top of page

«Ես չորս տղա ունեմ, չորսն ել երկրի Կառավարության և քո տրամադրության տակ են». Թումանյանի նամակը Զորավար Անդրանիկին

19.02.2023


«Ես չորս տղա ունեմ, չորսն ել երկրի Կառավարության և քո տրամադրության տակ են»... 1917 թ. վերջին - 1918 թ. սկզբին Հայկական նահանգների վրա կախվեց թուրքական զորքերի արշավանքի վտանգը: Ռուսական զորամիավորումները հեռացել էին Հարավային Կովկասից, ողջ ռազմաճակատն այլևս բաց էր, և այդ ծանր պայմաններում հայկական նորաստեղծ զինուժը փորձում էր անել անհնարինը՝ դրությունը մի կերպ փրկելու և Արևմտյան Հայաստանի գոնե ինչ որ մի հատված պահելու համար: Սակայն պետականության բացակայության, ռազմաճակատի կազմալուծման և թուրքական գերակշիռ ուժերի հարձակման պայմաններում՝ դա հնարավոր չեղավ իրականացրել: Թուրքական կանոնավոր զորքերի դեմ կանգնած էին՝ Հայկական կորպուսը գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ և Հայկական երկրապահ առանձին զորամասը Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ: Հովհաննես Թումանյանը, Հայաստանի համար այդ օրհասական պահին՝ հայրենասիրական իր բացառիկ կեցվածքով օրինակ ծառայեց բոլորի համար (ցավոք, 1918-ի ապրիլին Վանից ետնահանջի ժամանակ հերոսաբար զոհվեց նրա որդի Արտավազդը): Հայկական մամուլում հրապարակվեց և մեծ արձագանք ստացավ Թումանյանի «Բաց նամակը Անդրանիկին». --- Հովհաննես Թումանյանի նամակը Զորավար Անդրանիկին 23 դեկտեմբերի 1917 թ., Թիֆլիս

***

«Սիրելի Անդրանիկ, ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի հաղթությանը հասնելու համար։ Ես չորս տղա ունեմ, չորսն ել երկրի Կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։ Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ գալու, երբ և ուր կկոչի Քո եղբայրական ձայնը։ Համբուրում եմ հերոսական ճակատդ, միշտ Քո՝ Հովհաննես Թումանյան: Հ.Գ. Սրա հետ միասին, որովհետև ես են կարծիքին եմ, որ ամեն Հայ այժմ պետք է իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին»:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page