top of page

Գերիներով գերվածները

14.01.2020


Ադրբեջանը շարունակելու է հայ ռազմագերիներին ներկայացնել որպես ահաբեկիչներ՝ ստեղծելու շինծու փաստական հիմքեր, որ իր լեգենդը կարողանա հրամցնել միջազգային կառույցներին։ Այս մասին այսօրվա քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արա Ղազարյանը։ «Հայաստանի կառույցները փաստերի ուժով պետք է կոտրեն այդ կեղծ օրակարգը՝ ցույց տալու, որ դրա նպատակը բացարձակապես քաղաքական է, այն է՝ թույլ չտալ, որ ՀՀ տարածքից զինվորները ծառայեն Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ դրանով թուլացնելով Արցախի պաշտպանությունը»,- ասաց նա։ Արա Ղազարյանը նշեց, որ մեծ ուժեր կենտրոնացնելով հայկական փոքրաքանակ խմբերի դեմ՝ Ադրբեջանին հաջողվեց 62 հայ զինծառայողի գերավարել արդեն զինված հակամարտության ավարտից հետո և ներկայացնել լեգենդ, որ «այդ խմբավորումներն անօրինական են, որովհետև Հայաստանի Հանրապետության բանակի խմբավորումներ են, բայց գտնվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս»։

«Երբ այս հարցն արդեն մի քանի օր առաջ Ադրբեջանը տեղափոխեց ՄԱԿ-ի հարթակ, արդեն բավական պատասխանատու քայլ է, որից նահանջ չկա։ Այսինքն՝ Ադրբեջանը պետք է շարունակի այդ լեգենդը։ Եվ իրենց արտաքին գործերի նախարարը խնդրեց ՄԱԿ-ի կառույցներին՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի դիվերսիոն խմբեր չուղարկի Ադրբեջան։ Ուշադրություն դարձրեք այդ տերմինի վրա՝ դիվերսիոն խմբեր։ Դա իրավական կատեգորիա չէ, իրավական կատեգորիա է ահաբեկչություն և ահաբեկիչներ, այն, ինչ 10 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները որակեցին Մանվել Սարիբեկյանին, Կարեն Ղազարյանին։ Հիմա Ադրբեջանը նաև իրեն կարող է փակուղի տանել, որովհետև եթե ինքը այդ 62 հոգուն անվանում է ահաբեկիչներ, իսկ ՄԱԿ-ի հարթակում ներկայացնում որպես դիվերսիոն խմբեր, ահաբեկչությունն ունի իրավական հիմք, դիվերսիան չունի։ Այսինքն՝ այսպես թե այնպես պետք է նրանց համար փնտրի իրավական հիմք, հետևաբար, Ադրբեջանը պետք է արդեն մտնի փնտրտուքների մեջ՝ գտնելու փաստական հիմքեր։ Չկան նման փաստական հիմքեր, այդ տղաներն օրինական զինված ուժերի ներկայացուցիչներ են, իսկ դա արդեն իսկ վերացնում է նրանց ահաբեկիչ լինելու իրավական հիմքերը։ Այս պայմաններում Ադրբեջանը կարող է պահել բացարձակ իզոլացման մեջ այդ մարդկանց, նրանցից կորզել ցուցմունքներ, որ՝ այո, իրենք ահաբեկիչներ են, որ գան Ադրբեջան ու պայթեցումներ կատարեն, որպեսզի դրանով ստեղծեն իրավական հիմքեր, որ նրանք ահաբեկիչներ են»,- ասաց Արա Ղազարյանը։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page