top of page

«Ես երբեք չեմ նախանձել ոչ մեկին». հարցազրույց, որում բացահայտվում է ինքը՝ ազնվական ու շքեղ Հասմիկ Պապյանը

15.05.2024



Քաղաքում, ուր հարկ չեն համարում փակել աղբարկղերի բերանները, ուր սրիկա և հանցագործ դառնալու համար մեկ օրվա լավ ախորժակն էլ բավարար է, ուր մարդիկ, խնայելով դիմացինին, քառասունից հետո վախենում են ժպտալ իրենց ատամնաթափ բերանով, ահա, այդ քաղաք է ժամանել նա՝ աշխարհահռչակ սոպրանոն, օպերային արվեստի հայ «դիվան»։ Նա՝ Եղիսաբեթ թագուհին, Դեզդեմոնան, Նորման, Իզոլդան... Այն ազնվական ու շքեղ դիցուհին, ով ոտատակ է տվել աշխարհի ամենամեծ բեմերը և վայելել բոլոր ազնվազարմների՝ կապույտ արյամբ ծնվող ընտիր հասարակության ծափերն ու խոնարհումը։


Ես երբեք Հասմիկ Պապյանի հետ հարցազրույց վարելու հավակնություն չեմ ունեցել. սա երաժշտագետի կամ էլ երաժշտական խմբագիրների գործ է, եթե, իհարկե, Հայաստանում դեռևս կան այդպիսիք։ Եվ այդպես էլ միայն ամենահեռավոր դիստանցիայից կշարունակեի հիանալ նրանով իմ գյուղական սկզբի և այդ բարձրաշխարհիկ գործից քիչ բան հասկանալու պատճառաբանությամբ, եթե չլիներ դիպվածը.


Եթե դու համառորեն չես մեռնում քո կյանքը մաս-մաս ուտելուց հետո էլ, ուրեմն քեզ հետ մեծ ու նշանավոր բաներ կպատահեն։


Ահա, օրեր առաջ, երբ մի առանձնահատուկ շքեղ մրափի էի տրված գորիսյան հանդամասումս, քաղաքից ձայն են տալիս, թե աշխարհահռչակ Հասմիկ Պապյանը քեզ մի վսեմաշուք նամակ է գրել։ Իհարկե, բավականին մեծ անհամեստություն կլինի, եթե ես հրապարակեմ այդ նամակի շռայլ բովանդակությունը, բայց կասեմ միայն, որ եթե այս Մեծ արտիստուհին իր այնքան կատաղի հաղթանակներից հետո ժամանակ ու ջիղ է գտել անգամ ինձ համար, ուրեմն, նա բնավ էլ չի խաղում՝ ասելով, թե երազում է, որ հայերս գոնե ատամներ ունենանք: Չգիտեմ, կարողացա՞ հասկացնել, թե այս օրերին ում հետ հանդիպելու բախտն ունեն այս զարմանալի քաղաքի բնակիչները:


–Դուք գալիս եք տուն, և մենք՝ տնեցիներով, ևս մի անգամ հիանում ենք Ձեզնով։ Հրաշալի է։ Բայց այնպես է ստացվում, որ մենք չենք կարողանում Ձեզնից մասնագիտական գիտելիք ստանալ, արվեստի մեծ շուկայից հեռու մեր գավառում գոնե իմանալ, թե ի՞նչ միտումներ կան քաղաքակրթական հեռավոր տարածքներում։


– Ես չէի ասի, թե գավառ ենք։ Մենք այնքան էլ գավառ չենք։ Ես այցելել եմ մեր թատրոնները՝ Դրամատիկական, Սունդուկյան, և բնավ էլ չէի ասի, թե դրանք գավառական թատրոններ են։ Ուղղակի այդ ոլորտներում մեզ պետք են պրոֆեսիոնալներ, ովքեր իրավիճակը գլխիվայր կշրջեն։


–Որտեղի՞ց սկսել, ի՞նչ անել, հակառակ դեպքում, մի տեսակ, մշակութային փտախտ է մեզ սպառնում։ Մշակութային նատուրալ տնտեսություն ենք ստեղծել՝ մենք արտադրում ենք, մենք ուտում ենք, հետո մեզ ծափահարում ենք, մրցանակներ ենք տալիս...


