23.05.2023
Երևանի ավագանին այսօր՝ մայիսի 23-ին, նիստ կգումարի, որի ժամանակ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցին զուգահեռ`Հալաբյան-Շինարարներ ընկած փողոցը դերասանուհի, Երևանի պատվավոր քաղաքացի, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանի անվամբ` «Վարդուհի Վարդերեսյան փողոց» անվանակոչելու մասին որոշում կընդունի:
Դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինն է։
1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում։ 1947 թվականին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում։ 1958 թվականից տեղափոխվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն։ Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի և այլն։ Խաղացել է նաև արևմտահայ դերերում՝ «Պաղդասար աղբար»՝ Անույշ և այլն։
Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում։
Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն։ 1958 թվականից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ՝ եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից։ 1985 թվականին հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։
Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր։ 1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ, 1988 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1995 թվականին պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով, 2001 թվականին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013 թվականին՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
• ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965 թվականի մարտի 11)
• ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988)
• Ժողովուրդների բարեկամության շքանշան
• «Պատվո նշան» շքանշան (1956 թվականի հունիսի 27)
• Մովսես Խորենացու մեդալ(1995)
• ՀԽՍՀ պետական մրցանակ
• Երևանի պատվավոր քաղաքացի (2001)
• Արտավազդ մրցանակաբաշխության Վարդան Աճեմյանի և Արուս Ասրյանի անվան մրցանակ «Տիկնոջ այցելությունը» ներկայացման մեջ Կլարա Ցախանասյանի դերի համար
• Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2013)
• Գյումրու պատվավոր քաղաքացի (2013)։