Գավառական մարտաֆիլմ

28.04.2020, ԳԱՎԱՌ

Վերջին թարմացումը՝ 29.04.2020, 22:34


Երեկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցան ողբերգական դեպքեր, կրակոցների հետևանքով երկու հոգի մահացավ, իսկ դեպքերն էլ շարունակություն ունեցան՝ հանգեցնելով վենդետայի։ Իսկ ինչից սկսվեց պատմությունը։  Նորատուս համայնքի եւ Գավառ քաղաքի  անչափահաս տղաների միջեւ վեճ է եղել: Եվ անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է մեծերը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:


ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված տեսանյութում երևում է, որ Ազատության փողոցում կանգ է առնում 5 ավտոմեքենա, որոնց մեջից դուրս են գալիս տղաները, վիճաբանում միմյանց հետ, ապա նրանց մոտ է կանգնում  երեք այլ ավտոմեքենա և  սկսվեց փոխհրաձգություն, որի հետևանքով մի քանիը ընկան գետնին, մի քանիսը սպանվեցին, ապա մի քանիսն էլ նստելով ավտոմեքենան հեռանում են, իսկ երիտասարդներից մեկն էլ շարունակում է կրակոցներ արձակել։ Շատերն այդ ընթացքում դիմում են փախուստի կամ փորձում թաքնվել ավտոմեքենաների հետևում։  Երկար ժամանակ վիճաբանելուց հետո շատերը հեռանում են, դեպքի վայրում մնում են սպանվածներն ու երեք ավտոմեքենա։

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ապրիլի 28-ի հնչած կրակոցների հետեւանքով 2 քաղաքացու սպանությունից հետո Գավառում իրավիճակը կտրուկ լարվել է։ Տեղի է ունեցել դաժան վենդետա, և դա այն դեպքում, երբ ոստիկանապետ Արման Սարգսյանն անձամբ եղել է դեպքի վայրում, ոստիկանությունը փաստորեն չի կարողացել վերահսկել իրավիճակը։


Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։


Դրանից հետո նշված անձինք կարողացել են հեռանալ հիվանդանոցից։ Փաստորեն, ոստիկանները չեն կարողացել ոչ միայն կանխել հանցագործությունը, այլև ձերբակալել հանցագործությունը կատարողներին։


Մեր տեղեկություններով՝ 2 քաղաքացիները, որոնց կոկորդը կտրել են, հարազատ եղբայրներ են. նրանցից մեկի անունը Արմեն է, մյուսինը՝ Խաչիկ։ Armlur.am-ի տեղեկություններով՝ երկուսն էլ մահացել են։ Հիվանդանոցում այնպիսի իրավիճակ է, որ նույնիսկ քննիչները չեն կարողանում մուտք գործել։


Կան նաև տեղեկություն, որ կրակոցներից հետո հարձակման ենթարկված անձանցից մեկին վիրահատում են, մյուսի վիճակը ծանր է, նրանց տեղափոխել են Երևան։


Ավելի ուշ NEWS.am–ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ դեպքից։ Ցերեկը հնչած կրակոցներից հետո, երբ երկու մարդ սպանվել է, երկուսը՝ տեղափոխվել Երևան, դեպքի վայրից փախուստի դիմած անձին ճանապարհին վթարի են ենթարկվել ու տեղափոխվել Գավառի հիվանդանոց։ Հենց նրանք էլ ավելի ուշ վենդետայի զոհ են դարձել։ 


Armlur.am-ի տեղեկություններով՝ քաղաքացիները երկաթյա ձողերով մտել են հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։


Ձողերով եւ դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր  արել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք եւ դանակով կտրել են նրանց երկուսի վիզը: Այդպես վրեժ լուծելուց հետո հեռացել են:


Ավելի վաղ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ այսօր Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։ Նրա տեղեկություններով՝ սպանվածներից մեկը Նորատուս համայնքից է՝ «Նորատուսցի արջ» մականունով, մյուսը՝ ռազմական ոստիկանության քննիչ։ 


Ինչպես հաղորդում է Yerkirmedia-ն, դեպքից հետո 2 վիրավոր տեղափոխվել է Երևան, 2 վիրավոր՝ Գավառ։ Ոստիկանությունը hսկողության տակ է վերցվել նաև Գավառի հիվանդանոցը:


Գավառ են ժամանել ոստիկանության հատուկ ջոկատայինները, ովքեր ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ ուժեղացված ծառայության են անցել Գավառում:

Միաժամանակ Armlur.am-ը հաղորդում է, թե ինչպես է տեղի ունեցել վեճը. Նորատուս համայնքի եւ Գավառի անչափահաս տղաների միջեւ վեճ է եղել: Եվ անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչը՝ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:


«Փաստինֆո»-ի տեղեկություններով էլ՝ երկու մեքենա ուղեկցել են զոհերի մեքենան, ապա՝ կանգնեցրել են ու կրակահերթ բացել։ Հանցագործության զոհ է դարձել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ՝ 1989թ. ծնված Զոհրաբ Անուշավանի Պարոնիկյանը, մյուս սպանվածը նրա փեսան է։ Հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու եւ ավելի անձանց սպանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, պահելու հատկանիշներով։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան