25.09.2023
«Մենք կայուն համոզմունք ունենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը եւ իր պատմությունը կապում է Ռուսաստանի եւ այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին՝ այդ տարածաշրջանի երկրների, այլ ոչ թե նրանց հետ, ովքեր գտնվւոմ են օվկիանոսից այն կողմ», ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Լավրովն այդ ասուլիսում Արցախում Ռուսաստանի ոճրագործության բոլորին արդեն քաջ հայտնի ատմազկան է բերել՝ «Նիկոլը Ղարաբաղը ճանաչել է ազերբայդժանի մաս», լեզվակռվի մեջ է մտել Ալեն Սիմոնյանի հետ, հայտարարել, թե 2020-ի եռակողմ թղթով այլ պայմանավորվածություններ են եղել եւ այլն․ միջազգային բարձրագույն ատյանում ՄԱԿ ԱԽ մշտական անդամ Ռուսաստանի նշաձողն ահա սա է։
Բայց գանք «մեր ընդհանուր պատմությանը» եւ պարոն Լավրովին հավաստիացնենք, որ հայ ժողովուրդը լավ է հիշում այն․ հայ ժողովրդի պատմական բնօրրանի կրճատում 9/10-րդով, միլիոնավոր հայերի տեղահանություն եւ 2,5 միլիոն հայերի սպանություն, Մոսկվա/Կարսի պայմանագրեր, 1923-ի որոշում, Կոլցո, 2020, 2021, 2023, եւ դատելով Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ հայտարարություններից՝ հայկական հողի վերջին կտորն առաջիկայում։ Հայ ժողովուրդը հիշում է ռուսական դարավոր ատմազկաները, «ռուսը չլինի՝ թուրքը մեզ կուտի» հայության մեջ պատվաստված՝ սեփական ոճրագործություններն արդարացնելու «հավատամքը»։
Ընդամենը 200-ամյա ընդհանուր պատմությունն իսկապես հագեցած է։ Հնարավոր է՝ պարոն Լավրովը նկատի ունի ոչ միայն այդ 200, այլեւ վաղնջական՝ Բյուզանդական կայսրության ժամանակները, երբ հայ կայսրերը փորձեցին սլավոն վայրի ցեղերից կերտել հավատքի եւ օրենքի վրա հիմնված պետություն։ Ռուսական բարդույթները հազարամյա խորք ունեն, եւ գուցե պատահական չէ, որ հայ-ռուսական հազարամյա պատերազմի վերջին փուլի համար նշանակվեց Քալանթարով-Լավրովն իր անվամբ պլանով։
Commentaires