25.09.2023
Այսօր առավոտյան ժամը 8-ից Երևանում մեկնարկել են ընդդիմության հայտարարած անհնազանդության ակցիաները:
Ցուցարարները մի քանի խմբի բաժանված շրջում են Երևանի փողոցներում, պարբերաբար փողոցներ են փակում:
Նրանք մի քանի րոպեն մեկ դուրս են գալիս փողոցներ, 3-4 րոպե կոչեր են հնչեցնում, հորդորում են անցորդներին և վարորդներին միանալ իրենց:
Ոստիկանությունն էլ զուգահեռ հայտարարում է, որ ցուցարարների գործողություններն անօրինական են, կոչ է անում ազատել փողոցը, և ընդամենը մի քանի րոպե փողոցում անցկացնելուց հետո ցուցարարները հեռանում են մայթ, տեղափոխվում այլ փողոց և կրկնում նույն գործողությունները:
Փողոցներից մեկում ցուցարարները նաև աղբարկղերով էին փակել երթևեկությունը, բայց եղան վարորդներ, որոնք հարվածելով այդ աղբարկղերին շարունակեցին իրենց ճանապարհը:
Ակցիաներն ընթանում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Նախապես հայտարարել են, որ անհնազանդության այս ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 11-ը:
Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ այսօր ժամը 9-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի՝ ոստիկանության ծառայողի պահանջներին չենթարկվելու համար:
Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ մայրաքաղաքում հավաքների ընթացքում կալանավորվել է 26 քաղաքացի: