03.07.2022
Այսօր Բաքուն հայտարարել է, որ «հակաահաբեկչական գործողություն» է սկսել Արցախում, պատճառ բերելով իր զինծառայողի մահը եւ ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունը, ըստ որի՝ Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհի վերաբերյալ Բաքվի պնդումը լեգիտիմ չէ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք: Այս մասին Yerevan.Online-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմից:
Բաքվի օգոստոսի 1-ի սադրանքի նպատակը հենց դա էր։ Բաքուն երեք ուղղությամբ հարձակման է անցել շփման գծի մի քանի ուղղություններով, հայկական կողմն ունի կորուստներ։ Բաքուն պահանջում էր ՀՀ զինծառայողների դուրսբերում, ՀՀ իշխանության հավաստիացումներից հետո, որ այնտեղ օգոստոսին արդեն զինակոչիկներ չեն լինի, Բաքուն անցել է «անօրինական զինված խմբավորումները», այսինքն՝ Արցախի ՊԲ-ն, դուրս բերելու պահանջին։
Երեկ Պուտինն ու Լավրովը հեռախոսազրույց էին ունեցել Փաշինյանի ու Միրզոյանի հետ եւ ընդգծել եռակողմ հայտարարությունների իրականացման անհրաժեշտությունը, թեեւ Հայաստանը չի խախտել դրանք, եւ առավել տրամաբանական կլիներ, եթե նախ զանգեին Բաքու։ Բաքու զանգել է ՌԴ ՊՆ Շոյգուն, որից հետո էլ Բաքուն հայտարարեց «հակաահաբեկչական գործողության» մասին։
Պետք է նկատի առնել, որ ճանապարհների խնդիրն այս պահին երկրորդական է․ Բաքուն շտապում է իրագործել Արցախի ամբողջական վերահսկողության եւ պատերազմի արդյունքներն օրինականացնելու իր նպատակները։ Բաքվի ձեւակերպումը՝ «հակաահաբեկչական գործողություն այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական կոնտինգենտը», դրա վկայությունն է, անշուշտ՝ համաձայնեցված ռուսների հետ։ Ռուսաստանի ներքին ու արտաքին հեռանկարներն ուկրաինական պատերազմում ստեղծված իրողությունների արդյունքում մշուշոտ են, ինչը հնարավոր է դարձնում ժամկետից շուտ ռուսական կոնտինգենտի դուրսբերումն Արցախից։ Ռուսական զորքի ներկայությունը երաշխիք է Բաքվին՝ հայկական հնարավոր նախաձեռնությունները զսպելու հարցում։