top of page

«Զանգեզուրը կվերադարձվի՞ Իրանին». Իրանի ԱԳՆ-ի հետ փոխկապակցված կայքի սադրիչ հոդվածը

28.03.2024



Տավուշի մարզի Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից գյուղերի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հանդիպմանն անդրադարձել են նաեւ Իրանում: Սակայն, առայժմ այդ թեմայի մասին պաշտոնական Իրանի դիրքորոշումն արտահայտող հրապարակված տեղեկություններ չկան: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի սահմանային փոփոխությունները չեն մտահոգում Իրանի Իսլամական Հանրապետությանը:


«Զանգեզուրը կվերադարձվի՞ Իրանին» կասկածելի վերտառությամբ հոդվածը, որի հրապարակումը ԻԻՀ ԱԳՆ-ի հետ փոխկապակցված Iranian Diplomacy կայքի միջոցով առնվազն տարակուսանք է առաջացնում, թույլ է տալիս խորհելու իրանական որոշ շրջանակների մտադրությունների մասին:

Նշենք, որ Iranian Diplomacy կայքի արտոնատերը ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի նախկին տեղակալ, Ֆրանսիայում Իրանի նախկին դեսպան Սեյյեդ Մոհամմադ Սադեղ Խառազին է:


Ուշագրավը նաեւ այն է, որ տարօրինակ խորագրով հանդես եկող այս հոդվածի հեղինակը, եվրասիական ու կովկասյան հարցերի փորձագետ, «ժամանակակից աշխարհ» վերլուծական կենտրոնի ղեկավար դոկտոր Շաիբ Բահմանի բնորոշմամբ, Իրանի պետական կառույցներում պաշտոնավարող քողարկված պանթուրքիստ Ռասուլ Էսմայիլզադե Դոզալն է, որը հայկական «Միրզոյան» կեղծ ստորագրությամբ «Քիրվայության ավանդույթից հրաժարումը՝ կովկասահայության պատմական սխալը» վերտառությամբ հոդված է հրապարակել Iranian Diplomacy կայքում:


Հարկ է նշել, որ դոկտոր Շաիբ Բահմանիի բացահայտած պանթուրքիստը 2012 թվականին որպես մշակութային կցորդ պաշտոնավարել է Թուրքմենստանում ԻԻՀ դեսպանատանը կից գործող մշակույթի կենտրոնում:


Հոդվածի կասկածելի ծագումով հեղինակը, չկարողանալով զսպել իր հրճվանքը հայկական չորս գյուղերը Բաքվին հանձնելու մասին շրջանառվող թեմայից, գրում է.

«Ադրբեջանապատկան չորս գյուղերի հանձնման անհրաժեշտությունն ստիպեց Նիկոլ Փաշինյանին այցելել նշված գյուղերը: Գյուղացիների հետ զրույցի ժամանակ Փաշինյանը ի ցույց դնելով միջազգայնորեն ճանաչված Հայաստանի քարտեզի ուրվագիծը եւ խոսելով պատերազմի վտանգը կանխելու հրամայականի մասին, փորձեց համոզել նրանց ընդունելու այդ փաստը, ինչը, տարբեր պատճառաբանություններով, տեղաբնակների կողմից դարձավ վիճարկման առարկա»:


Հաշվի առնելով տարածաշրջանի ներկա դրությունը, հոդվածագիրը չի բացառում, որ չորս գյուղերի բնակիչները ցանկություն հայտնեն հանձնվող գյուղերի հետ միասին ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը: Իր ենթադրությունը փաստերով ամրագրելու համար, հոդվածագիրը խոսում է հայերի նկատմամբ Կովկասի մուսուլմանների բարյացակամ վերաբերմունքի մասին, հիշատակելով տեղացի հայերի ու մահմեդականների միջեւ երկար տարիների ընթացքում լարվածության ու թշնամանքի բացակայությունը, հատկապես հաշվի առնելով հայերի ու մուսուլմանների միջեւ քիրվայական կապն ու հայերի մասնակցությունը մուսուլման երեխաների թլպատման արարողություններին, ինչը հիմք է տվել հեղինակին ենթադրելու, որ Ադրբեջանի կառավարությունը կընդառաջի հայերի ցանկությանը:


Գրիգոր Առաքելյան

Commentaires


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page