top of page

Զգուշացում ադրբեջանցիներին

  • YO
  • 6 мая 2020 г.
  • 2 мин. чтения

06.05.2020, ԵՐԵՎԱՆ

Ադրբեջանի նախկին արտգործնախարար, ներկայում արցախյան կարգավորման գործընթացում փորձագիտական դիտարկումներով աշխուժացած Թոֆիկ Զուլֆուղարովը, անդրադառնալով կարգավորման գործընթացի ներկայիս իրադրությանը, մասնավորապես Լավրովի վերջին հայտարարության համատեքստում, արձանագրել է Ադրբեջանի համար դիվանագիտական փակուղին:


«Չէ որ համանախագահները ոչ մի բան չեն ասել այն մասին, որ Մնացականյանը ճիշտ չէ, կամ այն, որ նրանք որպես միջնորդ պատժամիջոց են կիրառում Հայաստանի հանդեպ: Դա չի հնչել: Ելնելով վերը շարադրվածից, ստացվում է, որ Սերգեյ Լավրովը ըստ էության պարզապես բարձրաձայնել է հայտարարություն, որը առիթ է դարձել, որ հայերը կոշտացնեն իրենց դիրքորոշումը: Ահա տեղի ունեցածի էությունը», հայտարարել է Զուլֆուղարովը:


Ադրբեջանի նախկին արտգործնախարարը տեւական ժամանակ է աչքի է ընկնում ադրբեջանական դիվանագիտության քննադատությամբ, թիրախավորելով արտգործնախարար Մամեդյարովին: Միաժամանակ, սակայն, Լավրովի հայտարարությունից հետո Մամեդյարովին թիրախավորողների շարքում Զուլֆուղարովը առաջինը չէր: Առաջինը Ալիեւին շրջապատող անձինք էին, նրա աշխատակազմից, խորհրդարանից:


Դա վկայում է, որ Բաքվում պատկերացնում են իրադրության քաղաքական համատեքստը: Զուլֆուղարովը պարզապես այդ ամենի մասին խոսում է ավելի բաց ու անկաշկանդ, պաշտոնական կարգավիճակի բացակայության պատճառով: Մյուս կողմից, նա նույնքան անկաշկանդ խոսում է նաեւ պատերազմ սկսելու անհրաժեշտության մասին, հայտարարելով, որ բանակցության միջոցով Ադրբեջանը չի հասնի ոչնչի:


Զուլֆուղարովը հայտարարում է, որ Ադրբեջանն ունի ռազմական առավելություն, ուժեղ բանակ, իսկ Հայաստանն էլ ՌԴ հետ ունի խնդիր, ըստ այդմ չի աշխատում անվտանգության ռուսական հովանոցը: Սակայն, նա անում է թերեւս էական մի արձանագրում: Նախկին արտգործնախարարը հայտարարում է, որ շատ կարեւոր է Ադրբեջանի հանրության գիտակցությանը հասցնել պատերազմի անխուսափելիությունը եւ այն, որ այս անգամ պատերազմը չի սահմանափակվելու Արցախով, այլ ներառելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ամբողջ տարածքը:


Ի՞նչ է ասում Զուլֆուղարովը: Թվում է, նա խոսում է դիվանագետի համար նույնիսկ ինչ որ առումով խորթ ռազմատենչ հռետորաբանությամբ: Խորքային առումով սակայն նա արձանագրում է, որ Ադրբեջանի պաշտոնական ռազմատենչության ֆոնին, Ադրբեջանի հանրությունը չի գիտակցում պատերազմի մասշտաբը, լինելով մոլորության մեջ, թե պատերազմը ընթանալու է օրինակ Բաքվից շատ հեռու՝ Արցախում, իսկ իրենք էլ ստանալու են պրոպագանդայի մատուցած «հաղթանակի» լուրերը:


Զուլֆուղարովը փաստացի ասում է, որ պատերազմը լինելու է ընդհուպ Բաքվում, Ադրբեջանի ամբողջ տարածքում: Այլ կերպ ասած, նախկին արտգործնախարարը արձանագրում է, որ պատերազմի մասին խոսելուց առաջ, կամ պատերազմի մասին իշխանության հռետորաբանությունը լսելուց հետո, ադրբեջանցիները պետք է մտածեն՝ պատրա՞ստ են դիմավորել պատերազմը իրենց տան շեմին:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Լրագրի մեկնաբան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page