Եգիպտոսը մնաց երազներում

20.07.2020

Հայաստանից Եգիպտոս հուլիսի 25-ին նախատեսված չարտերային թռիչքը չի կայանա, քանի որ պարետատունը արգելել է զբոսաշրջիկներ տեղափոխել Հայաստանից։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Շելբի Տուր» ընկերության տնօրեն Մարինա Ավետիյսյանը։ Նախատեսվում էր, որ հուլիսի 25-ին չարտերային չվերթով հանգստի նպատակով Հայաստանից արտակարգ դրության շրջանում առաջին զբոսաշրջիկները պետք է մեկնեին Եգիպտոս։ Սակայն այսօր առավոտյան պարետատունը տեղեկացրել է արգելքի մասին։


«Պարետատնից թույլ չեն տվել, որպեսզի դեպի Եգիպտոս թռիչք իրականացվի, իսկ պատասխանն այն է, որ համաճարակային իրավիճակից ելնելով՝ դեռևս նպատակահարմար չեն համարում թույլ տալ չվերթները դեպի Եգիպտոս։ Չեն ասել ժամկետ, չեն ասել, որ մինչև տարվա վերջ թույլ չեն տա, հույս թողել են, բայց ասում են՝ այս պահին դեռևս նպատակահարմար չեն գտնում թույլատրել»,- ասաց Մարինա Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ Եգիպտոսում հանգիստն անցկացնելու ցանկություն հայտնողներ Հայաստանում կան, ոմանք արդեն տուրփաթեթները ձեռք էին բերել։ «Հիմա հաճախորդներին պետք է իրազեկենք, որ թույլ չեն տվել թռիչքը, ովքեր ամրագրել են, պետք է գումարները հետ տանք»,- ասաց նա։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եգիպտոսի կառավարության որոշմամբ՝ այդ թվում հայաստանցի զբոսաշրջիկների համար բացվել են այդ երկրի սահմանները։ Չարտերային թռիչքներ իրականացնող ավիաընկերություններն էլ փորձում էին Հայաստանից զբոսաշրջիկներ տեղափոխել Եգիպտոս։ Արտակարգ դրության շրջանում Հայաստանից դեպի Եգիպտոս առաջին չարտերային թռիչքը նախատեսվում էր իրականացնել հուլիսի 18-ին՝ AMC AIRLINES ավիաընկերության կողմից։ Սակայն թռիչքը հետաձգվել էր հուլիսի 25-ին։ Բայց հիմա պարետատնից տեղեկացրել են, որ հուլիսի 25-ի թռիչքը ևս չի կարող կայանալ։


Նշենք, որ Եգիպտոսի կառավարությունը հանձն է առել հոգալ երկրի տարածքում կորոնավիրուսով վարակված զբոսաշրջիկների բուժման բոլոր ծախսերը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան