top of page

Երբ անվտանգության կանոնները համատարած անտեսվում են, պայթյուններն անխուսափելի են

  • YO
  • 2 мая
  • 1 мин. чтения

02.05.2025



Մայիսի 1-ին՝ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում, տեղի ունեցած պայթյունը մեկ անգամ ևս հիշեցրեց մեզ ցավոտ ճշմարտությունը․ մենք, որպես հասարակություն, ունենք համակարգային անտարբերություն անվտանգության ամենապարզ և կենսական կանոնների հանդեպ։


Պայթել է ավտոմեքենայի գազաբալոն՝ ըստ պաշտոնական աղբյուրների՝ «Opel Combo» մակնիշի մեքենայում։ Դեպքը վնասել է ոչ միայն հենց այդ մեքենան, այլև շուրջը կանգնած թանկարժեք ավտոմեքենաներ՝ «Porsche Cayenne», «BMW X5», «Toyota Camry» և էլեկտրական մեկ այլ մեքենա։ Մարդկանցից մեկը հոսպիտալացվել է, երթևեկությունը՝ դադարեցվել։ Բայց պատմության մեջ ամենաազդեցիկը ոչ թե վնասված ավտոմեքենաներն են, այլ այն՝ թե ինչքան բնական է դարձել մեզ համար նման դեպքը։


Մեկ պայթյունը չի լինում առանց նախադրյալների։ Մեկ գազաբալոն ինքն իրեն չի «բացվում», երկու գազաբալոն ինքնաբերաբար չեն թռչում տարբեր ուղղություններով, եթե համակարգն աշխատում է։ Բայց համակարգը չի աշխատում։ Ոչ մեկը չի ստուգում, թե ով որտեղ է տեղադրում գազաբալոն, ով է այն լիցքավորում, ինչ որակի նյութ է օգտագործվում։


Մենք թքած ունենք տեխնիկական նորմերի վրա։ Ինչպես թքած ունենք սննդամթերքի անվտանգության, տրանսպորտային միջոցների շահագործման, շենքերի հակահրդեհային պաշտպանության և հարյուրավոր այլ ոլորտներում գործող նորմերի վրա։ Մեզ մոտ օրենքը կա, բայց օրենքը չկա։ Որովհետև այն չի գործում։


Երբ պայթում է գազաբալոն՝ դա արդեն ամենավերջին ազդանշանն է։ Դրանից առաջ՝ լինում են անտեսված ստուգումներ, կոռումպացված թույլտվություններ, էժան ու վտանգավոր ծառայություններ, և վերջապես՝ բոլորիս՝ որպես հասարակություն, անտարբեր լռությունը։


Սարյան փողոցի պայթյունը պատահականություն չէ։ Դա համակարգային հիվանդության նոր ախտանիշ է։ Եթե չվերադառնանք կանոններին՝ մարդկային, տեխնիկական, բարոյական, հաջորդ պայթյունը պարզապես հարց է ժամանակի։

Երբ թքած ունես կանոնների վրա, մի օր այդ կանոնները պայթում են հենց քո կողքին։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page