Վերջին օրերին Հայաստանում քաղաքական-հասարակական քննարկումների հիմնական թեման Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և նրա նախագահ Տաթևիկ Ռևազյանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Որքան էլ փորձեն իշխանությանը կրծքով պաշտպանող գործիչները «բացատրել», իրականում արդարացնել Տաթևիկ Ռևազյանին, ակնհայտ է, որ նրա ղեկավարման շրջանում հայկական առանց այն էլ քայքայվող ավիացիան, կարծես վերջնականապես ձախողվել է։
Քննադատողներից ոմանք, իրավացիորեն մեղավոր են համարում, ոչ թե անձամբ Տաթևիկ Ռևազյանին, որքան նրան այդ պաշտոնին նշանակող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, այս քննադատության մեջ առկա է նաև քաղաքական բաղադրիչը, որը նույնպես ընդունելի է։ Ողջ աշխարհում էլ այսպիսի ձախողումներից օգտվում է ընդդիմությունը։ Այնպես չէ՞, նախկին ընդդիմադիր, այսօր վարչապետ՝ պարոն Նիկոլ Փաշինյան։
Սակայն, այժմ ես էլ օգտվելով առիթից, որոշեցի գրել, թող ների ինձ Տաթևիկ Ռևազյանը, պայմանականորեն՝ «Տաթևիկ Ռևազյան» երևույթի մասին։
Հիշում եմ, ԽՍՀՄ շրջանում մեր հայկական հասարակության գերակշիռ հատվածն ինչպիսի ակնածանքով էր վերաբերվում ռուսական կրթությամբ շրջանավարտներին։ Չգրված օրենքով ռուսական կրթություն ունեցողներն ավելի շատ էին նշանակվում ղեկավար պաշտոնների և նրանցից շատերը քամահրանքով էին վերաբերվում հայկական կրթությանը։ Իսկ եթե նրանք նաև գերազանցիկներ էին, արդեն ․․․
Ի դեպ գերազանցիկության մասին։ Իմ անձնական դիտարկումները ցույց են տվել, որ հատկապես դպրոցում, երբեմն նաև ԲՈՒՀ-երում, գուցե և կյանքում, գերազանցիկները լինում են երկու տիպի։ Առաջինը՝ իսկապես ստեղծագործ, քննադատական միտք ունեցող, բոլոր առարկաներից ուժեղ անհատներ, ովքեր կազմում են գերազանցիկների չնչին տոկոսը։ Որպես կանոն ստեղծագործ, քննադատական միտք ունեցող անհատներն ունենում են նախասիրություններ և առանձնապես ուշադրություն չեն դարձնում այլ, իրենց չհետաքրքրող առարկաներին, նույնիսկ հաճախ արհամարհում դրանք․ ուստի և նրանք ոչ միշտ են լինում գերազանցիկներ։ Այլ են գերակշռող, բոլոր առարկաներից «ուժեղ», դրանք անգիր անող և ամեն գնով գերազանց գնահատականների ձգտող գերազանցիկները։ Այդ նույն գերազանցիկները, որպես վերջնական ճշմարտություն սերտում էին մարքս-լենինյան ուսմունքը, հղումներ անում ԽՍՀՄ սահմանադրության և մարքսիզմի դասականների հոդվածներին, այսօր նույն անձինք սերտում են միջազգային կոնվենցիաները և որպես վերջնական ճշմարտություն հղումներ անում դրանց։
Ինչևէ, անկախության տարիներին մենք մեր մտածողությամբ, ռուսական կրթության նկատմամբ մեր բարդույթավորումից սահուն անցում կատարեցինք դեպի եվրոպա-ամերիկյան ԲՈՒՀ-երի կրթությանը, առանց հաշվի առնելու տվյալ անձի այլ՝ ստեղծագործական, կառավարման ունակություններին։ Ի դեպ, ինչպես նախկինում ռուսական կրթություն ունեցողները, այսօր էլ եվրոպա-ամերիկյանները նույնպես վերամբարձ և մեծամտորեն են վերաբերվում բոլոր հասարակ մահկանացուներին։
Հիշում եմ տարիներ առաջ, մի հանցագործության մեջ կասկածվող անձին պաշտպանող մի շարք իրավապաշտպանների հիմնական փաստարկն այն էր, որ կասկածյալը Քեմբրիջի շրջանավարտ է․ «Ինչպե՞ս կարող է Քեմբրիջի շրջանավարտը հանցագործություն կատարել»։
Երբ արդեն Իրանում և Իտալիայում մոլեգնում էր համաճարակը, և նույն եվրոպա-ամերիկյան կրթություն ստացած ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրին, թե ինչու, ինչպես Իրանի հետ է հաղորդակցությունը կասեցված, նույնը չի արվում Իտալիայի հետ, առաջադեմ նախարարը մոտավորապես ասաց, որ Իտալիան վտանգավոր չէ, հավանաբար նկատի ունենալով, որ չէ՞ որ այն Եվրոպա է, իսկ Եվրոպան․․․
Օրինակները կարելի է շարունակել։ Բայց նորից անդրադառնանք Տաթևիկ Ռևազյանին։ Նրա կենսագրությունն ու ստացած կրթությունը բավականին տպավորիչ են։ 1993թ․ նրա ընտանիքն արտագաղթել է Հայաստանից, երբ Տաթևիկը 5 տարեկան էր։ Նրանց կարելի է հասկանալ, նրանք արտագաղթել են նախորդ , հանցավոր, կոռումպացված, թաթարա-մոնղոլական ավազակապետության իշխանության տարիներին․․․Վա՜յ մոռացել էի, ներեցեք, այս որակումները վերաբերում են միայն 1998-2008թթ․ 20 տարիներին։
Տաթևիկ Ռևազյանի կրթությունն ու աշխատանքային փորձը հաշվի առնելով, նրան կարելի էր առաջարկել նույն Քաղ․ ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ կամ վարչության պետ։ Կարծում եմ, որ նա իր գերազանց գիտելիքներով, անգիր, կամ ժամանակին գտնելով համապատասխան միջազգային կոնվենցիայի անհրաժեշտ հոդվածը , որոնցով շլացրեց ԱԺ պատգամավորներին, շատ օգտակար կլիներ հնարավոր կառավարման փորձ ունեցող կոմիտեի նախագահին։ Բայց հավանաբար մի կողմից ՀՀ ղեկավարությունը «հայտնաբերելով» այդպիսի կրթությամբ անձնավորության՝ հիացել է իր գյուտով, մյուս կողմից գուցե ինքը Տաթևիկ Ռևազյանը, էդ էր պակաս, այդպիսի կրթությամբ, գավառական Հայաստանում այլ պաշտոնի համաձայնվեր։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
«Առավոտ»
Comments