–Տպավորություն ունեմ, որ այն մարդիկ, ովքեր լծակներ ունեն ինչ-որ բան փոխելու, նրանց ձեռնտու է այս վիճակը։ Մենք բնավ էլ աղքատ երկիր չենք, եթե այսօր ի վիճակի ենք Պլասիդո Դոմինգոյին, Անդրեա Բոչելլիին, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբին, մյուսներին հրավիրել այստեղ։


–Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ։


–Դա լավ է այն իմաստով, որ ասվում է, թե դրա շնորհիվ բարձրանում է Հայաստան պետության վարկանիշը, մարդիկ հնարավորություն են ունենում տեսնել, լսել նրանց։ Բայց սա, մի տեսակ, հնացած մտայնություն է, որովհետև եթե նրանք գալիս են, ապա միևնույն է, նրանց համերգներին գնում են այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն նրանց նաև դրսում լսելու։ Ընդ որում, տոմսերը դրսում գնելով շատ ավելի էժան, քան այստեղ է։ Իսկ այն հասարակությունը, որ ծարավ է այդ երաժշտության, ով հենց այդ երաժշտության ունկնդիրն է, միևնույն է, չի կարողանում գնալ։


–Լավ, ասենք սա էլ չարեցինք, այդ գումարով պիտի փրկվե՞ր մշակույթը։


– Այդ գումարներով այստեղ սարեր կարելի է շարժել։ Օրինակ, գործիքներ գնել նվագախմբերի համար, հները նորոգել, կարելի է, ի վերջո, խրախուսել մեր արտիստներին, ովքեր այստեղ այնքան նվաստացուցիչ աշխատավարձեր են ստանում, երիտասարդներին կրթաթոշակ տալ, որ մնան ու կայանան Հայաստանում։ Հետո կարող են և դուրս գալ։ Արվեստագետը պետք է դուրս գա, նա չի կարող ինքնահաստատվել մի տեղում։ Հիմա, եթե ես այստեղ մնայի, ինչպե՞ս պետք է կատարեի իմ 45 դերերգերը։ Եթե արտիստը գնում է, դա ամենևին էլ չի նշանակում, թե մենք նրան կորցրինք։


–Մի օլիգարխի սիրտը Բոչելլի է ուզել, փողը տվել, երաժշտությունը պատվիրել է, նրա ի՞նչ հոգն է, թե մի տաղանդավոր երեխայի ջութակի լարը կտրվել է։


-Այդ օլիգարխիան, կարծեմ, երազում է ազնվական և էլիտար լինել։ Համենայն դեպս, ճգնում է։ Ուրեմն, պիտի նրանք հասկանան, որ դրա համար հարկ է մշակույթի մաս կազմել։ Այդ օլիգարխներին պետք է հասկացնել, որ նրանք կարող են արժևորվել միայն այս դեպքում։ Իմիջիայլոց, ես վստահ չեմ, թե Անդրեա Բոչելլին այստեղ կենդանի է երգել։


–Օպերան աշխարհի ամենաթանկ հաճույքներից մեկն է. Մեկ օպերային ներկայացումը մի քանի միլիոն է պահանջում։ Արդյոք Դուք կարծո՞ւմ եք, որ այսպիսի փոքր և աղքատ երկիրը կարող է կայուն խաղացանկով օպերային թատրոն ունենալ։


–Ինչո՞ւ ոչ։ Մենք ունեցել ենք լավ ավանդույթներ և պարտավոր ենք այն շարունակել։ Նայեք, մենք ունենք Կոնսերվատորիա, տալիս ենք լավ մասնագիտական կրթություն և այսօր էլ հրաշալի ուսանողություն կա։ Հենց նրանք են այդ ավանդույթների շարունակողները։ Ես հավատում եմ նրանց։


–Երբ գալիս եք, չե՞ք ուզում հանդիպել ուսանողների հետ, գոնե վարպետության դասեր անցկացնել։


–Իհարկե, ուզում եմ։ Բայց ես չեմ կարող կազմակերպել իմ իսկ վարպետության դասը։ Մի քանի տարի առաջ ուզում էի այստեղ բերել Գերմանիայից մի հրաշալի մասնագետի, առանց որևէ ծախսերի։ Այսուայնկողմ դիմեցի, բայց չգտնվեց որևէ մեկը, ով մեկ գրավոր հրավեր ձևակերպեր։ Առանց հրավերի, գիտե՞ք, պատշաճ չէ մասնագետի կանչելը։ Մեր զրույցի սկզբում ասացի, չէ՞, որ մարդկանց ձեռնտու է այս վիճակը։


–Երազում եմ հասկանալ ինչո՞ւ, ո՞րն է վերջնանպատակն, ըստ Ձեզ։


–Գիտե՞ք, վախենում են։ Եվ դա միայն հայկական խնդիր չէ։ Ամենուր է այդպես։ Մարդը, ով արդեն ինչ-որ դիրքի է հասել, միշտ վախենում է ներքևի զարգացումներից։ Մտածում է՝ դիրքերը կսասանվեն, իր արժեքը դրանից կկորի, կանհետանա։ Հայաստանում ավելի վառ է սա արտահայտված։


–Այսինքն, Դուք կարծում եք, որ մեր իշխանությունը չի՞ ուզում, որպեսզի մեր մշակույթը բարձրանա։


–Այո, Հայաստանում դա հստակ երևում է՝ չի ուզում։ Բայց մեր մշակույթը մենք պիտի բարձրացնենք։ Ես իմ կայքէջում հայ ուսանողներից միշտ նամակներ եմ ստանում, նրանք ինձ միշտ գրում են։ Երբ թեկուզ կարճ ժամանակով գալիս եմ այստեղ, աշխատում եմ հանդիպել նրանց։ Մի երկու օր առաջ էլ Վիեննայից իմ կայքէջով պայմանավորվել էի մի աղջկա հետ։ Եկա Երևան, լսեցի նրան։ Բայց վերջում նրա մայրն ինձ հարցնում է. «Ո՞ր երկիրն է ավելի հարմար այստեղից փախչելու համար»։


–Պատրաստ չէի՞ք այդպիսի հարցի։


–Ես նրան ասացի, որ միայն կարող եմ Ձեր աղջկան ասել, թե ինչպե՞ս անի, որ ավելի լավ երգի։ Ինձ համար մեծ վիրավորանք է, երբ ասում են՝ «Այ, Դուք գնացել եք, իսկ մե՞նք ոնց գնանք»։ Այսօր, այո, աշխարհում չկա որևէ մեծ երգիչ, ում հետ ես չեմ երգել, և այդպիսի մեծ խմբավար, այդպիսի մեծ թատրոն էլ չկա, որտեղ ես երգած չլինեմ, ընդ որում ՝միշտ գլխավոր դերեր եմ երգել 5 հազար տեղանոց դահլիճի բեմերին՝ կարծես օլիմպոսին կանգնած։ Բայց այդ ամենը երբեք չի մշուշել ինձ, ես միշտ այստեղ եմ։ Ես չեմ գնացել, այստեղ է իմ տունը, և ես այստեղ պիտի ապրեմ։ Միշտ։


–Այսօր օպերային արվեստն իր նախնական իմաստով, կարծես, մեռնում է։ Օպերային թատրոնն այսօր նոր, ավելի պլաստիկ ֆորմաներ է ընդունում, դուրս է գալիս ավանդական ստատիկ վիճակներից, և ֆիզիկական մեծ պատրաստվածություն է պետք այդ թատրոնը խաղալու, այդ նորաձևություններին դիմակայելու համար։ Դուք քանի՞ տարի ևս կարող եք հաղթահարել այդ ատլետիկ փորձությունները ։


–Ես ինչեր եմ արել և էլի անում եմ... Ավանդական բեմադրությունների ժամանակն, այո, անցել է։ Ես «Նորմայի» 29 տարբերակ եմ երգել՝ բոլորն առանձին բեմականացումներ։ Իմ «Նորմաներից» մեկը հենց Հիլլարի Քլինթոնի նախատիպն էր, ով քաղաքական որոշումներ է կայացնում, միևնույն ժամանակ մայր է, կանացի արժանապատվությունը վիրավորված է: Ես երգել եմ նաև մի «Նորմա», որը Մարիա Կալլասի կյանքն էր։ Այդ բեմականացումն, իմիջիայլոց, սկսվում էր հանդերձարանից։ Իսկ վերջում հանդիսատեսի շարքերի միջով ես լքում բեմը՝ առանց հանդիսատեսին հրաժեշտ տալու։ Հրաշալի բեմականացում էր։ «Տրավիատա» երգեցի, որը ոտքից գլուխ ֆիզիկական աշխատանք էր. 6 ամիս ոսկորներս տնքում էին։


–Դուք անգամ հինգուկես ժամ առանց դադարի Իզոլդա եք երգում…


- Այն էլ՝ հին գերմաներենով։ Եվ սկզբում վստահ էլ չէի՝ կկարողանա՞մ, թե՞ ոչ: Եվ հենց դա էր, որ ինձ մի քանի աստիճան հեռու տարավ, որովհետև պետք է իրավունք ունենալ այդ նյութի հետ շփվելու, այն բեմ հանելու, բարձրացնելու, այդ փիլիսոփայությունը փոխանցելու։


– Երևանում կայացած Ձեր վերջին համերգին բարձր հովանին՝ իշխանությունները, չկային, չէի՞ք հրավիրել, թե՞ չէին եկել։


–Անձամբ՝ ոչ, չէի հրավիրել։ Ինձ հարցրին՝ «Ինչո՞ւ չես հրավիրել», ես ասացի, որ իրենք պիտի գան, ինչո՞ւ պիտի հրավիրեմ։ Դալլասում կայացած իմ ներկայացմանը ներկա է եղել Ջորջ Բուշն իր տիկնոջ հետ։ Ես, իհարկե, նրան չէի հրավիրել։ Բայց եկավ, հետո շնորհավորեց, շնորհակալություն հայտնեց ինձ, որ ինքը տեսավ, վայելեց այդ ներկայացումը։ Եվ դա շատ բնական էր։ Օրինակ, Անգելա Մերկելը միշտ գալիս է իմ ներկայացումներին։ Նա սիրում է օպերա գալ։


Պարզ է, որ ես նրան անձամբ չեմ հրավիրում։ Ընդ որում, ոչինչ էլ չի փոխվում նրանց գալով. ոչ ճանապարհներ են փակվում, ոչ էլ՝ հոծ շքախմբեր են նրանց ուղեկցում։ Նրանք աննկատ գալիս են, աննկատ գնում։ Եվ նրանց ներկայությունից ես ավելի լավ չեմ երգում։ Երբ օդակայանից Երևան ես մտնում, բոլոր պաստառները ազդարարում են «Բալա» երգի մասին։ Սկզբում չէի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, որովհետև տեսնում էի՝ մի տղա է նկարում, տակը գրված՝ բալա։ Հետո ինձ բացատրեցին, որ խոսքը երգի մասին է։ Գիտեմ, մի Արմենչիկ էլ կա, ի՞նչ արած։


–Մեկը չի, հազարն են։ Ռաբիսը մի տեսակ իմպերատիվ է դարձել բոլոր ոլորտներում, իսկ վառ ու տաղանդավոր մարդիկ ուղղակի պատանդ են դարձել այդ արժեհամակարգը կրողների ձեռքին։ Կներեք, որ Ձեզ ներքաշում եմ հայաստանյան կյանքի, թերևս, ամենատխուր թեմաների մեջ։


–Օ, ոչ։ Դրանք նաև իմ խնդիրներն են, և մենք միասին պիտի դրանք հաղթահարենք։ Նայեք։ Ես այստեղ տեսա «Ալմաստ» օպերան։ Երգիչները շատ լավ էին երգում, նվագախումբը շատ լավ էր նվագում, իսկ բեմադրությունն ուղղակի սարսափելի վատն էր։ Բայց ես վստահ եմ, որ Հայաստանում կան լավ ռեժիսորներ, ովքեր կարող են բեմադրել լավ օպերաներ։ Եվ անպայման չէ, որ այդ ռեժիսորն իմանա նոտաները։ Դրսում դա նույնիսկ ընդունված չէ։ Նա բեմականացման տերն է։ Նա ունի ասիստենտ, ով կարդում է նոտաները, և դա բավարար է։ Մենք էլ ենք ունեցել՝ Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը. Նրանք կարողանում էին հրաշալի օպերային բեմադրություններ անել։ Պետք չէ վրաստաններից բեմադրիչներ հրավիրել։ Կուզեք, դա կոչեք ազգայնամոլություն: Ինչո՞ւ եք կարծում, թե Գերմանիայում, այլ տեղերում այդպես չէ։ Հենց այդպես էլ կա։ Նրանք էլ են այդպես անում, և մենք էլ պետք է հենց այդպես վարվենք։


–Բայց դա վտանգավոր չէ՞ մեզ համար։ Առանց այն էլ միատարր ենք, մեր ներսում պարփակված, մենք փոխազդեցությունների կարիք ունենք, կարծես։ Պարփակվե՞նք մեր ներսում։


–Ես ամենևին էլ պարփակվելու կոչ չեմ անում։ Ես խոսում եմ մեր ունեցածն արժևորելու մասին։ Եվ բացարձակ դեմ չեմ, որ մեր նվագախմբում դրսից էլ մարդիկ լինեն, ինչո՞ւ ոչ։ Սակայն ներքին ռեսուրսները, այն մեծ ներուժը, որ կա, պետք է, ըստ էության, օգտագործել։ Մենք մեր ներուժը գնահատելու և օգտագործելու անհրաժեշտությունն ունենք՝ բոլոր ասպարեզներում։ Թեկուզ, թող սկզբում տապալվեն։ Բայց շանսը պետք է տանք։


–Օպերայի շենքը մի տեսակ հարճի է վերածվել, որին վճարելով՝ նրա հետ կարող ես ամեն բան անել՝ սպորտային հետաքրքրություններ բավարարելուց մինչև ռաբիսի վերջին արբունքը։ Հիմա, երբ նայում եք մեր օպերայի շքեղ շենքին՝ այդպես հեշտ տրվող, ճզմված սրճարանների բերանում, ին՞չ եք մտածում։


–Մտածում եմ, որ մի օր կգտնվի մի...


–էքսկավատո՞ր...


–Ոչ այդքան կոպիտ, իհարկե, բայց համաձայն եմ, որ այսօր այն ակնածանքը չկա։ Բոլոր թատրոնների մասին է խոսքը։ Անկանխատեսելի է, թե վարագույրը ե՞րբ բացվի, դու ո՞ւմ կարող ես այնտեղ տեսնել։ Իսկ ներկայացման ժամանակ կարող են իրար հետ անընդմեջ խոսել, գոռալ, ոչ մի հարգանք չկա բեմի հանդեպ։ Բայց այս ամենի կողքին կա նաև շատ լուրջ հանդիսատես։ Եվ նրանք տարբեր խավերից են, սա ոգևորող է։ Ու շատ երիտասարդներ կան նրանց շարքերում:


–Կա՞ն հաջողակ կնոջը կառուցող սկզբունքներ, որոնց Դուք հետամուտ եք եղել։


–Այո, կան։ Ես դեռ փոքրուց ցանկացել եմ լինել մեկ քայլ առաջ։ Բայց դա չեմ արել մյուսներին հրելու հաշվին։ Չի բացառվում, որ դա եկել է նաև իմ ընտանիքից։ Մեր ընտանիքը միշտ եղել է շատ համեստ ու աշխատասեր, մյուսներից ոչնչով չտարբերվող, չցցվող։ Իսկ ես ունեի ընկերուհիներ, ովքեր դեռևս վաղ հասակից ինչ ուզել են՝ ունեցել են։ Տեղեր կային, որ ես չէի գնում, որովհետև չէի կարող նրանց համաքայլ լինել։ Իսկ նրանք ունևոր էին իրենց պապաների հաշվին։ Իսկ ուզեցի այդ ամենն ինքս ստեղծել ՝ միևնույն ժամանակ մնալով ազատ և անկախ։


–Փաստորեն, մարդը կազմված է իր մանկությունից…


–Անպայման։ Իհարկե։ Երբ ես երիտասարդ էի, տղաներ կային, ովքեր ինձ շատ էին հավանում։ Իսկ այդ տղաները ինչ-որ մինիստրների, կենտկոմական հայրեր ունեցող տղաներ էին։ Բայց երբ իմանում էին, որ հայրս, օրինակ, մինիստր չէ, սիրավեպը շատ արագ վերջանում էր։


–Իսկ մասնագիտությամբ ո՞վ էր Ձեր հայրը:


– Հայրս աշխատում էր ավիացիայում, վատ պաշտոն էլ չուներ, բայց ամեն դեպքում, ես մինիստրի աղջիկ չէի։


-Իսկ հիմա վրեժը հանու՞մ եք աշխարհի մեծ մարկետներից:


- Այսօր ես երկար շրջում եմ ճոխ խանութներում ու ոչինչ էլ չեմ գնում. լիացած եմ։ Բայց ես երբեք չեմ նախանձել ոչ մեկին։ Բայց այն, որ առանձիններն իրենց առավել էին զգում, դա ինձ, միգուցե, մղել է պատվախնդրության։ Ես միշտ գնահատել եմ համեստությունը։ Եվ այսօր էլ, եթե ունեմ մեկ պայուսակ, երկրորդը չեմ ուզում ունենալ։ Ամեն ինչի համար նախ պարտական եմ իմ աշխատասիրությանը։ Նաև՝ պահը որսալու կարողությանը։ Երբ ինձ մի բան են առաջարկել, որը անհնարին է թվացել, միևնույն է, ես նետվել եմ այդ կրակների մեջ։


–Այսինքն, ռիսկն ամենևին էլ գործի կեսը չէ, այլ դրանից ավելի՞ն:


–Այո։ Եվ ամեն ինչ այսօր։ Որովհետև վաղը դրա հնարավորությունն էլ չի լինելու։ Ռիսկը խրախուսելի է։ Այն հաջողությունը տասնապատկում է։


–Իսկ այդ արանքում մեծ պարտություններ չկա՞ն։ Ո՞ր գրողի ծոցն էիք դրանց ուղարկում:


–Ես չգիտեմ ինչ է մեծ պարտությունը։ Ես կարող էի երկու դեր ավելին երգել և հնարավոր է դեռ երգեմ։ Բայց նույնիսկ երբ երեխայի էի սպասում, դրանից երկու շաբաթ առաջ ես բեմում էի։


-Կարծես, պարտության նման է այն, որ անգամ այդ վիճակում եք աշխատել, բայց արդյոք կյանքն ավելին չէ՞:


-Երևի մի քիչ պարտության նման է, այո, որ զբաղված եմ եղել երգելով և շատ բաներ չեմ ապրել՝ նաև որպես մայր, որպես կին։


–Ո՞րն է ամենակարևորը, որ պիտի ասես երեխայիդ:


–Ես նրան համարյա ոչինչ էլ չեմ ասում, ինչպես իմ մայրը ոչինչ էլ չի ասել ինձ։ Երեխան զգայուն է և նա սովորում է տեսնելով ու զգալով։ Նրանց երբեք պետք չէ ասել՝ «Այս բանը մի արա»։ Եթե դու չանես, ինքն էլ չի անի։ Միակ բանը, որ նրանից պահանջել եմ, այն է եղել, որ իր ձեռքի խնձորը պետք է կիսի, ուրիշի ցավը հասկանա, պատրաստ լինի օգնելու, երբեք չընդգծի իր առավելությունը և բավարարվի ունեցածով։ Նա չպիտի ունենա երկրորդ կոշիկը, մինչև առաջինը չմաշի։ Եվ այսօր նա սա ընդունել է:


–Դուք իմաստուն բաներ եք ասում։ Իսկ իմաստնությունը տառապանքից է բաղկացած։ Ու հիմա պետք է ասեք, թե ի՞նչն է այդքան տառապանք պատճառել Ձեզ:


–Միգուցե ես դրանք այսօր էլ ունեմ։ Եվ, իհարկե, ունեմ այդ դժվարություններն ու տառապանքները։ Ոչ մի բան վերևից հենց այնպես չի ընկնում, հենց այնպես նվեր չի տրվում։ Եվ չկան պատահականություններ։ Բնական է, որ ես նաև տառապանքների միջով պիտի անցնեի, և դա բարձրաձայնելու, դրանից դժգոհելու առիթը չեմ տեսնում։ Իմ ամուսինն ինձ միշտ ասում է, թե մենք՝ հայերս, սիրում ենք ստեղծել անելանելի վիճակներ, ապա դրանք հաղթահարել ու այն որակել որպես հերոսություն։


–Ընտանիքում ու՞մ ձեռքին է մուրճը և ու՞մ ձեռքին՝ շերեփը:


–Ամեն դեպքում տան մեջ վերջին խոսքն իմն է: Նա շատ բան է ինձնից սովորել՝ հայոց լեզվից սկսած՝ ի պատիվ իրեն։ Ես էլ նրանից եմ սովորում։ Օրինակ, կարևորն ու անկարևորը, գլխավորն ու երկրորդականը զատելը։ Եթե ինչ-որ մեկը քեզ թթու խոսք ասաց, պիտի կարողանաս մոռանալ։ Որովհետև դա երեկ էր, անցավ, և հիմա այսօր է. ես նրանից դա եմ սովորել՝ առողջ մտածողություն և առողջ ապրելակերպ։ Բայց ինձ իմ էմոցիաներն են կերակրում։ Եթե ես չլինեի այդքան էմոցիոնալ, չէի ունենա այդքան հաջողություններ։ Իմ երգած «Աիդան» հայ Աիդա է։


–Ես կարծում եմ, որ այսօր եթե հայերը աշխարհին մի բան ունեն տալու՝ որպես բնական հանածո, դրանք մեր զգացմունքներն են։ Եվ իմ համեստ կարծիքով, հենց այդ զգացմունքայնությունն է նաև Ձեր կատարումները զատում հազարավոր պրոֆեսիոնալների երգեցողությունից։ Իսկ աշխարհը գնալով ցամաքում է էմոցիաների պակասից։ Մեծամտություն չլինի, բայց արդյոք Ձեր հաջողության բանալին հենց հայկական գենի այդ զարմանալի բաղադրության մեջ չէ՞:


–Իհարկե, ես դա չեմ էլ ժխտում։ Այո, և հենց այդ չկրկնվող տեսակի խնդիրն է։ Շիկահեր երգչուհիների շարքում, երբեմն, չես տարբերում՝ ով ով է։ Բայց կա հիշվող տեսակը։ Այդ առումով, այո, միգուցե հենց այդ տեսակն է պատճառը։


- Կինը, երևի, երկու տարբերակ ունի լավ կարիերա անելու համար՝ ժպիտ նվիրել և անցնել առաջ, կամ սկզբում անցնել առաջ, ապա՝ ժպիտ նվիրել…


-Ես այնպիսի բնավորություն ունեմ, որ ոչ մեկի ավելորդ չեմ ժպտա։ Ես ոչ ոքի անիմաստ ժպիտ չեմ նվիրել։ Կուզեք՝ դրան ասեք հպարտություն, բայց դա այդպես է։ Ես ունեմ ամուսին և որպես ավանդական կին՝ այլ կողմ չեմ շրջվի և ոչ մի պարագայում:


-Նյութը, կարծես, հաղթահարել եք, Ձեզ համարո՞ւմ եք հարուստ կին:


–Այո։ Ավելի շուտ՝ ապահով։ Ինձ Եվրոպան տվեց դա՝ ոչ միայն նյութական, այլև հոգևոր իմաստով։ Ես Գերմանիա եմ գնացել 25 տարի առաջ, և այսօր արդեն ելույթ եմ ունեցել աշխարհի առաջավոր բեմերում։ Բոլորն ինձ հետ հաշվի են նստել, և ես եղել եմ պահանջված, որը շատ լավ զգացողություն է, գիտե՞ք։


–Դուք զբաղվո՞ւմ եք բարեգործությամբ:


–Այո, շատ բարեգործական համերգներ եմ երգել։ Էլի բարեգործություններ կան, որոնց մասին երբեք չեմ ասել ու չեմ ասի։ Բայց ես տանել չեմ կարողանում այդ համերգները, երբ մարդիկ հագած-կապած, պճնված գալիս են բարեգործական համերգի։ Մանավանդ, երբ դրան հաջորդում է ճոխ ֆուրշետը։ Դե, ուրեմն, այդ հագուկապն ու ֆուրշետն էլ մի արեք։ Դրա համար ես այդ համերգները, մի տեսակ, չեմ սիրում։ Եվ դա միայն Հայաստանում չէ։ Եվրոպայում, աշխարհում էլ կա։ Հատկապես տոներից առաջ բոլորը սկսում են խմբակային բարեգործությամբ զբաղվել։ Հավաքվում են պարարտ խմբերով այդ զեխ միջոցառումներին:


-Ավելի արդյունավետ տարբերակների մասին մտածում ե՞ք:


-Գիտե՞ք, եթե ես մեծ հնարավորություններ ունենայի, մի բան հաստատ կանեի՝ ես կգնայի Հայաստանի շրջաններ և սարքել կտայի գյուղացի մարդկանց ատամները։ Այսօր ինձ համար ամենամեծ ցավն այն է, որ նրանք չեն կարողանում արտահայտել մտքեր, խոսել։ Չեն կարողանում ծամել իրենց առանց այդ էլ կոշտ կերակուրը։ Սա մեր երկրի ամոթն է։ Երբ լսում եմ նրանց, մի կերպ եմ կողմնորոշվում, թե ինչ են նրանք ասում։ Այնքան բան կա անելու, հո միայն երգե՞լը չէ։ Երգով ընդամենը ծառայում ես ինչ-որ երջանիկ մարդու կամ երևի մեկուկես օր դժբախտացած ինչ-որ մեկի, որին ուզում ես գեղեցիկ պահեր նվիրել։ Ես չեմ կարողանում նայել հայ տղամարդկանց կորացած մեջքերին։ Նայում ես, տեսնում՝ խելոք է, արժանապատիվ, բայց կորացած է ման գալիս։


–Ի՞նչ եք կարծում, սա հոգեվիճա՞կ է, թե՞ ֆիզիովիճակ։


–Անպայման հոգեվիճակ։


–Եթե Ձեզ առաջարկեին դառնալ մշակույթի նախարար, կհամաձայնեի՞ք։ Մի անգամ կարդացել եմ, որ ձեր կարիերայի վրա մի հասարակ հայ լրագրող շատ մեծ ազդեցություն է ունեցել։ Նրա շնորհիվ Դուք ընդունվել եք Սայաթ-Նովայի երաժշտական դպրոց։ Այնպես, որ ճակատագիրը երկրորդ անգամ է թակում Ձեր դուռը։


–Եթե լուրջ եք ասում՝ ես կմտածեմ։ Դուք, մի տեսակ, վախենալու բան եք ասում։


–Իսկ եթե, այնուամենայնիվ, լինի՞ այդ առաջարկը։


–Ես, իհարկե, ունեմ լավ գաղափարներ։ Տեսեք, ես ինչ խոսել եմ Ձեզ հետ, շատ անկեղծ եմ խոսել։ Եվ ինձ թվում է՝ ես հենց այդ սրտացավությունը կներդնեի այդ գործի մեջ։



Հարցազրույցը՝ Վարդ Սիմոնյանի

28.08.13

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page