09.06.2023
Երեկ արտառոց դեպք էր տեղի ունեցել Գյումրու քաղաքապետարանում․ անօրինական շինությունների և հողազավթումների բաժին եկած քաղաքացին պատմության մեջ էր հայտնվել, շտապօգնություն էին կանչել ու նրան Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխել։ Այս մասին հայտնում է aravot.am-ը:
Ոստիկանությունից կայքին հայտնել էին, որ ըստ քաղաքացու հաղորդման, իրեն Գյումրու համայնքապետարանում բարկացրել են, աշխատակիցը վիճաբանել է իր հետ, հրել, գցել է գետին, ինչի արդյունքում վնասել է գլուխը: Նա տեղափոխվել էր «Գյումրի» Բ/Կ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական վարչություն:
Aravot.am-ը պարզեց, որ քաղաքացին եղել է իրավաբան Ա․ Գ․-ն, որը քաղաքապետարան էր գնացել իր քրոջ՝ Վարդուհի Գ․ հետ։
Տիկին Վարդուհին կայքի հետ զրույցում պատմեց, որ երեկ իր եղբորը քաղաքապետարան են կանչել՝ ինչ-որ հարցեր պարզաբանելու։
Ըստ նրա՝ նախորդ օրը իրենց էին այցելել Գյումրու քաղաքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժնի աշխատակիցները։ Վերջիններս հետաքրքրվել են ավտոտնակով, որի տարածքում, ըստ Վարդուհի Գ․-ի, ժամանակին փլված կույտ և աղբանոց է եղել՝ առնետանոց, անգամ սատկած շներ ու կատուներ են գցել, իրենք 50 աղբատար մեքենաներով տարածքը մաքրել են, վերացրել գարշահոտությունը։
«Որտե՞ղ էր այդ քաղաքապետարանը, երբ մենք մեր գրպանի հաշվին աղբ էինք թափում․ մաքրազարդում։ Իրենց կարելի է ամբողջ քաղաքը մաս-մաս վաճառել ու լափե՞լ, իսկ քաղաքացուն չի՞ կարելի ունենալ մի փոքր հողակտոր՝ ավտոտնակ կառուցելու համար, որը աղբանոցից ենք բարեկարգել։ Եղբայրս նրանց մարդավարի ճանապարհել էր։ Երեկ եղբորս պիտի վիրահատեին, զանգ ստացանք քաղաքապետարանից, թե եկեք՝ հարցեր կան պարզաբանելու։
Նախքան վիրահատությունը, գնացինք։ Եղբայրս բարձրացավ անօրինական շինությունների և հողազավթումների բաժին։ Ես առաջին անգամ էի ոտք դնում քաղաքապետարան, սպասեցի դրսում։
Եղբայրս ներս է մտել այդ բաժին, որտեղ բավական շատ աշխատակիցներ են եղել, նրանք մի քանի հոգով խոսակցություն են սկսել։ Պատկերացրեք՝ ինչ են հայտարարել, ասել են, թե «Մենք ՔՊ-ական ենք, չգիտե՞ս, որ օրենքները մենք ենք թելադրում»։ Կանխամտածված վեճ-վիճաբանություն են սկսել, եղբայրս էլ հիվանդություններ ունի, վատացել է, ճնշումը բարձրացել, դող է եկել վրան։
Խոսակցության ընթացքում շրջապատել ու սկսել են քաշքշել եղբորս, այնուհետ այդ բաժնի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Սարոյանը խփել է եղբորս։ Նա ուշագնաց է եղել՝ գլուխը հարվածելով սեղանին, սրանք անօգնական թողել եղբորս՝ կաբինետից փախել են։ Երբ եղբայրս ուշքի է եկել , զանգահարել է ոստիկանություն։
Այնտեղից զգացել են, որ մարդը վատ է, մի կերպ է խոսում, իրենք են առաջարկել շտապօգնություն կանչել։ Եղբայրս այդ ընթացքում ինձ էլ զանգեց, ես էլ հանգիստ կանգնած եմ, գիտեմ, թե եղբորս հետ այդ բաժնում հարցերն են քննարկում ու ուր որ է գալու է։ Երբ զգացի եղբայրս վատ է, ուզեցի բարձրանալ քաղաքապետարան, ինձ էլ չէին թողնում ներս գնայի, անվտանգության երեք աշխատակիցներով քաշքշում էին, թե ուր։ Մի կերպ ներս մտա, կաբինետի տեղն էլ չգիտեի, տեսա, որ մարդաշատ էր, 30, գուցե և 40 հոգի դռան դիմաց էին, հասկացա, որ դա է կաբինետը։
Դրսից մի տարեց աշխատակցուհի ասաց՝ այստեղ է։ Ներս մտա, տեսնեմ՝ եղբայրս քրտինքի մեջ կորած, մի կերպ նստած է աթոռին, այդ պահին ներս մտան շտապօգնության աշխատակիցներն, այնուհետ ոստիկանության աշխատակիցները։ Պատկերացրեք՝ ուր ենք հասել, որ իր ոտքով գործով քաղաքապետարան եկած մարդուն պատգարակով տեղափոխում են հիվանդանոց։ Իրենց կաբինետների մեջ մարդ են խոշտանգում։ Ես երբեք նման բան չէի տեսել, պատկերացրեք՝ ինչ ձևի են շահարկում ՔՊ-ի անունը, սրանց նմաններն են, որ գցում են վարչապետի վարկանիշը։ Երբևէ նման դեպք չեմ հիշում, որ աշխատանքային սենյակներում մարդ խոշտանգեն։ Հավատացեք՝ ինչքան թափթփուկ կա, քաղաքապետարանում աշխատանքի է տեղավորվել, կարծես թաղային ռազբորկայի, գողական, մի հատ խուլիգանական վայր լիներ, ուղղակի զարմանալի է։ Զարմանում են, թե քաղաքապետը չի տեսնո՞ւմ իր շուրջբոլորն ինչ է կատարվում ։ Վաղը մյուս օր հնարավոր է, որ Գյումրու քաղաքապետարանից դիակներ էլ հանեն», -ասաց նա:
Նա դիմել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմ։