top of page

Երուսաղեմում հայ հոգևորականների ապօրինությունների պատճառով հայկական հողերը դառնում են հյուրանոց

08.06.2023

Երուսաղեմում՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ամենաթեժ կետում, անշարժ գույքի աղմկահարույց գործարքը խուճապի է մատնել տեղի պատմական հայ համայնքը․ բնակիչները ամիսներ ի վեր փորձում են հասկանալ՝ արդյոք առեղծվածային ներդրողի պատճառով զրկվելու են իրենց տներից։


«Կովերի պարտեզ» կալվածքի գործարքի մասին AP-ն (Associated Press) է գրում՝ շեշտելով՝ «Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մոտ 25 տոկոսի հարյուրամյա վարձակալական պայմանագրի շուրջ ծագած վեճն արդեն քաղաքների պարիսպներից դուրս է տարածվել»։


Գործարքի պատճառով հայ առաքելական եկեղեցու առաջնորդը վանքում մեկուսացել է, գործարքի հետևում կանգնած քահանան էլ շնորհազրկվել է, փախուստի դիմել՝ թաքնվելով Լոս Անջելեսում։


Երուսաղեմի հայերին պատկանող հողատարածքների վարձակալության մասին հայտնի է դարձել ապրիլին՝ իսրայելական երկրաչափների անակնկալ այցից հետո։


Պարզվել է, որ իսրայելական ծագման մի գործարար մտադիր է հայերի բնակարանների և խանութների կրաքարե ամրոցը, ինչպես նաև ավտոկայանատեղին վերածել շքեղ հյուրանոցի։


Պաղեստինցի պաշտոնյաները Հայոց պատրիարքին են մեղադրել և հայտարարել, որ նման քայլով Մանուկյանն օգնել է Իսրայելի կառավարությանը։


Պաղեստինի և Իսրայելի միջև կռվախնձոր համարվող Երուսաղեմում նմանօրինակ հողային գործարքներին պաղեստինյան կողմն ավանդաբար կոշտ է արձագանքում՝ մտավախություն ունենալով, որ Իսրայելը այդկերպ քայլ առ քայլ փորձում է դուրս մղել Պաղեստինին Արևելյան Երուսաղեմի ռազմավարական տարածքներից:


Պատրիարքը զրկվել է գործարքներ կնքելու իրավունքից


Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը և Հորդանանի թագավոր Աբդալահ Երկրորդը կասեցրել են Երուսաղեմի հայոց պատրիարք կարգված Մանուկյանի ճանաչումը՝ այդկերպ նրան զրկելով պաղեստինյան տարածքներում և Հորդանանում պայմանագրեր ստորագրելու, գործարքներ կնքելու, որոշումներ ընդունելու իրավունքից։


Մանուկյանն այժմ մեկուսացել է հայկական վանքում՝ չցանկանալով կամ չկարողանալով ներկայանալ հանրությանը:


Ցուցարարներն իրենք են ուրբաթ օրերին հավաքվում պատրիարքի պատուհանի տակ և «դավաճան» վանկարկումներով պահանջում պարզաբանել՝ ով և ինչպես է վարձակալել իրենց պատկանող հողերը։


«Այս թաղամասն ինձ համար ամեն ինչ է: Սուրբ Երկրում սա հայերի միակ հավաքատեղին է, մենք պետք է պայքարենք», - ասում է համայնքի 22-ամյա ներկայացուցիչ Հակոբ Ճռնազյանը և հավելում․ - «Մենք դեռ սպասում ենք, որ պատրիարքարանը մեզ պատասխանի։ Մենք պահանջում ենք պատասխան, պահանջում ենք արդարություն, պահանջում ենք թափանցիկություն՝ այս վայրը ապագա սերունդների համար անվտանգ վայր պահելու համար»։


