top of page

Արցախում վրդովված են Շառլ Միշելի հայտարարություններց. «Մեր անվտանգության հարցերից շատ հեռու էր»

16.05.2023

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վաղուց ճանաչել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք այդ ամենի հետ մեկտեղ տասնամյակներ շարունակ բանակցություններ են վարել Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ ճանաչելով նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:


Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան բանակցությունների վերաբերյալ «Հետքի» հարցին այսպես է արձագանքել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։


Հիշեցնենք՝ այդ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, թե Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը։


«Պետք է հասկանանք, որ Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ցանկացած հայտարարություն Արցախի ժողովրդի կողմից ընկալվում և գնահատվում է՝ մնացած բոլոր երկրների հայտարարությունների համեմատությամբ առավել զգացմունքային և առավել սուր։ Կարծում եմ դրա պատճառները պարզաբանելու կարիք չկա»,- ասում է Ներսիսյանը։


Արցախի պետնախարարի խոսքով՝ Շառլ Միշելի հայտարարությունն Արցախում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցերից ու քննարկման ենթակա թեմաներից շատ հեռու է, և կային առավել կարևոր հարցեր, որոնք պետք է ուղղվեին Ադրբեջանի նախագահին։


«Օրինակ՝ ինչպե՞ս է Ադրբեջանը կարողանում իրեն թույլ տալ ոչ միայն չկատարել Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու պահանջը, այլև դրանից հետո էլ ավելի խորացնել հումանիտար ճգնաժամն ու Արցախի ժողովրդի շրջափակումը։ Կամ ինչպե՞ս տեղադրվեց անցակետ Լաչինի միջանցքում, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման գործողություն նախատեսված չէ։ Ինչպե՞ս է Ադրբեջանը ներկայություն հաստատել Լաչինի 5 կիլոմետր լայնություն ունեցող միջանցքում, երբ այդ 5 կիլոմետրը նրա համար էր, որ արցախցիների անվտանգությունից ելնելով՝ այդտեղ ադրբեջանական ներկայություն չլիներ։ Ինչու՞ են Արցախում քաղաքացիական անձինք կամ ոստիկանության ծառայողներ սպանվում, ինչու՞ են շփման գծին մոտ բնակավայրերի խաղաղ բնակիչները անընդհատ հնչող կրակոցների տակ զբաղվում գյուղատնտեսությամբ»։


Ըստ Գուրգեն Ներսիսյանի՝ եթե քննարկվեին այսպիսի հարցեր, ապա իրենց մոտ համոզմունք կառաջանար, որ կան միջազգային դերակատարներ, որոնք տիրապետում են իրավիճակին և փորձում են լուծումներ գտնել։

Comentários


Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page