյանը ներառել էր Արցախի խնդրի քաղաքական կարգավորման պահանջը, սակայն բավական լղոզված ձեւակերպմամբ՝ ենթարկած հումանիտար պահանջներին։ Նա ասել էր, թե հաջողվել է միջազգային հանրության ավելի մեծ ուշադրություն հրավիրել Արցախի իրավիճակի վրա։


Լավ է իհարկե, որ ուշադրությունը մեծացել է, սակայն դա անպայման չի ենթադրում արդյունքներ։ Պետք է նկատի առնել, որ հումանիտար ճգնաժամը Բերձորի միջանցքի փակման հետեւանք չէ, Բերձորի միջանցքի փակումը եւ հումանիտար ճգնաժամը քաղաքական իրավունքներից հրաժարվելու, դրանք հումանիտարով նենգափոխելու հետեւանք են։ Հումանիտար իրավիճակը պահանջների հիմքում դնելը լեգիտիմացնում է քաղաքական իրավունքների մերժումը։


Խնդիրները եւ պահանջները՝ պատասխանատվության հստակ սահմանմամբ, հենց այս կտրվածքով է պետք ներկայացնել՝ միջանցքի փակումը, հումանիտար ճգնաժամը միջազգային երեք հիմնարար սկզբունքների հիման վրա Արցախի խնդրի քաղաքական կարգավորման գործընթացը տապալելու հետեւանք են։ Շատ էական է նաեւ Արցախի դեմ ահաբեկչական ագրեսիայի եւ պարտադրված եռակողմ թղթերի ճշգրիտ ու հասցեական գնահատականն ու դատապարտումը։

Ըստ այդմ, միջազգային հանրությանն ուղղված պահանջները պետք է լինեն ազգային-պետական խնդիրներին միտված քաղաքական իրավունքների, այսինքն՝ քաղաքական սուբյեկտության դիրքերից։ Դա անհրաժեշտ է Երեւանում Նիկոլ ներդնողների՝ Արցախի ոչնչացման հարցում արտաքին կոնսենսուսն ու դրա ալիբի՝ նիկոլառոբասերժական ներքին կոնսենսուսը քանդելու համար։


Հայաստանի իշխանությանն ուղղված դիմումները պետք է պարունակեն 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշման իրագործման պահանջ եւ մերժեն ՀՀ վարչապետի՝ պաշտոնյայի սահմանադրական լիազորությունները գերազանցող եւ սահմանադրությունը կասկածի տակ դնող հայտարարություններն ու այլ գործողությունները։


Այս պարագային «միջազգային հանրության ուշադրությունը» ավելի մեծ ու առարկայական կլինի։ Սա իրավիճակը շրջելու հնարավորությունն է։ Արցախի քաղաքական ուժերի որակների ու շարժառիթների վերաբերյալ իհարկե պատրանքներ չկան, սակայն դա ոչ միայն չի հանում, այլեւ բազմապատկում է պատասխանատվությունը։ Մյուս կողմից, կարծում ենք, արցախյան պետական հազարամյա ավանդույթների փառահեղ ժառանգության եւ իրավիճակը շրջելու իրական հնարավորության «բեռը» արցախյան պատասխանատուներին կմղեն սուբյեկտային քայլերի։ Դա նաեւ հիանալի դաս կլինի երեւանյան դեբիլային իշխանաընդդիմադիր քաղդասին։


Comentarios


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page