top of page

Բացառիկ դերերի դերասանը. Վլադիմիր Մսրյանի ծննդյան օրն է այսօր


20-րդ դարի վերջին քառորդի եւ 21-րդ դարասկզբի ազգային դերասանական արվեստն անհնար է պատկերացնել առանց Վլադիմիր Մսրյանի, առանց նրա ստեղծած բեմական ու կինեմատոգրաֆիական հզոր կերպարների, որոնք իրենցով նորացումների ու նորահաստատումների ձեռքբերումներն ամրապնդեցին, գոյավորեցին միանգամայն նոր ու սեփական գեղարվեստաարտահայտչական սկզբունքներն ունեցող կուտակումներ, գեղագիտական ելակետեր, որոնք հրապարակային պայքար չհայտարարելով ավանդականին ու պահպանողականին, այնուհանդերձ, հաստատեցին մոդեռնի ու ավանգարդիստականի ներթափանցումները, ինտելեկտուալիզմը դարձրեցին դերասանական արվեստի կարեւորագույն բաղադրիչներից մեկը: 1960-ական թվականներին ձեւավորված նորացումներն իրենց վառ ու ցայտուն դրսեւորումին հասան Խորեն Աբրահամյանի շնորհիվ, նրա` դերասանական արվեստ բերած խիզախ փորձարարության շնորհիվ: Փորձարարություն, որը հենվելով ռուսական եւ եվրոպական դերասանական արվեստում ակնբախված շրջափոխություններին եւ վերարժեւորումներին, թատրոն էր բերում բոլորովին նոր արտահայտչական սկզբունքներ, համադրում-մեկտեղում ցուցադրումն ու խաղային ներշնչանքը, հուզական ելեւէջումների ռացիոնալիզմն ու բեմատիպարների «մտային պլանների» համակողմանիությունը:


Վլադիմիր Մսրյանի ստեղծագործությունը մաս կազմեց այս ամենին եւ առանձնանալով սերնդակիցների գեղարվեստական նորարարությունից` ձեւավորեց սեփական «գեղագիտական տարածքը», որի ժառանգական հոսքերը գալիս էին ռուսական արդի դերասանական դպրոցից եւ միավորվում ազգայինի առաջավոր դրսեւորումներին, որոնք արդեն նշված ժամանակամիջոցում հաստատել էին գերակա մի շարք դրույթներ: Ուրեմն, իր արվեստով ու ստեղծագործական հաստատումներով Վլադիմիր Մսրյանը եւս «վաթսունականների» ներկայացուցիչ էր, որն իր ստեղծագործության բարձրակետային հայտածումներին հասավ 1970-ականների կեսերից սկսած` անցնելով ինքնահաստատման բարդ ու դժվարին, հիասթափություներով եւ երկմտանքներով լի ճանապարհ: Դերասանի «աստեղային ժամերը» ծնունդ առան Դրամատիկական թատրոնում, Հրաչյա Ղափլանյանի եւ Արմեն Խանդիկյանի ստեղծագործական համագործակցության շնորհիվ, եւ մեկտեղվեցին-ներդաշնակվեցին այս երեք արվեստագետի գեղարվեստական որոնումներն ու էքսպերիմենտները, որոնք նոր շրջափուլ ձեւավորեցին ազգային թատրոնում, որոնց միջոցով վերանայվեցին հաստատված շատ պատկերացումներ, խաղարկման հին ու ավանդական ձեւերին, որոնք արդեն սպառել էին իրենց, փոխարինելու եկան շեշտված լակոնականությունը, խաղի մշտառկա ներկայությունը, որը տանում էր դեպի բարձր ներշնչանքն ու երեւակայության թռիչքը:


Հրաչյա Ղափլանյանն ու Արմեն Խանդիկյանը այն բեմադրիչները եղան, ովքեր հրաշալիորեն ընկալելով դերասանին, նրա յուրատիպ մտահղացումները, ընդվզման մղումը, դեպի նոր ձեւերն ունեցած հետաքրքրությունները, կարողացան բացահայտել այն ներքնակուտակ գրգիռները, որոնք դերասանի գեղարվեստական առանձնահատկություններն էին եւ որոնք առաջին հերթին ուղղորդված էին դերասանական արվեստում ինտելեկտուալիզմի հաստատման բարձր միտումներին: Հենց այս բեմադրիչների շնորհիվ էլ շեշտվեց-կարեւորվեց դերասանի ստեղծագործական թեման. Մսրյանի բոլոր հերոսները մղում էին ինքնահաստատման պայքար` առաջին հերթին սեփական ինքնահաստատումը դիտարկելով որպես միջոց` մեծ ճշմարտությունների հաստատման, գեղեցիկն ու ներդաշնակը բարեբանելու համար: Ուրեմն` ինքնահաստատում` հանրային գիտակցության փոփոխության ճանապարհով: Սա ավելին է, քան անձ-անհատի կայացումը: Դերասանի ստեղծած շատ կերպարներ մարդիկ են, որոնք սեփական փիլիսոփայությամբ` երբեմն մերժելի ու անհասկանալի, կամենում են վերափոխել աշխարհը` գրեթե մնալով աննկատ, անտես: Նրանք հզոր են իրենց ներքին ուժով, գաղափարական հարցադրումներով, սակայն թույլ են իրենց ֆիզիկական ուժով, ակտիվ պայքարի պատրաստակամությամբ: Ուրեմն, նրա հերոսներն ապրում էին ճակատագրի դրամայով` ընդվզելով-ստամբակելով...


Վլադիմիր Մսրյանը ծնվել ու մեծացել է դերասանական ընտանիքում. հայրն ու մայրը` ՀՍՍՀ վաստակավոր արտիստներ Հովհաննես եւ Արաքսյա Մսրյանները, հայ նորագույն թատրոնի համեստ մշակներից էին, նվիրյալներ, որոնք իրենց կենսագրությունը կապել էին Ալավերդու եւ Վանաձորի պետական թատրոններին, դարձել այդ քաղաքների թատերական կյանքի երեւելիներից: Ազնվակերպ այդ մարդկանց դաստիարակությունը յուրովի արտացոլվեց Վլադիմիր Մսրյանի կյանքում եւ նկարագրում, նրան կապեց գրականության ու արվեստի հետ, նրա մեջ ձեւավորեց ձգտումը դեպի բարձր չափանիշները, դեպի պահպանողականության ժխտումն ու սեփական ճանապարհի ու հավատամքի ձեւավորումը: Նրա երազանքը ռուսական բեմի դերասան լինելն էր, որովհետեւ մեծագույն հարգանք էր տածում ռուսական մշակույթի հանդեպ, վարակված էր ռուս բեմի մեծերի խաղով, նրանց համարձակ փորձարարությամբ, սակայն Մոսկվայում նրան «գերազանց» գնահատականներ նշանակելով ընդունելության քննությունների ժամանակ, այնուամենայնիվ, առաջարկեցին վերադառնալ հայրենիք, որովհետեւ ոչ միայն ռուսերենի փայլուն իմացություն էր պետք, որն ուներ ապագա դերասանը, այլեւ` խոսվածքի ու առոգանության (ՈՍՓպվՑ) համահնչունություն ռուսերենին: Այս «ձախողումը» նրա ձեռքբերումն էր, որովհետեւ Երեւանում սովորեց Արմեն Գուլակյանի արվեստանոցում, դասեր առավ մեծ մանկավարժից ու բեմադրիչից, ով ամբողջապես պաշտպանում էր Ստանիսլավսկու մեթոդաբանությունը եւ հանդիսանում էր իրապաշտական թատրոնի նվիրյալ: Արմեն Գուլակյանի նախասիրած ու երկրպագած գեղագիտության կրողներից չդարձավ Վլադիմիր Մսրյանը, սակայն գուլակյանական դասերին հավատարիմ մնաց, իր ողջ ստեղծագործական կյանքում առանձնակի հարգանքով խոսեց ուսուցչի մասին, որի շնորհիվ նա կարողացավ մերձենալ ռուսական դերասանական դպրոցի մի շարք առանձնաձեւերին, «հոգեբանական թատրոնի» գեղագիտական-գեղարվեստական յուրատիպություններին, որոնց շատ տարրեր նա հետագայում ներառեց իր ստեղծագործության մեջ, դրանց վրա կառուցեց իր նորարարական հաստատումները:


Գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո Վլադիմիր Մսրյանը մեծ փորձությունների միջով անցավ, աշխատեց Պատանի հանդիսատեսի եւ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոններում, իր տակավին թաքուստված շնորհներով «չհետաքրքրեց» բեմադրիչներին, ովքեր միանգամայն այլ տիպի դերասաններ էին փնտրում, բեմում կամենում էին վերակենդանացնել այն կարծրատիպերը, որոնք հաստատվել էին խորհրդային թատրոնում եւ կինոյում: Ոչ թե ինտելեկտուալ հերոսի, մտավորականի, այլ բանվորագյուղացիական կենսագրությամբ, ներքին մեծ պաթոսով, ցուցադրական հերոսականությամբ ակնառու դարձող անհատն էր ժամանակի հերոսը, մինչդեռ իր արտաքինով, նուրբ, երբեմն չափազանց պարփակված ու իրենց մեջ որոշակի «չեխովյան հնչերանգ» պարունակող արտահայտչամիջոցներով դերասանը երբեք չէր կարող հաղթահարել կարծրատիպային այն պատնեշները, որոնք ժամանակի թատրոնի խորհրդանիշներն էին դարձել: Սրանք էին պատճառը, որ երկու թատրոնում էլ դերասանը ստեղծագործական ձեռքբերումներ չունեցավ: Նրա կյանքում հույսի շող էր «Արշալույս» թատրոն-ստուդիան, որի հիմնադիր Ալեքսանդր Գրիգորյանը իր շուրջ համախմբելով երիտասարդ դերասան-դերասանուհիների` ստեղծեց առաջին ներկայացումը` «Հարսանիքի օրը», ուր Վլադիմիր Մսրյանը խաղաց Միխայիլ Զաբոլոտնի: Այս նորաստեղծ թատրոնում դերասանի հաջորդ դերերը դարձան Հրաչը` Զորայր Խալափյանի «Հրաշք երեխա», Վիկտորը` Լ. Զորինի «Վարշավյան մեղեդի», Չիպոտոն` Է. դը Ֆիլիպոյի «Չեմ վճարի» պիեսների բեմադրություններում: Հատկապես ստեղծագործական կարեւորագույն ձեռքբերում էր Վիկտորը` «Վարշավյան մեղեդի»-ում, որը դերասանի նախասիրած ոճի ու ժանրի արտահայտությունն էր, նուրբ հոգեբանական ընդգծումների կատարում, որն էլ յուրատեսակ նախադուռ եղավ դեպի ռուս դասական թատերգությունը, դեպի Ֆյոդոր Դոստոեւսկու եւ Անտոն Չեխովի ստեղծագործությունները, դեպի խաղային այն որակները, որոնք նորի ու առաջավորի դրսեւորումներն ունեին իրենց մեջ, որոնք իրենց ակունքներով կապակցվում էին ռուսական բեմի նորացումներին, այն առանձնահատուկ-ինքնատիպ հեղափոխականությանը, որը հաստատվում էր Օլեգ Եֆրեմովի գլխավորած «Սովրեմեննիկ» թատրոնի շնորհիվ եւ արտացոլվում-արձագանքվում դերասանի արվեստում` իբրեւ ժամանակի արտահայտություն ու ձեւ: Հատկապես Դոստոեւսկու եւ Չեխովի ստեղծած կերպարների ֆենոմենալ-պարադոքսալ ներքնահյուսվածքները, զգացմունքի եւ մտքի յուրօրինակ զուգորդումները Վլադիմիր Մսրյանի համար ոչ միայն ուղենիշային եղան, այլեւ բնութագրեցին նրա ստեղծագործությունը, այն դիտարկեցին այս զարմանալի, արտաքուստ չհակադրվող-չներդաշնակվող միասնության մեջ:


