top of page

Զելենսկին Վրաստանի դեսպանին 48 ժամ է տվել երկիրը լքելու և Սահակաշվիլիի առողջությամբ զբաղվելու համար

Վերջինս Ուկրաինայի քաղաքացի է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի դեսպանին 48 ժամ է տվել երկիրը լքելու և Թբիլիսիում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հարցով խորհրդակցություններ անցկացնելու համար:


«Այսօր արտգործնախարարությանը հանձնարարել եմ կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, հայտնել վճռական բողոք և նրան խնդրել 48 ժամվա ընթացքում լքել Ուկրաինան իր մայրաքաղաքի հետ խորհրդակցություններ անցկացնելու համար», - Թվիթերում երեկ ուշ երեկոյան գրել է նախագահ Զելենսկին։

Կիևի և Թբիլիսիի միջև հերթական դիվանագիտական լարվածության պատճառը Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող՝ Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակն է։ Երեկ Վրաստանի նախկին առաջնորդը փետրվարից ի վեր առաջին անգամ հրապարակային ելույթ է ունեցել ՝ 2007 թվականի խաղաղ ցույցը ցրելու գործով դատական նիստին։ Քաղաքական գործիչը դատավարությանը միացել է տեսակապով՝ հիվանդանոցից , որտեղ անցյալ տարվա մայիսից բուժում է ստանում ։ Նրա ծայրաստիճան հյուծված տեսքը կոշտ արձագանք է հարուցել ինչպես վրացական ընդդիմության, այնպես էլ Թբիլիսիի միջազգային գործընկերների շրջանում:


2021 թվականի հոկտեմբերից բանտում գտնվող ընդդիմադիր առաջնորդն իր առողջական խնդիրների մասին խոսելիս շապիկն է բարձրացրել և ցույց տվել աչք զարնող նիհարությունն ու դուրս ցցված կողոսկրերը։ Սաակաշվիլին երեկ էլ էր պնդում՝ հայրենիքում բանտարկված է Պուտինի հրամանով, Վրաստանի իշխանություններից պահանջելով ներողություն խնդրել իրենից, իր ընտանիքից, վրացիներից՝ «վրացական պետության հիմնադրին» նման վիճակի հասցնելու համար։


Վրացական իշխանությունները կտրականապես հերքում են Սաակաշվիլիի իրավունքների խախտման մասին մեղադրանքները՝ հավաստիացնելով, որ նախկին նախագահը ստանում է թե՛ անհրաժեշտ բուժում, թե՛ պատշաճ խնամք, և հրաժարվում են կատարել Սաակաշվիլիին արտերկիր ուղարկելու՝ նախկին նախագահի և նրա պաշտպանական թիմի պահանջը:

8-ամյա բացակայությունից հետո ժամանելով Վրաստան՝ Միխեիլ Սաակաշվիլին 2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է իր դեմ հարուցված մի շարք քրեական գործերի շրջանակում։ Նրա դեմ վրացական դատարանների կողմից կայացված և օրինական ուժ ստացած երկու դատավճիռ կա՝ թբիլիսցի բանկիր Սերգո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակման գործերով։ Միաժամանակ, Սաակաշվիլին մեղադրյալ է ևս մի քանի քրեական գործերով։ Մասնավորապես, նա ներգրավված է ֆինանսական յուրացումների, 2007 թվականին ընդդիմության ցուցը ցրելու , «Իմեդի» հեռուստաընկերության վրա հարձակման գործերում։ Վրաստանի նախկին նախագահը մեղադրանքները չի ընդունում:

Comments


Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page