Հյուրանոցը կառավարելու է One&Only ընկերությունը


Եկեղեցին հրաժարվում է գործարքի մասին մանրամասներ ներկայացնել։ Ներդրողի անունը բացահայտել է Սուրբ աթոռի կալվածքների տեսուչ Պարետ վարդապետ Երեցյանը, որի անունը կապվում է աղմկահարույց գործարքը համակարգելու հետ։ Գործարար Դենի Ռոթմանը, սակայն, չի ցանկացել պատասխանել AP-ի հարցերին։


AP-ն պարզել է, որ Հայկական թաղամասում բարձրակարգ հյուրանոցը կառավարելու է Դուբայում գտնվող One&Only ընկերությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ վերջերս Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած Արաբական Միացյալ Էմիրությունների հետ այս գործարքն, ըստ երևույթին, ամենամեծ (վիճահարույց) գործարքներից է, որը կնքվել է ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված «Աբրահամի համաձայնագրի» շրջանակներում։


Իսրայելը հրաժարվել է մեկնաբանություններից


Իսրայելի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանություններից՝ նշելով, որ հարցը քաղաքական առումով զգայուն է։ Դուբայում գործող ընկերությունն էլ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը՝ միայն ասել է, որ միշտ հնարավորություններ են փնտրում շքեղ հյուրանոցների իրենց պորտֆոլիոն ընդլայնելու համար:


Հայտնի իսրայելցի ճարտարապետ Մոշե Սաֆդին AP-ին ասել է, որ ինքն է լինելու հյուրանոցի նախագծողը, տեղեկացնելով, որ շինարարությունը կմեկնարկի հենց ավտոկայանատեղիում հողային աշխատանքներն ավարտվեն։


Արդյոք սա նշանակում է, որ բնակիչները կվտարվեն։ Այս հարցի պատասխանը հայտնի չէ։ Պատրիարքարանը միայն խոստացել էր օգնել բոլոր տեղահանված բնակիչներին:


AP-ն շեշտում է, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ցանկալի վայր է իսրայելցի ներդրողների համար, քանի որ այն հարում է Հրեական թաղամասին և Արևմտյան պատին՝ հրեաների սուրբ աղոթավայրին, իսկ նրանց նպատակը Արևելյան Երուսաղեմում հրեական ներկայությունն ընդլայնելն է, իսրայելական վերահսկողության ամրապնդումը քաղաքի այն հատվածի վրա, որը պաղեստինցիները համարում են իրենց մայրաքաղաքը, գրում է AP-ն։


«Քարոզչություն»՝ հիմնված բացառապես Ռոթմանի հրեական ինքնության վրա»


Երեցյանը հերքում է իսրայելցիների կողմից Հայկական թաղամասին տիրանալու մտավախությունները՝ դրանք որակելով «քարոզչություն»՝ հիմնված բացառապես Ռոթմանի հրեական ինքնության վրա։


«Այդ վայրը հրեականացնելու մտադրություն երբեք չի եղել», - նախկին վսրդապետի խոսքերն է մեջբերում AP-ն: Երեցյանը պնդել է, որ Հայոց պատրիարքը լիարժեք մասնակցություն է ունեցել երկարատև բանակցություններին և անձամբ ստորագրել պայմանագիրը, բայց հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել վարձակալության մասին, որի ժամկետը լրանում է մեկ դարից:


Պատրիարքարանը հրաժարվել է նաև պատասխանել, թե ինչ է անելու գործարքից ստացված գումարի հետ:


«Մեր հողերը արյունով ու քրտինքով են ձեռք բերվել՝ թիզ առ թիզ»,- ասում է 26-ամյա բնակիչ Սեդրակ Բալյանը․ - «Մի ստորագրությամբ դրանք հանձնվեցին»:


Երուսաղեմի հայկական թաղամասում մոտ մոտ 2 հազար մարդ է բնակվում։ Նրանք ունեն նույն կարգավիճակը, ինչ պաղեստինցիները Իսրայելի կողմից բռնակցված Արևելյան Երուսաղեմում. մշտական բնակիչներ, բայց ոչ քաղաքացիներ, փաստացի՝ քաղաքացիություն չունեցող անձինք:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page