ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3
Հայաստանում քաղաքական հետապնդումները, մարդու իրավունքների խախտումները, ընդդիմադիր գործիչներին լրտեսելը եւ այլ դեպքերը պետք է անհանգստացնեն երկրի դիտորդներին․ ամերիկյան հայտնի պարբերականի՝ The National Interest-ի հոդվածում գրել է հայտնի լրագրող Ալեքսանդր Սրբինովսկին (ազգությամբ՝ մակեդոնացի)։
«Չնայած 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո մեծ ակնկալիքներին, Հայաստանի ժողովրդավարական լանդշաֆտը վերջին տարիներին դարձել է դժգույն։ Երկրի ներկայիս իշխանությունն անշեղորեն նահանջում է դեպի ոչ ժողովրդավարական կառավարում եւ գուցե նույնիսկ՝ ավտորիտարիզմ»,- գրում է հոդվածագիրը:
Նրա խոսքով, առանձնահատուկ մտահոգություն են հարուցում Հայաստանում քաղաքական ակտիվիստների եւ լրագրողների նկատմամբ հետապնդումները, որոնք արտացոլված են մի շարք ՀԿ-ների տարեկան զեկույցներում: Այդ զեկույցները ներառում են նաեւ մարդու իրավունքների խախտումներ, քաղաքական ակտիվիստների հետապնդումներ, ինչպես նաեւ՝ ընտանեկան բռնության դեպքեր։
Օրինակ, Freedom House-ն իր վերջին տարեկան զեկույցում նվազեցրել է Հայաստանում քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների գնահատականը: Գրել է, որ ճնշումներ են ձեռնարկվում քաղաքական այլախոհների, լրագրողների եւ իրավապաշտպանների դեմ։
«Ավելին, անցյալ մայիսին իր զեկույցում Google-ի սպառնալիքների վերլուծության խումբը բացահայտեց հյուսիսմակեդոնական Cytrox ընկերության կողմից ստեղծված Predator կոչվող լրտեսող ծրագրերի օգտագործումը:
Ծրագիրն օգտագործվել է լրագրողների, այլախոհների եւ իրավապաշտպանների թիրախավորման համար, իսկ տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ մի քանի հայ ընդդիմադիր քաղաքական գործիչների էլեկտրոնային սարքերը կոտրվել են: Predator-ը միակ լրտեսող ծրագիրը չէ։ Ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանը պնդել է, որ Pegasus լրտեսող ծրագրերը տեղադրվել են իր հեռախոսների վրա 2021-ին:
Չնայած հայտարարությանը եւ հաջորդած սկանդալին, Pegasus-ի օգտագործումը հայ լրագրողների եւ ընդդիմադիր գործիչների դեմ, ըստ երեւույթին, չի դադարեցվել: Համաձայն 2022 թ. ուսումնասիրության՝ Pegasus-ը դեռեւս կարող է վերահսկել հիմնական ընդդիմադիր եւ մեդիագործիչներին»,- նշում է Սրբինովսկին։
Հոդվածագիրը գրում է. «Ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է հետապնդել նաեւ իր հետ հակասություններ ունեցող նախորդ կառավարության անդամներին։ Օրինակ՝ 2 նախկին պաշտպանության նախարարներ ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով որակված մեղադրանքներով։
Նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ով պաշտոնավարել է 2008-2016 թ․, ավելի քան 2 միլիոն դոլար պետական միջոցների յուրացման մեղադրանք է ներկայացվել։ Նույն մեղադրանքն առաջադրվել է նաեւ մեկ այլ նախկին նախարարի՝ Դավիթ Տոնոյանին, ով կալանավորվել էր 2021-ին։
Փորձագետները կարծում են, որ Տոնոյանի կալանավորումը քաղաքական դրդապատճառ ուներ. նրան պարզապես քավության նոխազ են դարձրել 2020 թ. հարեւան Ադրբեջանի հետ վեցշաբաթյա պատերազմում Հայաստանի պարտության համար:
Հարկ է նշել, որ Տոնոյանը պաշտպանեց Փաշինյանի կողմից 2020 թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության ստորագրումը, որով ավարտվեց պատերազմը։ Քաղաքական հետապնդումները դրանով չեն դադարել. հարձակման թիրախ են դարձել երկրի քաղաքական ընդդիմության անդամները, մասնավորապես՝ Դաշնակցություն կուսակցության»։
Օրինակ, այս տարի կալանավորվել են Արտաշատի ավագանու «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանն ու կուսակցության ակտիվիստ Գերասիմ Վարդանյանը։
«Որոշ ձերբակալություններ ավարտվում են ողբերգությամբ, ինչպես եղավ Արմեն Գրիգորյանի դեպքում։ Նշանավոր ընդդիմադիր գործիչ Գրիգորյանը դատարանում ուշագնաց եղավ, ապա՝ մահացավ 2022 թ. ամռանը։
Նրան երկու ամսով նախնական կալանք էին տվել, չնայած ոչ մի հանցանք չէր կատարել, ու անտեսվել էին նրա փաստաբանի եւ ընտանիքի մտահոգությունները՝ Գրիգորյանի վատթարացող առողջության վերաբերյալ»,-նշում է Սրբինովսկին։
Արագ կերպարանափոխություն
Ամենազարմանալին, թերեւս, այն է, թե որքան արագ եղավ Հայաստանի հետագիծը` սկսվող ժողովրդավարությունից դեպի աճող ոչ լիբերալիզմ:
Այն բանից հետո, երբ 2021 թ. ամռանը իշխող ուժը հաղթեց արտահերթ ընտրություններում, ամեն ինչ սկսեց արագ փոխվել։
Կառավարությունը մեծ արագությամբ վերսկսեց «ժողովրդի թշնամիներ» գտնելու գործը, որը հիշեցնում է Ստալինի ժամանակաշրջանի զտումները, եւ դա շարունակվեց, երբ 2020 թվականի պատերազմից հետո նորից ժողովրդից «պողպատե մանդատ» ստացավ վարչապետ Փաշինյանը:
«Այս պայքարի թիրախներից էին նաեւ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայկական սփյուռքի ներկայացուցիչները։ Օրինակ, Երեւանի իշխանություններն արգելեցին Ֆրանսիայի հայկական սփյուռքի կազմակերպության նախագահ Մուրադ Փափազյանին՝ մուտք գործել երկիր 2022 թ. հուլիսին: Փափազյանին, ով երբեք հանցագործություն չի կատարել, արգելվել է մուտք գործել Հայաստան՝ 2021-ին Փարիզում հակափաշինյանական ցույցերի ժամանակ նրա ենթադրյալ ներգրավվածության պատճառով»,- գրում է NI-ի հոդվածագիրը։
Սակայն Փաշինյանի սեւ ցուցակը Փափազյանով չի սահմանափակվում. օգոստոսի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ անվտանգության աշխատակիցները մոտեցան 2 հոլանդահայերի՝ Մասիս Աբրահամյանին եւ Սյունե Աբրահամյանին, եւ հայտնեցին, որ նրանք Հայաստանում ճանաչվել են պերսոնա նոն գրատա։
Սփյուռքահայ այս երկու ակտիվիստներին եւս արգելվել է մուտք գործել երկիր, քանի որ նրանք դեմ են արտահայտվել Հայաստանի ներկայիս իշխանությանը։
«Հատկանշական է նաեւ լրատվամիջոցների ազատության վատթարացող վիճակը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողների ֆիզիկական բռնության 15 դեպք՝ 2022 թ. հունվարից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում», - նշում է Սրբինովսկին:
Չնայած 2018-ի թավշյա հեղափոխության ժամանակ եւ դրանից հետո նախկինում տրված խոստումներին, որոնք իշխանության բերեցին Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին, եւ նույնիսկ 2021 թ. արտահերթ ընտրություններին, որոնց ժամանակ պատերազմից տուժած հասարակությունը եւս մեկ հնարավորություն տվեց գործող կառավարությանը՝ Ադրբեջանի դեմ հակամարտությունում կրած ջախջախիչ պարտությունից հետո, Հայաստանում քաղաքական մթնոլորտը փոխվում է, ցավոք, բացասական ուղղությամբ։
Ինչպես նշում է հայ փորձագետներից մեկը, երկրի ղեկավարն «ատելությունը վերածել է կառավարման սկզբունքի, իսկ սուտը՝ կառավարման ձեւի»։ Այս խոսքերով էլ եզրափակվում է հոդվածը։
Թարգամանությունը՝ Ա․Ա-ի։