top of page

«Գազպրոմը» ծաղրում է Հայաստանին


Եվրոպայում գազի գները նվազել են մինչև 80-90 դոլար, իսկ հունիսին կարող են նվազել մինչև 40-50 դոլար 1000 խմ դիմաց, ասում են մասնագետները: Եվրոպայում գազի գները փոխկապակցված են նավթի գներին, որոնք վերջին շրջանում զրոյանում են: Դա կապված է ինչպես համավարակի պատճառով պահանջարկի նվազման, այնպես էլ ՕՊԵԿ+ գործարքի չեղարկման հետ, որտեղ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան չեն կարողացել պայմանավորվել:


Աշխարհում ածխաջրածինների գներն անշրջելիորեն նվազում են: Այս պայմաններում Գազպրոմ Արմենիան առաջարկում է Հայաստանում գազի սակագինը բարձրացնել 36%-ով:


Հայաստանի կառավարությունը փորձում է դա ներկայացնել քաղաքական հարթությունում՝ հայտարարելով, որ Ռուսաստանին առաջարկում է բանակցություններ սկսել սահմանին գազ գնի նվազման մասին: Եթե սահմանին ունենանք 28 դոլար նվազում, ապա սակագնի բարձրացման կարիք չի լինի, ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


Կառավարությունը դեռ դուրս չի գալիս իրավական ու քաղաքական շրջանակներից, բայց մի՞թե Ռուսաստանի քայլը տեղավորվում է քաղաքական ու ողջամտության շրջանակներում:


Գազպրոմը պարզապես ծաղրում է Հայաստանին, ինչպես անում էր մինչ այժմ: 2013 թվականի գազային պայմանագրերը դատավճիռ էր Հայաստանի տնտեսությանը, այն թույլ չի տալիս օրինական կերպով մրցակցային արտադրություն զարգացնել, մարդկանցից խլում է եկամուտների զգալի մասը: Չենք խոսում հարցի քաղաքական կողմի մասին՝ Հայաստանը չի կարող օգտվել սեփական գազատրանսպորտային համակարգից, օրինակ, գազի տրանզիտի համար, իրանական գազ կարող է գնել միայն ՋԷԿ-ի համար՝ էլեկտրաէներգիայի դիմաց:


Գազային խայտառակ պայմանագրերը ստորագրվել են 2013 թվականին: Մյուս կողմից, այդ պայմանագրերով նախատեսվում էին «արտոնություններ»՝ Գազպրոմը նվերներ էր անում հայկական քրեաօլիգարխիային զեղչերի, ձախ գծերի եւ այլնի թույլտվության տեսքով, այդ պայմանագրերի ստորագրման դիմաց: Ահա թե ինչու էին նրանք ատամներով պաշտպանում գազային պայմանագրերը:


Գազային պայմանագիրը եղել ու մնում է Հայաստանում օլիգարխիկ համակարգի հիմքը, ու քանի դեռ այն աշխատում է, տնտեսության կառուցվածքը չի փոխվելու: Այն չփոխվեց թավշյա հեղափոխությունից հետո, չնայած համակարգային կոռուպցիայի արմատախիլ արվելուն:


Չնայած Ռուսաստանի գազային գործիքը խափանվում է ամբողջ աշխարհում, Մոսկվան Հայաստանում դեռ փորձում է սեղմել գազային օղակը եւ թույլ չտալ տնտեսության կառուցվածքի փոփոխություն: Կառավարությունը դեռ դեմարշի չի գնում, բայց հանրությունը չի կարող չնկատել, որ Մոսկվան բացահայտ ծաղրում է հայ ժողովրդին:

Հայկական այն շրջանակները, որոնց համար գազային պայմանագիրը մինչ օրս կերակրատաշտ է, փորձում են չխանգարել Ռուսաստանին եւ ուրախությամբ շփում են ձեռքերը: Ռուսաստանի հետ կապված այդ շրջանակներն ասում են, որ գազի գնի բարձրացումը Ռուսաստանի դեսպանատան առաջ ցույցերի գինն է: Ոմանք էլ Նիկոլ Փաշինյանին նախատում են, որ զանգել է Լուկաշենկոյին ու խոսել ռուսական գազի բարձր գներից:


Ըստ երեւույթին, ոմանց դուր է գալիս ծաղրի զոհ լինել:


ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ ԼՐԱԳԻՐ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page