1968-ից, երբ բացվեց Դրամատիկական թատրոնը, որը խոշոր երեւույթ դարձավ մեր թատերական իրականության մեջ, Վլադիմիր Մսրյանը դարձավ այս թատրոնի դերասան` իր սերնդակիցներ Լեւոն Թուխիկյանի, Գուժ Մանուկյանի, Ռաֆայել Քոթանջյանի, Հանրի Զարյանի եւ մյուսների հետ մղվելով դեպի գեղարվեստական խիզախ փորձարարությունը: Դեռ մինչեւ 1970 թ. աշխատելով նաեւ Ստալիսլավսկու անվան ռուսական թատրոնում, Մսրյանը յուրովի հետազոտում էր նոր թատրոնի գեղարվեստական սկզբունքները, այն հայեցադրույթները, որոնք այստեղ դառնում էին հիմք ու ընթացք: Հրաչյա Ղափլանյանը սիրով ընդունեց Վլադիմիր Մսրյանին, թատրոնի ստեղծման առաջին տարիներին իր արտահայտչականությամբ շատերից տարբերվող դերասանին վստահեց Վոժեւատովի (Ա. Օստրովսկի, «Անօժիտը» ), Ռիչարդ (Վ. Շեքսպիր, «Ռիչարդ Երրորդ») եւ այլ դերեր, սակայն Դրամատիկականում Վլադիմիր Մսրյանի ստեղծած առաջին խոշոր աշխատանքը Գաստոնն էր` Ժան Անույի «Ուղեւորն առանց ծանրոցի» պիեսի բեմադրության մեջ: «Ինտելեկտուալ դրամայի» խոշորագույն ներկայացուցիչներից մեկի առաջադրած ոճական սկզբունքները, հոգեբանական ֆարսի ու հոգեբանական գրոտեսկի միաձուլման միտումները մոտ ու հարազատ էին թե բեմադրիչ Արմեն Խանդիկյանին, թե Վլադիմիր Մսրյանին, հատկապես Մսրյանին, ով հետայսու իր ստեղծագործության մեջ առաջնային դարձրեց ոճաձեւերի միաձուլման սկզբունքը, ժանրերի սահմանների ընդարձակման, դրանց «կոմբինացվածության» միտումները, որոնք էլ ձեւավորեցին նրա գեղարվեստական հետաքրքրությունները, տարբերակեցին ժանրային այն ընդգրկումները, որոնց տիրույթներում դերասանը կարողանում էր հասնել յուրօրինակ ունիվերսալիզմի, երբեմն բացառիկ թվացող համադրումների:


Առաջին դերերը, որոնք ճշմարիտ վերելքի առաջին աստիճանները եղան, արդեն իսկ գոյավորեցին այն ըմբռնումը, որ Վլադիմիր Մսրյանի արվեստն ինքնատիպ է առաջին հերթին դրամատիկականի եւ ողբերգականի համաձուլման եզակի սկզբունքներով, որոնց ենթահիմքում, իբրեւ անսպասելի գեղագիտական դրույթ, հառնում է «մեֆիստոֆելյան հեգնանքը», հոգեբանական գրոտեսկը, որի ներկայությամբ դրաման ու ողբերգությունը ձեռք են բերում բոլորովին այլ իմաստային-գունային դրսեւորում: Այս սկզբունքների, արտահայտչական պարադոքսալ հայտնությունների վառ արտահայտությունները դարձան Հերոստրատը (Գ. Գորին «...Մոռանալ Հերոստրատին») եւ շեքսպիրյան Համլետը, որոնք երկուսն էլ ծնվեցին Արմեն Խանդիկյանի հետ եւ դարձան այն հիմնաքարային կերպավորումները, որոնց միջոցով դերասանը յուրովի հայտնում էր իր անհամաձայնությունը ավանդականին, վստահորեն մղվում դեպի նորարարականը` այսպես մեր դերասանական արվեստում ձեւավորելով «մսրյանական խաղաոճ» հասկացությունը: Այս խաղաոճը համահունչ էր այն կերպարների հոգենյութին ու կառուցվածքային առանձնահատկություններին, որոնք տեղ գտան դերասանի ստեղծագործության մեջ` այնուամենայնիվ առանձնացնելով Հերոստրատը, որը ոչ միայ ն բարձրակետ էր եւ ինքնահատուկ մարտահրավեր ամենայն պահպանողականին, այլեւ մեզանում հաստատում էր «ողբերգական հեգնանքի» մսրյանական կերպը, գեղագիտական վճիռների ամբողջությունը:


Ողբերգականի ընկալման միանգամայն նոր արտահայտություն էր նաեւ դերասանի Համլետը, որը հաստատում էր բանականության ողբերգությունը, դառնում միջոց` բացահայտելու այն բարոյական արատներն ու այլափոխությունները, որոնք մարդկությանը հասցրել էին ճակատագրական անկումի նախաշեմին: Որքան էլ դերասանի շեքսպիրյան այս կատարումը չընդունվեր հատկապես հայ շեքսպիրագիտության կողմից` իր անսովոր արտահայտչական լուծումներով, կերպարի մեկնաբանության յուրատիպությամբ, այն շատ բարձր գնահատվեց ռուս թատերագիտության եւ շեքսպիրագիտության կողմից, իրենով պայմանավորեց շեքսպիրյանի ընկալման ու մատուցման մի նոր ժամանակաշրջանի ծնունդը: Ժամանակաշրջան, որը հայ թատրոնում ձեւավորեց շեքսպիրյան նոր ավանդույթներ: Շեքսպիրյանի ընկալման ու մատուցման ամենաբարձր դրսեւորումը դերասանի ստեղծագործության մեջ Հուլիոս Կեսարն էր:


Վլադիմիր Մսրյանին իրապես կարելի էր համարել բացառիկ դերերի դերասան, որովհետեւ նա մղվում էր դեպի «ճակատագրական անհատները», բեմ բերում խորապես հզոր անհատականությունների` յուրովի «երկատելով» այդ կերպարները, այդ «երկատումներում» որոնում «Աստծո եւ սատանայի» համադրությունը: Ալեքսեյը (Ֆ. Դոստոեւսկի, «Խաղամոլը»), Իվան Վոյնիցկին (Ա. Չեխով, «Քեռի Վանյան»), Էդգարը (Է. Ստրինդբերգ, «Մահվան պարը»), Ֆամուսովը (Ա. Գրիբոեդով, «Խելքից պատուհաս») եւ այլ կերպարներ հաստատում են ասվածը: Նրա դերացանկում էին նաեւ Կոմիտասը (Պ. Զեյթունցյան, «Մեծ լռություն»), Միհրդատ Պոնտացին (Պ. Զեյթունցյան, «Աստվածների կանչը» ), Խոսե Լուիսը (Լ. Բարանգա, «Դահիճը»), Բանտապետը (Պ. Զեյթունցյան, «Ամենատխուր մարդը») եւ այլն, որոնք միավորվում էին կինոյում ստեղծած նրա բազմաթիվ կերպարներին, մասնավորաբար Պագանինին, որն իրապես հայտնություն եղավ ժամանակի կինոյում, տարուբերեց ողբերգականի ընկալումները, առաջնային դարձրեց նույն հեգնանքը, որը երեւակվում էր մերթ սատանայական «քրքիջով», մերթ` կծկվող ցավի ու տառապանքի արտահայտությամբ: «Բոլոր ժամանակների եւ ժողովուրդների լավագույն Պագանինի»,- այսպես էր գնահատել նրան իտալական մամուլը` հայ դերասանի այս կատարումը դասելով համաշխարհային կինոյի նվաճումների շարքը:


ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Մսրյանն իր ստեղծագործությամբ մի ամբողջ ժամանակաշրջան է մեր թատրոնում, 20-րդ դարավերջի մեր մեծերից մեկը, ում արվեստն հետայսու գնահատվելու եւ դիտարկվելու է այն փաղանգում, որը ձեւավորեցին Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը...


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page