top of page

Եթե նա ստեղծած լիներ թեկուզ միայն «Տժվժիկը». Արման Մանարյանի հիշատակին

25.10.2023

«…Հիմա այն ժամանակն է, երբ ռեժիսորները քծնում են իշխանություններին ու իրենց կեղծավորությամբ գումար շորթում կինո նկարելու համար: Իսկ Մանարյանի նմանները մոռացության են մատնվում: Զարմանալու ոչինչ չկա: Սա առաջին դեպքը չէ…Դմիտրի Քյոսայանցը՝ մեր հրաշալի ռեժիսորներից մեկը, նույնպես նման ճակատագրի արժանացավ: Նրան նույնիսկ հետմահու չպարգեւատրեցին: Նա ոչ ոքի պետք չէր… Ու եթե նա պրոբլեմատիկ անձնավորություն լիներ, կարելի էր ամեն ինչ դրա վրա բարդել: Սակայն նա, ընդհակառակը, հանգիստ, չափազանց բարի մարդ էր, ով սիրում էր երեխաներին ու փողոցում շոյում կատուներին…»:


Լեւոն ԱԹԱՅԱՆՑ


Վաստակաշատ կինոօպերատորի խոսքը հայ կինոյի երախտավորներից մեկի՝ Արման Մանարյանի մասին է, որի նկարահանած կինոնկարներով սքանչացել ենք ոչ միայն մենք, այլեւ օտարները: Իսկ ամերիկյան կինոարվեստի մեծանուն դեմքերից մեկը՝ Ռուբեն Մամուլյանը, դիտելով մանարյանական «Կարինե» մյուզիքլը, այն համարել է միջազգային մակարդակի երաժշտական ֆիլմ: Նույնքան մեծ է եղել Վիլյամ Սարոյանի հիացումը ոչ միայն նշյալ մյուզիքլով, այլ նաեւ կարժամետրաժ հանրահայտ «Տժվժիկով»: Հավանաբար, քչերն են տեղյակ, որ դասական այս կինոժապավենն Արման Մանարյան ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է: Շատերը կարող են զարմանալ՝ մի՞թե: Այո: Բայց նախ համառոտ անդրադառնանք նրա կենսագրությանը. ծնվել է 1929-ին, Թեհրանում:


1946-ին ներգաղթել է Հայաստան, երաժշտական կրթություն է ստացել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել պետական կոնսերվատորիան: Այնուհետեւ սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Ահա այս հաստատության ավարտականի՝ «դիպլոմայինի» ծնունդ է ամենքիս հոգեհարազատ դարձած «Տժվժիկը»: Հետաքրքիր է դրա ստեղծման պատմությունը. դիպլոմային գրելու նպատակով Մոսկվայից Երեւան է գալիս երիտասարդ Մանարյանը, հանդիպում այն ժամանակվա «Հայկինոյի» տնօրեն Մխիթար Դավթյանին: Վերջինի հարցին, թե արդյոք սցենար ունի՞՝ նկարահանելու համար՝ պատասխանը լինում է բացասական: Հուսաբեկ ուսանողը որոշում է հանդիպել Գորիսի թատրոնում աշխատող եղբորը՝ սիրված դերասան Երվանդ Մանարյանն եւ վերադառնալ Մոսկվա: Եղբայրը, որ արդեն տեղյակ էր առաջացած խնդրին, հորդորում է գիշերել իր մոտ եւ մեկնել առավոտյան: Բարեբեր գիշեր, որի ընթացքում Երվանդը սցենարի է վերածում Ատրպետի «Տժվժիկ» պատմվածքը՝ եղբորը հանելով անելանելի վիճակից: Երբեւէ չխունացող այս ժապավենն ստեղծվում է 1961-ին. հեղինակային մտահղացման կատարյալ իրականացում՝ հայ բեմի եւ կինոյի հզոր դերասանների՝ Հրաչյա Ներսիսյանի, Ցոլակ Ամերիկյանի, Արման Կոթիկյանի կախարդիչ, ցնցող խաղով: Սա երիտասարդ ռեժիսորի հաղթական մուտքն էր կինոարվեստի խտաբնակ աշխարհ: Ազգային այս ֆիլմին հաջորդելու էր Շիրվանզադեի «Արտիստը», նկարահանվելու էր այն, բայց այդպես էլ չէր հասնելու հանդիսատեսին, որովհետեւ ռեժիսորի անունն արդեն հայտնվել էր խորհրդային նեղմիտ ու ճղճիմ կինոգաղափարախոսների «սեւ ցուցակում»: Եվ, ինչպես վկայում են կինոգետները, ոչնչացվելու էր՝ դեռ ավարտին չհասած: Թեեւ դա ծանրագույն հարված էր արդեն մեծ հեղինակություն վայելող արվեստագետին, բայց ոչ թեւաթափ անող. որոշ ժամանակ անց ծնվում է հայկական, նաեւ խորհրդային երկրի առաջին մյուզիքլը՝ «Կարինեն»: Ինքը՝ ռեժիսորը, նույնպես խաղալու էր այս եւ այլ ֆիլմերում՝ որպես դերասան նույնպես շահելով ակնդիրի համակրանքն ու սերը:


Մանարյանական կինոարարումների ցանկում իրենց մնայուն տեղն ունեն «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուրը», «Սպիտակ ափերը», «Ընկեր Փանջունին», «Հող եւ ոսկի», «Կապիտան Առաքելը» ու էլի ֆիլմեր՝ կյանքի կոչված ռեժիսորական ուրույն տաղանդով ու կնիքով անշփոթելի ձեռագրի: Արման Մանարյանը նաեւ «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է: Մուլտֆիլմի սցենարը թեեւ գոյություն է ունեցել 1995-ից, սակայն նկարահանումներն սկսվել են 2001-ից միայն եւ շարունակվել շուրջ ութը տարի. տարեկան հնարավոր է եղել ավարտել ընդամենը 10 րոպեանոց հատված: Էպոսի հերոսների ձայները հնչյունավորել են հայտնի դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Ժենյա Ավետիսյանը, Երվանդ Մանարյանը: Մուլտֆիլմում հնչում է նաեւ Խորեն Աբրահամյանի ձայնը: Սա ռեժիսորի ստեղծագործական վերջին արարն էր՝ հաղթական արարը՝ հագեցած էպոսային շնչառությամբ: Այս առիթով հիշատակելի է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի նկատառումը. «Մանարյանի համար չափազանց կարեւոր էր էպոսի բնագրային տեքստին հավատարիմ մնալը: Նա անվերջ ֆիլմի հետ կապված խնդիրների կենտրոնում էր՝ ֆինանսավորման քրոնիկ բացակայության, տեխնիկական միջոցների անբավարարության եւ բազմաթիվ այլ դժվարությունների ֆոնին: Մանարյանը, այնուամենայնիվ, կարողացավ ավարտին հասցնել հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը նրա տարիների երազանքն էր…»:


Իրանում ծնված հայորդին հայրենիք էր եկել անկանխատեսելի առաքելությամբ, բայց դժվարին ժամանակների հոլովույթում իր ասպետական խոսքն ասելու հայ կինոարվեստում: Եկել էր եւ ասաց ասպետորեն…


ՀԱԿՈԲ ՍՐԱՊՅԱՆ

コメント


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page