top of page

Ե՞րբ են ադրբեջանական զորքերը դուրս գալու Հայաստանի տարածքից

16.05.2023

Երկու օր առաջ բրյուսելյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Ընդ որում՝ հստակ նշելով երկրների տարածքները. Հայաստանի 29 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը։


Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, այսօր վերահաստատելով Շառլ Միշելի այս խոսքերը, ընդգծեց՝ խոսքը 1991 թվականին ստորագրված Ալմա Աթիի հռչակագրին է մասին է, այսինքն՝ այն սահմանների, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին։


«Ազատության» ճշտող հարցին՝ այդուհանդերձ Ադրբեջանը զորքերը դուրս կբերի՞, փոխնախարարը միայն իր ենթադրությունը ներկայացրեց. - «Այդ գաղափարը մի շարք մեր գործընկերների կողմից քննարկվել է։ Ոչ միայն Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Եվ արդեն իսկ ճանաչումը այդ սահմանների, որի մասին խոսեցինք, իհարկե ենթադրում է նման դուրսբերում»։


Մինչդեռ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, պատախանելով նույն հարցին, հավասարության նշան դրեց կողմերի միջև. - «Մենք հասկանում ենք, որ չափազանց կարևոր է գալ համաձայնության, և հուսով ենք, որ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն, և բոլորը կանցնեն սահմազատման և սահմանագծման աշխատանքերին»։


Ի՞նչ նկատի ուներ Վիկտորինը՝ Հայաստանին նման կոչով դիմելով, նաև հաշվի առելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն է 2021-ից ի վեր Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ օկուպացրել, ըստ Հայաստանի իշխանությունների՝ 139 քառակուսի կիլոմետր։ Տիկին դեսպանն ուշագրավ հայտարարություն արեց. - «Հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք՝ սահմանային տարածքներում։ Եվ շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա է եղել Բրյուսելում ձևակերպումը, ես պարզապես կրկնում եմ։ Ինչ վերաբերում է ժամանակցույցին, դա կախված է բանակցություններից։ Տեսնենք։ Հուսով եմ, որ երեկվա հանդիպումը թարմ նկարագիր է տվել բոլոր քննարկվող հարցերին, և մի շարք հարցեր ևս քկննարկվեն այլ մակարդակներում։ Հուսով եմ, շուտով կհանգենք որակյալ լուծման և սա էլ կհանգեցնի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքին, ինչը ենթադրում է զորքերի դուրս բերում»։


Եվրամիության դեսպանը, սակայն, այդպես էլ չհստակցերեց, թե որ կետերն են դրանք ու որ տարածքների մասին է խոսքը. - « Ես մանրամասներ չունեմ, բայց դա այն է ինչ ես լսել եմ բանակցություններում»։


Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, որ ԵՄ դեսպանի ասուլիսին էր մասնակցում, արդեն լրագրողների հետ ճեպազրույցում ևս պատասխան չուներ։ Ենթադրեց, թե Վիկտորինը նկատի ուներ ղարաբաղյան առաջին պատերազմը. - «Ըստ երևույթին, սա ընդունված ձևաչափ է՝ միշտ դիմել երկու կողմերին։ Բայց այստեղ ակնհայտ է բոլորի համար, որ այս շրջանում խոսքը գնում է Հայաստանի տարածքից զորքերի դուրս բերման [մասին]»։


«Ազատության» հարցին, թե արդյոք հավասարության նշան դնելը գործընթացը փակուղի չի տանում, փոխարտգործնախարարն արձագանքեց. - «Եթե նախկինում միայն երկկողմանի հայտարարություններ էին, հիմա արվում է հա'մ ուղղված, հա'մ երբեմն երկկողմանի, որպեսզի գործընկերներ են ասում, նաև պահեն ինչ-որ կոնտակտ այլ կողմի հետ։ Դրա համար իրավիճակը նույնը չէ, ինչ որ մեկ-երկու տարի էր»։


Փոխարտգործնախարից փորձեցինք ճշտել նաև՝ արդյո՞ք երեկ Բրյուսելում քննարկվել է անկլավների հարցը։ Բաքուն տևական ժամանակ է հայտարարում է, որ «Հայաստանը շարունակում է օկուպացիայի տակ պահել ադրբեջանական ութ գյուղեր» և պետք է վերադարձնի դրանք։


Դիվանագետը պնդեց, թե այդ թեմայով որևէ քննարկման մասին չի լսել ո՛չ անցյալում, ո՛չ էլ հիմա։


«Ազատության» մեկ այլ հարցին ի պատասխան, թե արդյոք երեկվա բանակցությունների ընթացքում Ալիևը դարձյալ առաջ է քաշել Երևանի կողմից մերժվող այսպես ասած «Զանգեզուրի միջանցք» գաղափարը, փոխարտգործնախարարը շեշտեց՝ միջանցքային տրամաբանության մասին խոսք չի եղել։ Երեկ հաղորդակցության և տնտեսական ուղիների բացման հարցում առաջընթացից խոսելիս՝ Եվրոպական խորհրդի նախագահը չհստակեցրեց՝ արդյոք Ադրբեջանի նախագահը հրաժարվել է միջանցքի պահանջից։


«Մեր գործընկերները չեն օգտագործում այդ եզրույցը այլևս։ Եվ դա արդեն ակնհայտ էր, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները», - ասաց Հովհաննիսյանը։


Բանակցությունների ընթացքում արդյո՞ք հնչել է ուղիղ ձևակերպում, որ Հայաստանը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս, և այս դեպքում ինչ անվտանգության երաշխքներ են տրվում այստեղ ապրող հայերին։ Երեկ երկրների տարածքային ամբողջականությանն անդրադառնալիս Եվրոպական խորհրդի նախագահը նշել էր Խորհրդային Ադրբեջանի տարածքը՝ 86 600 քառակուսի կիլոմետր, իսկ դա իր մեջ ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Շառլ Միշելն ասաց, թե անձամբ իր անունից հորդորել է Ադրբեջանին ուղիղ խոսել Ղարաբաղի բնակչության հետ և մշակել օրակարգ, որի նպատակը պետք է լինի երաշխավորել Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ: Թե կոնկրետ ինչ է ենթադրում միջազգային համայնքի հետ այդ համագործակցությունը, և արդյոք Ալիևը պատրաստ է դրան, Միշելը չհստակեցրեց:


Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն էլ ասաց, թե շատ մանրամասների ծանոթ չէ, սակայն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման միջազգային մեխանիզմը դեռ պետք է համաձայնեցվի։


Հայաստանի փոխարտգործնախարարը ընդգծեց՝ բանակցություններ ընթանում են նաև այդ հարցի շուրջ։ Ե'վ դեսպանը, և' փոխնախախարը մեկ բանում վստահ են՝ բանակցություններ են խաղաղության միակ ճանապարհը։


Հայ-ադրբեջանական քննարկումները կշարունակվեն։ Այս ուրբաթ Մոսկվայում նախատեսված է արտգործնախարարների հանդիպումը, հետո դարձյալ առաջնորդները կբանակցեն, այս անգամ՝ հունիսի 1-ին Քիշնևում Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին ու Շարլ Միշելին կմիանան նաև Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները։ Մեկ ամիս անց՝ հուլիսին, ըստ Շառլ Միշելին, Բրյուսելում առաջնորդները ևս մեկ հանդիպում կունենան, դրանց կրկին կմասնացի Եվրոպական խորհրդի նախագահը։


ԱՆՈՒՇ ՄԿՐՏՉՅԱՆ

Comentarios


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page