20.05.2023
Հայաստանի իշխանությունները շատ հստակ ասել են, որ օգնության եւ համագործակցության մասին խոսելուց առաջ Ռուսաստանը՝ որպես դաշնակցային գործընկեր, պարտավոր է հայտարարել, որ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ կիրառել է ագրեսիա, եւ որ Բաքուն պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից, քաղաքական գնահատական ենք պհանջում։ Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
«Երբ Ռուսաստանն այս մասով լռում է, ինձ մոտ անհանգստություն է առաջանում, որ նրանց ներկայությունը նոր սադրանքների առիթ կարող է տալ։ Մենք բազմաթիվ օրինակներ ունենք, որ երբ ռուս խաղաղապահները կամ սահմանապահները հետ են քաշվում, տեղում հայտնվում են ադրբեջանցիները։
Դիտարկմանը, որ եթե ՌԴ-ից դիտորդներ կան, դա կարող է սադրանքների առիթ դառնա՞լ, նա պատասխանեց. «Այո, որովհետեւ փաստեր ունենք: Որովհետեւ նրանք կարող են այդտեղից հետ քաշվել, կարող են փաստել տեղի ունեցածի հակառակը, հակառակը խոսեն:
Վստահությունն աստիճանաբար կորցնում ենք: Եթե մի տեղ պետք է կանգնած լինի ռուսական խաղաղապահը, ինքը հետ է քաշվում, տեղը ադրբեջանցի է հայտնվում եւ ինքը դա չի դատապարտում, լռում է, սա ի՞նչ է նշանակում: Անձամբ ինձ մոտ սա կասկածներ է հարուցում: Ես վստահ չեմ, որ իրենք անկեղծ են»,- ավելացրել է Խաչատրյանը։
Պատգամավորը Մոսկվայի հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի:
«Ի տարբերություն Արեւմուտքի, Մոսկվայի պարագայում մենք գործ ունենք միջնորդի հետ, որը որոշակի պարտավորություններ է վերցրել, ուստի ակնկալիքներն ավելի շատ են, մենք իրավունք ունենք պահանջելու հարգել իր պարտավորությունները: Արեւմուտքը պարտավորություններ չի ստանձնել, Արեւմուտքը հարթակ է տրամադրում, ասում է՝ երկխոսեք։
Երբ այսպես կոչված բնապահպան ակտիվիստները փակել էին Լաչինի միջանցքը, Լավրովն ասաց, որ միջանցքի բացումը օրերի հարց է։ Ես մտածում էի, որ հիմքեր ունի այդպես ասելու, բայց դրա փոխարեն անցակետ տեղադրվեց։ Նույն Լավրովը հիմա ասում է, որ անցակետը բացառվում է։ Ինձ անհասկանալի է Ռուսաստանի պահվածքը. չեն կարողանո՞ւմ, թե՞ չեն ցանկանում։ Մոսկվայի հանդիպման ժամանակ կերեւա՝ Ռուսաստանը վճռականություն կդրսեւորի՞, թե՞ ոչ։ Այդ առումով իմ ակնկալիքները շատ չեն»,- ասաց պատգամավորը։
Ադրբեջանի պահվածքը նա անվանել է ապակառուցողական։
«Ադրբեջանի զինված ուժերի կրակոցները սադրանք են եւ պայմանավորվածությունները շրջանցելու փորձ։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ խնդիրների քաղաքակիրթ մեթոդների որոնման հարցում»,- եզրափակել է Խաչատրյանը։