top of page

Զարմա՜նք... Հրա՜շք... Մի՞թե նույն Օթելլոն է, նույն Շեքսպիրն է գրել...

  • 23 февр. 2020 г.
  • 2 мин. чтения



Որքան էլ կարդանք, որքան էլ լսենք, որքան էլ տեսել ենք Վահրամ Փափազյանի հրաշքը, միևնույնն է, սովորական բառերով չենք կարող արտահայտել այն, ինչ ապրել ենք այդ արտիստին բեմին տեսնելով: Վահրամ Փափազյանը մի հսկա ժայռ էր, որ ապրեց, ստեղծագործեց և իր հետևից այնպիսի հետագիծ թողեց, որ ինքան էլ ցանկանանք հասնել գագաթին, չենք կարող: Թե՛ նրա գրքերը՝ «Իմ Լիրը», «Իմ Օթելլոն», «Իմ Համլետը», «Հետադարձ հայացք», թե՛ խորացումները նրա արվեստի մասին շատ մեծ դպրոց են: Տեսնելով նրան բեմում՝ միշտ մտածել եմ, թե արդյոք կարող ենք գտնել մի դերասանի, որը համեմատելի լինի նրա հետ, ինչպե՞ս իմանանք, թե որտեղի՞ց է սնվում Փափազյանի արվեստը, իրո՞ք ինքնատիպ է նա անկրկնելի լինելու չափ: Անշուշտ, երիտասարդները փորձում էին կրկնել նրան, բայց դրանք սոսկ տեխնիկական կրկնություններ էին՝ ձայնի, քայլվածքի նմանակում, բայց այն, ինչ անում էր Փափազյանը, նմանակել հնարավոր չէր: Եվ բոլորը միաբերան կանչում էին՝ ցուցադրական արվեստի դերասանը: Բայց մի՞թե այդպիսի ցուցադրում՝ այդքա՞ն խորը և այդքա՞ն հոգեհարազատ, այդքա՞ն բնական, որ հանդիսատեսը չզգա, թե դերասանը խաղում է տեխնիկայով...


Առիթ ունեցա լսելու Լուիզա Սամվելյանի ելույթը, որի ընթացքում ասաց. «Որպեսզի հասկանաք Վահրամ Փափազյանի ցուցադրական արվեստը, պետք է նայեք Լոուրենս Օլիվիեի խաղը»: Լոուրենս Օլիվիեն Անգլիայում, մենք՝ Երևանում. ինչպե՞ս պիտի կարողանայինք տեսնել...


Մեր բախտը բերեց: 1971 թե 72 թվականին Լոուրենս Օլիվիեն իր Օթելլոյով եկավ Մոսկվա: Համակուրսեցիներով շտապ մեկնեցինք Մոսկվա՝ դիտելու Օլիվիեի Օթելլոն:


Զարմա՜նք... Հրա՜շք... Մի՞թե նույն Օթելլոն է, նույն Շեքսպիրն է գրել: Նայում ես, մտովի համեմատում Փափազյանի Օթելլոյի հետ, բայց տեսնում ես՝ սա ուրիշ է, այստեղ ուրիշ է. ու ծայրը չէինք բռնում՝ ի՞նչը, ինչու՞... Հասկացանք, ի վերջո, որ Օլիվիեն տանում է դեպի վերամարմավորում, և զգացինք տարբերությունը Փափազյանի ցուցադրական արվեստի: Բայց միևնույն ժամանակ նրանք չէին տարբերվում միմյանցից. երկուսն էլ՝ բարձր, երկուսն էլ՝ հուզական և երկուսն էլ հանդիսատեսին տանում էին իրենց ետևից, բայց դեպի տարբեր դպրոցներ:

Աչքիս առաջ է գալիս Փափազյանի խաղացած թաշկինակի հատվածը. նայում ես Օլիվիեին, չես կարողանում կենտրոնանալ. Օլիվիեն նույն հատվածը խաղում է մի չտեսնված բարձր մակարդակով: Փափազյանի ձեռքն աշխատում է աճպարարի ձեռքի ճկունությամբ, Օլիվիեի խաղի ժամանակ զգում ես թաշկինակի գոյությունը, թաշկինակի մեջ՝ նրա վիրավոր, խանդոտ սիրտը, որ գրգռվում է, փշրվում, պատռվում ու դառնում թաշկինակ: Փափազյանն այդ հատվածը տանում է ինչպես մի աճպարար ու թաշկինակը դարձնում կերպար. տեսնում էիր այդ թաշկինակը, երբ նրա խոցված սրտից դուրս էր գալիս՝ «Իսկ ու՜ր է, ու՜ր է իմ թաշկինակը, այն թաշկինակը, որ նվիրել էր մայրս»...


Արվեստի երկու բարձրակետեր, երկու դպրոցներ՝ վերապրման ու ցուցադրման:

Մի առիթով Հրաչյա Ներսիսյանն ասել է. «Ես սիրով վերամարմնավորման դերասան եմ և սիրով գնում եմ խաղալու իմ ուզած դերը: Բայց այդ դերը մեկ անգամ կարող եմ այդպես խաղալ. հո չե՞ք ուզում, որ մեռնեմ: Ես ամեն անգամ վերամարմնավորման գնալիս կորցնում եմ իմ կյանքի կեսից ավելին»: Եվ մենք հասկացանք, թե ինչպես էր տանջվում Լոուրենս Օլիվիեն, և ինչպիսի հպարտ կեցվածքով էր դուրս գալիս Վահրամ Փափազյանը՝ ցուցադրելու իր գեղեցիկ արվեստը: Բայց մինչ նա վերամարմնավորում չապրեր, չէր կարող ցուցադրել իր արվեստը. դա գալիս էր ներքին աշխարհից: Երբ ընթերցում ենք նրա գրքերը, տեսնում ենք, որ խոսում է վերամարմնավորման մասին: Բայց ինչպիսի՜ տեխնիկայով էր ներկայացնում այդ ամենը. անքննելի էր...


Սա հրաշք էր, որը մարմնավորեցին երկու վիթխարի դերասաններ՝ Լոուրենս Օլիվիեն և Վահրամ Փափազյանը, որոնք կմնան պատմության մեջ:

ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page