Գործակալների երկիր Հայաստանը

25.09.2020, ԵՐԵՎԱՆ

Երբ մեր իշխանությունը ռուսաստանյան ընդդիմադիր «Դոսյե» լրատվամիջոցի օգնությամբ «բացահայտել է Հայաստանում Կրեմլի գործակալներին», ես անհամբեր սպասում էի, թե երբ են այն ընդդիմադիրները, որոնք մեղադրվում են գործակալ լինելու մեջ, պատասխան հրապարակումը կազմակերպելու: Եվ այդ պատասխանը ծնվեց ուղիղ մեկ ամիս հետո ռուսաստանյան իշխանամետ, կասեի անգամ՝ կայսրամետ The Moscow Post-ում: Սկզբնաղբյուրն, իհարկե, դարձյալ Հայաստանում է, եւ «պատասխան հոդվածի» գլխավոր իմաստը կարելի է ձեւակերպել այսպես. «Ախ, դուք ասում եք, որ մենք Կրեմլի գործակալներ ենք, դե, մենք էլ պնդում ենք, որ դուք բոլորդ՝ Փաշինյանից սկսած, Սորոսի գործակալներ եք»: Ոչ պրոֆեսիոնալ, բազմաթիվ փաստացի սխալներով, իրական կյանքից կտրված մի հոդվածին հակադրվում է ճիշտ նույն որակներն ունեցող մեկ այլ հոդված: Այդ երկրորդ հոդվածում կա «սորոսական» պաշտոնյաների, իշխանամետ պատգամավորների, հ/կ-ների բավականին երկար ցուցակ, ինչպես նաեւ «նրանց վերահսկողության տակ» գտնվող լրատվամիջոցների ցանկ, որում կա նաեւ «Առավոտը» (լուսանկարում):

Չեմ պատրաստվում վիճել մեր հարգարժան ընդդիմադիրների հետ, որոնք կարծում են, թե մենք «Իմ քայլի» վերահսկողության տակ ենք՝ 26 տարվա ընթացքում «Առավոտի» մասին ավելի անհեթեթ բաներ էլ եմ կարդացել: Թյուրիմացությունն այլ տեղ է. մեր հասարակության մեծ մասը, այդ թվում քաղաքական շրջանակները եւ դրանց քարոզիչները, չեն ըմբռնում լրագրության էությունը: Ուստի երկու բառով հիշեցնեմ, թե ինչպես եմ ես այն հասկանում:


The Moscow Post – ի հոդվածում թվարկված պաշտոնյաներին, պատգամավորներին եւ հ/կ-ներին ես վերաբերվում եմ հարգանքով, բայց առանց ջերմության, որովհետեւ որեւէ մեկի նկատմամբ դրական կամ բացասական էմոցիաները խանգարում են այդ անձանցից պատշաճ հեռավորություն պահպանել եւ, հետեւաբար, թույլ չի տալիս օբյեկտիվորեն վերլուծել եւ ներկայացնել իրավիճակը: Ճիշտ նույն վերաբերմունքը ես ունեմ «Դոսյեի» հրապարակման «պերսոնաժների» նկատմամբ: Ավելին՝ ես այդ երկու խմբերի մեջ անհաղթահարելի հակասությունները չեմ տեսնում, եւ իմ առաքելությունն եմ համարում լինել այն հարթակը, որտեղ այդ, ինչպես նաեւ մնացած ուժերը կարողանան զուսպ եւ քաղաքակիրթ բանավեճ տանել: Իհարկե, դա դժվար է, որովհետեւ շատերը գերադասում են արտահայտվել իրենց համակրող լրատվամիջոցներում: Քանի որ ես ոչ մեկի հանդեպ չունեմ (իրավունք չունեմ ունենալու) ո՛չ համակրանք, ո՛չ հակակրանք, դա հավելյալ դժվարություններ է ստեղծում: Բայց դա էլ, իր հերթին, չպիտի «խանդի տեսարանների» առիթ դառնա՝ քաղաքական գործիչների կողմից «յուրայիններին» գերադասելու փաստին պետք է ըմբռնումով մոտենալ, որովհետեւ խանդը կամ նեղվածությունը նույնպես բացասական էմոցիաներ են, որոնք հակասում են լրագրության էությանը:


Այնուամենայնիվ, կան երեւույթներ (ոչ անձինք), որոնց ես բացասաբար եմ վերաբերվում, եւ այդ երեւույթների «top 10»-նյակը գլխավորում են անհանդուրժողականությունը, դոգմատիզմը, աղանդավորությունը եւ քառակուսիությունը: Ա՛յ, երեւույթների մասին արժե լրջորեն վիճել:


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«ԱՌԱՎՈՏ» թերթի խմբագիր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան