24.08.2022
Մենք ահաբեկիչների հետ փոխըմբռնման չենք ձգտի, և միայն մեր հաղթանակը կլինի պատերազմի ավարտը, Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ իր շնորհավորանքում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ ուկրաինացիները միավորվել են, և կա նոր ազգ, որը հայտնվել է փետրվարի 24-ին, առավոտյան ժամը 4-ին։ Ոչ թե ծնվել, այլ վերածնվել, ընդգծել է նախագահը։ «Այն ազգը, որը չլացեց, չվախեցավ, չփախավ, չհանձնվեց»։ Նա ասել է, որ ոչ մի բանակցություն չի լինելու Ռուսաստանի հետ, մինչեւ նա զորքերը դուրս չբերի Ուկրաինայի տարածքից։
Ռուսաստանն Ուկրաինայի դեմ անում է նույնը, ինչ արել եւ անում է Հայաստանի դեմ՝ անկախ պետականության վերացում։ Ուկրաինայի դեմ պարզապես գործում է ուղիղ, իր դեմքով, Հայաստանի դեմ՝ թուրքերի թիկունքում քողարկված։ Թեեւ, օգոստոսի իրադարձություններից եւ Պուտին-Էրդողան պակտից հետո Ռուսաստանը հայտնվեց Հայաստանի հետ ուղիղ առճակատման դիրքում, եւ դա անխուսափելի էր։
Հայ ժողովուրդը նույնպես չփախավ եւ հերոսաբար 44 օր դիմակայեց ռուս-թուրքական ագրեսիային։ Հայ զինվորը ջարդեց Բաքվի ռազմական ողնաշարը, պատճառելով 20-25 հազար կորուստ, եւ հիմա պարզվում են շատ հանգամանքներ, որ նոյեմբերի 9-ի նախօրեին Բաքուն արդեն ի վիճակի չէր շարունակել լայնածավալ հարձակումը։
Այստեղ սկսում է տարբերությունը․ Ուկրաինայում նախեւառաջ չփախավ քաղաքական ղեկավարությունը, չնայած էվակուացիայի առաջարկներին։ Քաղաքական դաշտը եւ զլմ-ները նույնպես չփախան եւ լծվեցին Ուկրաինայի պաշտպանության գործին, ինչը կտրուկ փոխեց իրավիճակը եւ Ուկրաինայի դաշնակիցներին պարտադրեց համարժեք գործողություններ։
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հանձնվեց, ստորագրեց ռուսների պարտադրած թուղթը եւ կատարում է ռուս-թուրքական համաձայնությունները՝ բացառելով հայկական խնդիրների քննարկումը միջազգային լեգալ կառույցներում։ Հայկական քաղաքական դաշտի գերակշիռ՝ ռուսանպաստ «ընդդիմությունը» հավատարմություն հայտնեց այդ թղթին եւ իր քարոզչական ահռելի ռեսուրսով լծվեց Հայաստանի պետականության կազմալուծման ռուս-թուրքական ծրագրերին, ռուսների վրայից պատասխանատվությունը հանելու առաջադրանքով։ Ռուսական ագենտուրան եւ 5-րդ շարասյունը կար նաեւ Ուկրաինայում, որն արագորեն չեզոքացվեց թշնամուն դիմադրության հարցում քաղաքական կամք դրսեւորած իշխանության կողմից։
Զելենսկիի ուղերձը կրկնակի պատգամ է հայ ժողովրդին՝ չհանձնվել, չլացել, չփախչել, վերածնվել որպես ազգ եւ կռվել սեփական իրավունքների համար։ Ամեն մեկն իր տեղում՝ փաթեթով մերժելով ռուս-թուրքական պլաններն ու դրանց հավատարմություն հայտնածներին։ Այդ դեպքում կլինեն եւ դաշնակիցներ, եւ զենք, եւ այլ աջակցություն։